Ավարտվեց երևանյան մեկշաբաթյա կինոտոնը՝ «Ոսկե ծիրան» 11-րդ միջազգային փառատոնը:
Երեկ՝ հուլիսի 19-ին, Ալ. Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում փառատոնի փակման հանդիսավոր արարողության շրջանակներում մրցատյանը հայտարարեց մրցանակակիր ֆիլմերի անունները:
Հիշեցնենք, որ «Ոսկե ծիրան»-ի «Միջազգային խաղարկային կինո» անվանակարգում գլխավոր մրցանակն այս տարի ստացել է Միրոսլավ Սլաբոշպիցկու «Ցեղը» ֆիլմը, «Միջազգային վավերագրական կինո» անվանակարգում՝ Ջիովաննի Դոնֆրանչեսկոյի «Քարե գետը», «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում՝ Օմար Ռոբերտ Համիլթոնի «Թեև գիտեմ, որ գետը չորացել է» ֆիլմը: «Հայկական համայնապատկեր» ծրագրում առաջին մրցանակն ստացել են Ջիվան Ավետիսյանի «Թևանիկ»-ը՝ որպես լավագույն լիամետրաժ խաղարկային ֆիլմ և Վահրամ Մխիթարյանի «Կաթնեղբայր»-ը՝ որպես լավագույն կարճամետրաժ խաղարկային ֆիլմ: Մի շարք ֆիլմեր էլ արժանացել են խրախուսական և հատուկ մրցանակների ու պատվոգրերի:
Մրցատյանը, ընդհանուր առմամբ, շատ գոհ է այս տարվա ծրագրից:
Կարդացեք նաև
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասացին իրենք՝ մրցատյանի անդամներ Ժան Քրիստոֆ Ֆեռարին, Վիկտորյա Բելոպոլսկայան, Տեո Պեպորտեն, Մարիա Սահակյանը, որոնք իրենց ուրախությունն ու երախտագիտությունը հայտնեցին Հայաստանում գտնվելու և փառատոնին մասնակցելու համար, որը, նրանց խոսքով, մեծ իրադարձություն էր իրենց կյանքում:
«Ես հասկացա, որ փառատոնը էներգետիկ յուրահատուկ ուժ ունի, որը դեպի իրեն է ձգում արվեստասերներին, առաջընթացը գնահատող մարդկանց»,- ասաց փառատոնի հիմնադիր տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը և ուրախությամբ ընդգծեց, որ մեր ֆիլմերն սկսել են ուշադրության արժանանալ արտասահմանցի կինոռեժիսորների և մյուս հյուրերի կողմից. «Արդեն նախորդ տարվանից հայկական ֆիլմերը տարբեր կինոփառատոների մասնակցության հրավերներ են ստանում, ինչը «Ոսկե ծիրանի» գլխավոր նպատակներից մեկն է»,- իր խոսքում նշեց պարոն Խաչատրյանը:
Մրցատյանի անդամներից Վիկտորյա Բելոպոլսկայային հատկապես գրավել է ծրագրում ընդգրկված ֆիլմերի բազմազանությունը, իսկ Տեո Պեպորտեն ասում է, որ իրեն՝ որպես եվրոպացու, շատ էր հետաքրքրում մեր տարածաշրջանի ֆիլմերին ծանոթանալը. «Շատ լավ ֆիլմեր կային, և ես կցանկանայի, որ դրանց թեկուզ մի մասը ցուցադրվեր նաև Եվրոպայում»,- ասաց Տ. Պեպորտեն:
Ժան Քրիստոֆ Ֆեռարին էլ գտնում է, որ հայ ժողովուրդն ու հայ ռեժիսորները շատ ուժեղ և հետաքրքիր պատմություններ ունեն պատմելու և կարծում է, որ աշխարհն այդ պատմությունները պետք է լսի. «Ես հուսով եմ, որ հայկական կինոն գնալով ավելի կզարգանա, և մոտ ապագայում հայկական շատ ուժեղ ֆիլմեր կցուցադրվեն նաև Փարիզում»,- հավելեց Ժ. Ք. Ֆեռարին:
Մարիա Սահակյանն էլ հպարտությամբ ընդգծեց, որ հայ կինոյի տարեցտարի աճն ակնհայտ է, և այստեղ չենք կարող նկատի չառնել «Ոսկե ծիրանի» մեծ դերը. «Եթե, օրինակ, նախորդ տարիներին իսկապես դժվար էր հայկական այնպիսի ֆիլմ ընտրել, որը մրցունակ և արժանի կլիներ որևէ մրցանակի, ապա այս տարի մեծ ուրախությամբ փաստում ենք, որ հայ կինոն զգալիորեն աճել է արժանի է մրցանակային տեղերի»,- նշեց Մ. Սահակյանը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ