«Եվրոպայի անհատական առաջնությունում իմ խաղի որակից շատ գոհ եմ, իսկ արդյունքից (14-րդ տեղ)՝ ոչ այնքան, քանի որ կարող էի ավելի լավ արդյունք ցույց տալ: Ընթացքում նվազագույնը 1,5 միավոր կորցրեցի: Հաղթած դիրքեր եղան, որոնցում չհաղթեցի: Նույնիսկ մեկում պարտվեցի: Այդուհանդերձ, նվազագույն առաջադրանքս կատարեցի՝ մտա 14 առաջատարների մեջ եւ կանանց աշխարհի առաջնության ուղեգիր ձեռք բերեցի», – Aravot.am-ին ասաց Հայաստանի լավագույն շախմատիստուհի, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը:
Էլինան դժվարացավ գնահատական տալ Պլովդիվում իր ընկերուհիների՝ Լիլիթ Մկրտչյանի, Մարիա Կուրսովայի, Լիլիթ Գալոյանի եւ Շուշաննա Սարգսյանի մրցելույթներին, քանի որ չի հասցրել հանգամանալից ծանոթանալ խաղացված պարտիաներին: Խոսեց միայն Լիլիթ Մկրտչյանի մասին՝ ասելով. «Թեեւ Լիլիթը գրավեց 16-րդ տեղը, բայց դժվար թե գոհ լինի, որովհետեւ մի փոքր չբավականացրեց աշխարհի առաջնության համար»:
Այսօր մեր կանանց հավաքականը ուսումնամարզական հավաքի է մեկնում Աղվերան: «Մինչեւ հուլիսի վերջ նախապատրաստվելու ենք օգոստոսի 1-ին Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում մեկնարկող շախմատի համաշխարհային օլիմպիադային: Ինչպե՞ս այն կդասավորվի, դժվար է ասել: Շատ բարդ է լինելու: Նախորդ օլիմպիադայում մենք բաժանել ենք 5-6-րդ տեղերը: Նորվեգիայում ինձնից ինչ կախված է, կաշխատեմ անել», – եզրափակեց Էլինա Դանիելյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ