Այսօր շախմատի միջազգային օրն է:
Մասնագիտական տոնի առիթով Երեւանի «Փյունիկ» նորաստեղծ շախմատային թիմը մետրոյի «Երիտասարդական» կայարանի հարակից այգում հետաքրքիր միջոցառում էր կազմակերպել, որում հանրապետության լավագույն երիտասարդ գրոսմայստերները նախ միմյանց շնորհավորեցին մասնագիտական տոնի առթիվ, ապա՝ մեկական պարտիա խաղացին սկսնակների եւ, պարզապես, շախմատասերների հետ:
Հայաստանի շախմատային ֆեդերացիայի փոխնախագահ, ՖԻԴԵ-ի վարպետ Հովիկ Խալիկյանն Aravot.am-ին ասաց, որ հանրապետության առաջատար երիտասարդ գրոսմայստերները՝ Էլինա Դանիելյանը (Էլինան Լիլիթ Մկրտչյանի, Մարիա Կուրսովայի, Լիլիթ Գալոյանի եւ Շուշաննա Սարգսյանի հետ այս գիշեր է վերադարձել կանանց Եվրոպայի անհատական առաջնությունից: Ա. Հ.), Զավեն Անդրեասյանը, Ավետիք Գրիգորյանը եւ մյուսները, որոնք Հայաստանի մարզական դրոշի պատիվը հաջող են պաշտպանում միջազգային մրցաշարերում, սիրով համաձայնել են մասնակցել այս նախաձեռնությանը: «Միաժամանակյա խաղի սեանսները մի տեսակ հնացել են: Սա նոր ձեւաչափ է, որում սկսնակ շախմատիստները եւ շախմատասերները գրոսմայստերների հետ մեկական պարտիա խաղալու հնարավորություն են ստանում: Հավատացած եմ, որ այս օրը նրանց հիշողությունից չի ջնջվի»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև