«Ոսկե ծիրան» 11-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում ցուցադրվեցին չինացի անվանի ռեժիսոր Ցզյա Չժանկեի յոթ ֆիլմերը՝ «Նատյուրմորտ», «Գրպանահատը», «Բեմահարթակ», «Աշխարհը», «Քաղաք 24», «Հասարակական վայրեր», «Կուզեի իմանալ»:
Ռեժիսորն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ շատ ուրախ է Հայաստանում գտնվելու և իր ֆիլմերը հայ հանդիսատեսին ներկայացնելու համար:
Նա ափսոսանքով նշեց, որ ավելի վաղ չի մասնակցել «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին. «Առաջին անգամ «Ոսկե ծիրանի» մասին չորս տարի առաջ եմ լսել, երբ ինձ զանգահարեցին և հրավիրեցին մասնակցելու փառատոնին, բայց, ցավոք, այդ ժամանակ ինձ չհաջողվեց գալ Հայաստան»,- ասաց Ց. Չժանկեն:
Չինական կինոյի վեցերորդ սերնդի ռեժիսորն ասում է, որ երբեք չի մտածել, թե, օրինակ, ինչի մասին չի կարելի կամ պետք չէ ֆիլմ նկարահանել, երբևէ չի մտածել՝ կա՞ն արդյոք այնպիսի թեմաներ, որոնց չէր ցանկանա անդրադառնալ, որովհետև միշտ մտածել է, թե ինչի մասին է ուզո´ւմ նկարել. «Եվ գնալով հետաքրքրություններիս շրջանակը լայնանում է,- ասում է կինոռեժիսորը,- օրինակ՝ երբեք մտքովս չէր անցել, որ կարող եմ պատմական ֆիլմ նկարահանել, բայց շուտով կունենամ այդպիսի մի ֆիլմ: Մտքովս նաև չէր անցել, որ ֆիլմ կնկարահանեմ ապագայի մասին, բայց այս տարվա նոյեմբերից արդեն կսկսվեն «Լեռները կարող են բաժանվել» խորագրով ֆիլմիս նկարահանման աշխատանքները, որն ապագայի մասին է»:
Փակագծերը փոքր-ինչ բացելով՝ ռեժիսորն ասաց, որ նոր ֆիլմը, որը կնկարահանվի Ավստրալիայում, մոր և որդու պատմություն է: Մայրը բաժանվում է իր 8-ամյա երեխայից և գնում Ավստրալիա: Նրանք հանդիպում են միայն 2025 թվականին, երբ որդին արդեն 19 տարեկան է…
Կարդացեք նաև
Ց. Չժանկեն անդրադարձավ նաև չինական ժամանակակից ֆիլմարտադրությանը և հայտնեց, որ միայն անցյալ տարի Չինաստանում 800 ֆիլմ է նկարահանվել. «Սա լավ է այն առումով, որ գործատուները մեծ ներդրումներ են անում, և ռեժիսորները ֆիլմ նկարահանելու հնարավորություն են ստանում, բայց վատ է այն առումով, որ այդ ֆիլմերը ֆինանսավորողները ցանկանում են, որ դրանք նման լինեն հոլիվուդյան ֆիլմերին»,- ասաց ռեժիսորը՝ ցավով նկատելով, որ այդպիսով հոլիվուդյան ուղղվածություն չունեցող ֆիլմերը գնալով պակասում են:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ