Լրահոս
Օրվա լրահոսը

«Թշնամություն եւ մարդասպանական բնազդներ բորբոքելը աբսուրդ է»

Հուլիս 21,2014 14:58

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների, երկու հասարակությունների
միջեւ շփումների նորմալացումն այլընտրանք չունի

Հուլիսի 18-ին կայացավ «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի hանրային ներկայացումը։ «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագիրն իրականացնում է Հայաստանի եւ Թուրքիայի ութ հասարակական կազմակերպություններից բաղկացած կոնսորցիումը՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Ծրագիրը սկսել է իրականացվել 2014թ. հունվարից: Երբ հայտարարվեց այդ ծրագրի մասին, համացանցում այն սկսեց քննարկվել ոչ միայն դրական լույսի ներքո՝ մարդիկ ուրախանում էին, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները հայ-թուրքական արձանագրությունների սառեցումից հետո շարունակում են զարգանալ, կանգ չեն առել, այլեւ բացասական լույսի ներքո՝ որոշ շրջանակներ համարեցին, որ Եվրամիությունը Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ ֆինանսավորում է ՀՀ-Թուրքիա հարաբերությունների նորմալացման ընթացքը, որպեսզի Ցեղասպանության հարցը մեծ ռեզոնանս չունենա, բոլորը մատնացույց անեն, թե՝ տեսեք, երկու երկրների քաղաքացիական հասարակությունները ինչ լավ հարաբերվում են, պետք չի խցկվել «մատի եւ մատանու արանքը»: Եղան անգամ մարդիկ, ովքեր կոչ արեցին «ազգի դավաճան» համարել բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն այս ծրագրով դրամաշնորհ ստանալ եւ նպաստել երկու հասարակությունների միջեւ հարաբերությունների նորմալացմանը:

Այս կապակցությամբ «Առավոտը» «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագիրն իրականացնող կոնսորցիումի ութ հասարակական կազմակերպություններից մեկի՝ «Եվրասիա» համագործակցության հիմնադրամի ղեկավար Գեւորգ Տեր-Գաբրիելյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս եք վերաբերվում նմանատիպ խոսակցություններին, թե «այս ի՛նչ եք համարձակվում անել Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ»:

Գ. Տեր-Գաբրիելյանը պատասխանեց. «Անձամբ ինձ համար այդ թիվը՝ 100, մեր կազմակերպության ռազմավարության առումով ոչինչ չի նշանակում. ո՞վ ասաց, որ 100-րդ տարելիցն ավելի կարեւոր է, քան 101-րդը կամ 97-րդը: Այդ թիվը եւ որեւէ թիվ լրիվ արհեստական, մարդու կողմից ստեղծված ինչ-որ բան է: Ես, մենք, մեր կազմակերպությունը տարելիցներով չենք աշխատում, մենք ամեն օր ենք աշխատում դրա վրա: Ինչ վերաբերում է այս ծրագրին, այն սկսվել է այս տարվա հունվարին, կավարտվի եկող տարի հունիսին, եւ էլի ոչ մի թվի հետ չի կապված, ոչ ոք առանձնահատուկ կիզակետ չի ընտրել այդ թիվը: Բայց, մյուս կողմից, բնականաբար, Ցեղասպանության 100-ամյակը լուրջ PR արժեք ունի, եւ դրա շուրջ ինչ-որ բաներ են կատարվում: Իսկ դա հնարավորություն է տալիս է՛լ ավելի ուժգնացնել մեր աշխատանքները: Այս ծրագիրը հնարավորություններ տվող ծրագիր է: Սրա շնորհիվ երկու երկրներից մարդիկ, որ լավ չգիտեին իրար, կարողանում են ճամփորդել, մասնակցել, միասին աշխատել, եւ դա խորացնում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունները, նոր հնարավորությունների դռներ բացում: Երբ մի քանի տարի առաջ ստեղծվեց Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմը՝ Սուսաննա Հարությունյանի եւ Հարություն Խաչատրյանի, ինչպես նաեւ «Անադոլու Քյուլթյուրի» ջանքերով, նրանք հատուկ ուզում էին, որ Հայաստանի եւ Թուրքիայի կինոգործիչները կենտրոնանան ոչ թե հայ-թուրքական հարցերի, հարաբերությունների վրա, այլ ուղղակի միասին ֆիլմեր նկարեն, կինոյի լեզվով իրենց կյանքը պատմեն եւ այլն: Բայց այնպես ստացվեց, որ այն հարյուրավոր գաղափարները, որ գալիս էին, եւ դրանց մի մասը վերջում սցենար դարձավ, դրանց առնվազն 70-80%-ը հայ-թուրքական հարաբերությունների մասին էին: Դա նշանակում է, որ երկրի ժողովուրդները իրե՛նք են ուզում այդ հարցը քննարկել, շոշափել, խորանալ դրանում: Արդեն երեսուն ֆիլմ է ստեղծվել այդ պլատֆորմի շրջանակներում՝ 10 րոպեանոց վավերագրական ֆիլմերից մինչեւ լիամետրաժ խաղարկային ֆիլմեր, եւ ինձ թվում է, որ այդ հինգ-վեց տարվա ընթացքում ստեղծված երեսուն ֆիլմերը շատ ավելի մեծ նշանակություն ունեցան ՀՀ-Թուրքիա հարաբերությունների, Ցեղասպանության ճանաչման, ընկալման վրա, քան շատ ու շատ միջոցառումներ, կոնֆերանսներ, երկխոսություններ եւ այլն: Այդ մարդիկ իրենք էին գալիս, ասում էին՝ ես իմացել եմ, որ իմ տատը հայ էր, ուզում եմ հետաքննել այդ պատմությունը, մեկ ուրիշը գալիս էր, թե՝ իմ պապը հայ էր, եւ նրա գերեզմանը չկա, ես ուզում եմ հասկանալ՝ որտե՞ղ է, ինչո՞ւ չկա եւ այլն, եւ այլն: Այսինքն՝ մարդիկ իրենք են հետազոտում իրենց անցյալը, եւ մեր ծրագիրը դրան օգնում է»:

«Առավոտը» նկատեց, որ այս ծրագրին ընդդիմացողները հենց դա՛ են ասում՝ կոչ են անում ընդհանրապես չշփվել թուրքերի հետ, չլավացնել հարաբերությունները, «մեզ մորթողների» հետ ոչ մի հարաբերություն չունենալ եւ այլն: Գ. Տեր-Գաբրիելյանն ասաց. «Ես, ճիշտն ասած, քիչ եմ այդպիսի միանշանակ կարծիք լսում, բայց դա ինձ համար անհեռատես մարդու կարծիք է: Դա նույնն է, որ ասես՝ փողոց դուրս չգամ, ինձ անպայման սպանելու են, եւ ոչ թե հանգիստ տեղաշարժվես ինչ-որ տեղից մյուս տեղը: Ազգամիջյան հարաբերությունները նույն մարդկային հարաբերություններն են: Ինքդ քո մեջ թշնամանք սերմանելը, բորբոքելը ոչ մի իմաստ չունի: Շատ մարդիկ տարբեր կերպ են նայում հարցերի առաջնայնությանը: Ոմանք համարում են, որ մինչեւ Ցեղասպանությունը չճանաչվի, չլինի փոխհատուցում, սահմանների հարցը չլուծվի եւ այլն՝ պետք չէ հարաբերությունները նորմալացնել, իսկ շատերն էլ, այդ թվում՝ մեր տարբեր սերունդների պետական քաղաքական գործիչներ, համարել եւ համարում են, որ պետք է այդ խնդիրները բաժանել իրարից՝ Հայաստան-Թուրքիա սահմանները՝ եւ իրական, եւ փոխաբերական իմաստներով, պետք է բացել եւ առանձին տանել Ցեղասպանության ճանաչման գիծը:

Առաջնայնությունները, հերթականությունը կարող են տարբեր լինել, բայց միանշանակ է մի բան՝ հրաժարվել երկխոսությունից եւ սերմանել թշնամություն եւ մարդասպանական բնազդներ առաջացնել, դա ուղղակի աբսուրդ է»:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031