Կապանի բնակիչները եւս էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման որոշմանը քննադատաբար են մոտեցել` պնդելով, որ ներկայիս պայմաններում էներգիայի վարձավճարի թանկացումը բացասաբար կանդրադառնա մարզկենտրոնի բնակիչների սոցիալական վիճակի վրա: Իսկ մեր այն հարցին, թե այսօրվա դժվարին պայմաններում ապրող բնակիչները ինչպե՞ս պետք է վճարեն էներգիայի վարձավճարը եւ ընդհանրապես ի՞նչ կարծիք ունի այս որոշման մասին, Կապանի եւ Մեղրու տարածաշրջաններն ընդգրկող թիվ 38 ընտրատարածքից ընտրված ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Կարապետյանը նշեց, որ սակագնի բարձրացումն անխուսափելի էր, իսկ սոցիալապես անապահով 105 հազար ընտանիքի էլ պետությունը կարող է աջակցել:
«Եթե մենք գազից էլեկտրաէներգիա ենք ստանում, միշտ այսպիսի խնդրի առաջ ենք կանգնելու: Ատոմակայանի աշխատանքները պետք է դադարեցվեին վերանորոգման համար, սակայն նախատեսվածից 88 օր ավել է կանգնել, էժան էլեկտրաէներգիա չեն կարողացել գնել եւ լուրջ խնդիրներ է առաջացրել Հայաստանի էլեկտրական ցանցերում, ջերմաէլեկտրակայաններում եւ էլեկտրաէներգիա իրացնող եւ սպառող կազմակերպություններում: Համապատասխան հանձնաժողովը, կարծում եմ, սակագների բարձրացման վերաբերյալ հիմքեր է ներկայացրել, բայց կառավարությունը միեւնույն ժամանակ որոշում է կայացրել 105 հազար ընտանիքի օգնել, որպեսզի այդ ընտանիքները դժվարությունների չբախվեն», – նշեց Արմեն Կարապետյանը:
Պատգամավորի խոսքով` ստեղծված իրավիճակներից խուսափելու համար պետությունը պետք է էլեկտրաէներգիա ստանալու այլընտրանքային եղանակներին դիմի եւ այդ ուղղությունները զարգացնի Հայաստանում:
«Մենք պետք է ավելացնենք հիդրոէլեկտրակայանների թիվը, թեկուզ փոքր ՀԷԿ-եր շատ կառուցեն, իսկ կառուցողներին էլ խրախուսեն: Պետությունն այլընտրանքային էլեկտրաէներգիա ստանալու նոր տեխնոլոգիաները պետք է հնարավորինս շատ օգտագործի, թեկուզ արեւի, քամու էներգիան օգտագործի: Կարծում եմ, կառավարությունը պետք է մեր տնտեսությունն ուղղորդի այս ուղղությամբ, որ մենք կարողանանք գազից ստացված էլեկտրաէներգիան կոմպենսացնել, սակագինը պահպանել, այլ կերպ հնարավոր չի, որովհետեւ գազի գներն անընդհատ բարձրանալով հնարավոր է նաեւ հետագայում առնչվենք նմանատիպ խնդիրների»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը եւ հավելեց, որ ատոմակայանն իր գործունեությունը դեռ երկար կդադարեցնի, իսկ նոր ատոմակայան կառուցելու հարցն էլ դեռ մոտ ապագայում տեսանելի չէ:
Կարդացեք նաև
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ