Անաստաս Միկոյանի արձանը մեր մայրաքաղաքում տեղադրելու առիթով չափազանց մեծ ու չափազանց տհաճ աղմուկ բարձրացավ: Այսուհանդերձ, ընդհանուր առմամբ, բարձրացած աղմուկն ուսանելի էր` ոչ էնքան Միկոյանի ու նրա արձանի առումով, ինչքան` ինքներս մեզ ճանաչելու առումով: Միկոյանի առիթով երկու ծայրահեղ կարծիքներ բախվեցին իրար, և աղմուկն իսկապես աննախադեպ ու անսպասելի էր: Եվ աղմուկի հիմնական պատճառը, կարծում ենք, ոչ էնքան Միկոյանի անձն էր, ինչքան` վերջինիս հուշարձանի կապակցությամբ մեր մայրաքաղաքային պատգամավորների հանկարծակի, անսպասելի, դեկլարատիվ ու հապճեպ որոշումը, որը, փաստորեն, Միկոյանի անձի շուրջ բացասական կրքերի արթնացման առիթ ու պատճառ հանդիսացավ:
Ավելի տրամաբանական կլիներ, եթե մեր ավագանիներն այս օրերին հիշեին մեր կոմունիստական ժամանակների առաջնորդներից Կարեն Դեմիրճյանի մասին, որի հուշարձանի հուշաքարն արդեն տասնչորս տարի է` դրված է մեր մայրաքաղաքի Մաշտոցի պողոտայում, և տասնչորս տարի է` էդ հուշարձանը ոչ մի կերպ չի քանդակվում և չի տեղադրվում նախատեսված տեղում: Միթե մեկուկես տասնամյակում Հայաստանում չգտնվեց մի քանդակագործ, որն ի վիճակի լիներ մարմնավորել Կարեն Դեմիրճյանին, որը կոմունիստական շրջանի ղեկավարներից թերևս միակն էր, որ անկախության շրջանում ժողովրդի քվեին արժանացավ:
Ընդհակառակը. համոզված ենք, որ մեր ամենաշնորհալի քանդակագործներն իրենց պատկերացրած Կարեն Դեմիրճյանին կներկայացնեն, եթե վերջինիս հուշարձանի կապակցությամբ մրցույթ հայտարարվի: Կարծում ենք, Միկոյանի արձանի հարցից առաջ մեր ավագանիները պիտի այս մասին մտածեին:
Եվ վերջապես. մենք ավելի շատ խոսում ենք այն մասին, թե` ում արձանը կարելի է դնել, և ումը` ոչ, մինչդեռ հազվադեպ ենք խոսում մեր արձանների որակի ու գեղարվեստական մակարդակի մասին, որովհետև եթե լավ ու արժանավոր մարդկանց հիշատակին վատ ու անարժան արձաններ ենք դնում, դա ավելի վատ է, եթե նույնիսկ վատ ու անարժան մարդկանց արձանները դնենք: Եվ վատ ու անարժան ասելով ամենևին էլ Անաստաս Միկոյանին նկատի չունեմ, որովհետև իրականում էլ Անաստաս Միկոյանը պարզունակ ու հանրամատչելի անձնավորություն չի եղել: Եվ, համոզված եմ, եթե մեր մայրաքաղաքում դրվեր Միկոյանի մի էնպիսի արձան, որը մարմնավորեր նաև վերջինիս կերպարի բարդություններն ու հակասությունները, նույնիսկ Միկոյանի հակառակորդներն էդ արձանի (հուշարձանի) գոյության հետ կհամակերպվեին, որովհետև, իմ համեստ կարծիքով, ինչքան որ կարևոր է թե` ում արձանն ենք դնում, նույնքան և նույնիսկ ավելի կարևոր է թե` ինչպիսի՞ արձաններ ենք դնում, և, վերջապես, մեր դրած արձաններն իրենցից գեղարվեստական արժեք ներկայացնու՞մ են, թե` ոչ:
Կարդացեք նաև
Անկախության մեր էս շուրջ երկուսուկես տասնամյակների ընթացքում մեր մայրաքաղաքում տեղադրված արձաններից Առնո Բաբաջանյանինը թերևս միակն էր, որի շուրջ խոսակցություն առաջացավ. շատերը կտրականապես մերժում էին` պահանջելով հանել այն, բայց հավանողներ էլ կային, ու հիմա էլ կան, և, բարեբախտաբար, հավանողների մեջ էր նաև կոմպոզիտորի որդին, որի շնորհիվ էլ Առնո Բաբաջանյանի արձանը չտեղահանվեց և մնաց իր տեղում: Մյուս գրեթե բոլոր արձանները, որոնք վերջին երկուսուկես տասնամյակների ընթացքում խոյացել են մեր մայրաքաղաքում, իրավացիորեն անտարբերության են արժանացել, որովհետև իրենցից գեղարվեստական լուրջ արժեք չեն ներկայացնում` ի տարբերություն մեր նախկին ու փառահեղ արձանների (Սասունցի Դավիթ, Թամանյան, Նալբանդյան, Սարյան, Սայաթ-Նովա, Իսահակյան, Թումանյան, Սպենդիարյան և այլն), որոնք մեր մայրաքաղաքի զարդն ու անբաժանելի մասն են:
Այսինքն, մենք ոչ միայն պիտի մտածենք` ում արձանն ենք մեր մայրաքաղաքում դնում, այլև պիտի զուգահեռաբար մտածենք նաև` ինչ և ինչպիսի արձան ենք դնում: Դա նույնքան կարևոր է:
ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ