Սույն թվականի հունիսի 29-ից հուլիսի 02-ը Նիդերլանդների Մաաստրիխտ քաղաքում տեղի է ունեցել Օրհուսի կոնվենցիայի Կողմ երկրների հինգերորդ հանդիպումը, որի ընթացքում քննվել են Հայաստանի կառավարության կողմից Օրհուսի կոնվենցիայի ձախողման և դրա համար պատասխանատվության հարցերը: Կողմերի հանդիպման ընթացքում հաստատվել է Համապատասխանության կոմիտեի որոշումն այն մասին, որ Թեղուտի հանքավայրի շահագործման օրինականությունը վիճարկող հայցով հասարակական միավորումներին դատարան դիմելու իրավունքից զրկելով՝ Հայաստանի կառավարությունը խախտել է Օրհուսի կոնվենցիայով ամրագրված՝ հանրային շահերի պաշտպանության հայցով հասարակական միավորումների դատարան դիմելու իրավունքը:
Սա Հայաստանի կառավարության կողմից իր միջազգային պարտավորությունները ձախողելու վերաբերյալ երրորդ որոշումն է, ինչը նշանակում է, որ Ղազախստանի ու Թուրքմենստանի հետ միասին Հայաստանը հայտնվել է Օրհուսի կոնվենցիայի նույն դրույթները պարբերաբար ձախողած երկրների շարքում: Այս որոշմամբ իրավաբանորեն ամրագրվել է շահագրգիռ հանրության իրավունքը՝ ինչպես Թեղուտի, այնպես էլ շրջակա միջավայրին առնչվող այլ անօրինական նախագծերը դադարեցնելու հայցով դիմելու դատարան:
Հանդիպմանը մասնակցած՝ Հայաստանի բնապահպանական հարցերով շահագրգիռ հանրության և մասնավորապես՝ Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության անդամ Արթուր Գրիգորյանը հնչեցրել է ավելի քան 50 տեղական և միջազգային հասարակական կազմակերպությունների, Ազգային ժողովի պատգամավորների և այլ անհատների առաջարկը՝ Հայաստանի կառավարության նկատմամբ պատասխանատվության անհատական միջոցներ կիրառելու վերաբերյալ, որոնց միջոցով Հայաստանի հանրությունը հնարավորություն կստանա կասեցնել բնապահպանական, կայուն զարգացման և այլ նպատակների անվան տակ միջազգային կառույցներից Հայաստանի կառավարությանը տրվող և վատնվող ֆինանսական միջոցները, քանի դեռ կառավարությունը չի կատարել Օրհուսի կոնվենցիայի պահանջները: Նշված առաջարկությունը հետաքրքրել է մասնակիցներին: Համապատասխանության կոմիտեի նախագահի Ջոնաս Էբեսսոնը խնդրել է առաջարկը գրավոր ուղարկել և հրավիրել է մասնակցելու Ժնևում կայանալիք Համապատասխանության կոմիտեի առաջիկա նիստին՝ մոտեցումը ավելի մանրակրկիտ քննարկելու համար:
Առաջիկայում նախատեսվում է լայն հասարակական-քաղաքական համագործակցության միջոցով ավելացնել ճնշումը և հանրային վերահսկողությունը Հայաստանի կառավարության ֆինանսական հոսքերի, այդ թվում՝ Համաշխարհային բանկի վարկերի օգտագործման արդյունավետության նկատմամբ, ընդհուպ մինչև դրանց կասեցում, քանի դեռ բնապահպանական օրենսդրությունն ու ժողովրդավար կառավարումը Հայաստանում տեղ չեն գտնում։