ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գագիկ Ավետիսյանի նախագահությամբ, դատավորներ Եվա Դարբինյանի եւ Սերգեյ Չիչոյանի մասնակցությամբ հուլիսի 23-ին կսկսվի տասներկու տարվա ազատազրկման դատապարտված, քրեակատարողական հիմնարկների վարչության նախկին պետ Սամվել Հովհաննիսյանի, նրա պաշտպան Վահագն Մարտիրոսյանի բողոքի քննությունը:
Նրանք բողոքում են Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատավճռի դեմ:
Հիշեցնենք, որ 2013 թ. փետրվարի 13-ին Սամվել Թելմանի Հովհաննիսյանը որպես մեղադրյալ ներգրավվել է ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 38-35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով նախատեսված արարքների կատարման համար: Նա Լուսինե և Թելման Հովհաննիսյանների կողմից 2006 թվականին հիմնադրված և վերջինիս տնօրինությամբ գործող «Սամոշ» ՍՊ ընկերությունում չունենալով գործարքներ կնքելու, նյութական միջոցները տնօրինելու և այլ իրավունքներ, ինչպես նաև օրենքով նախատեսված լիազորություններ, տարբեր անձանց հետ նույն գույքի` նշված ընկերության կողմից Երևանի Մամիկոնյանց փողոցի 51/2 հասցեում կառուցվող բազմաբնակարանային շենքի երկու բնակարանների վերաբերյալ կնքել է կրկնակի գործարքներ և «խարդախությամբ` խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակել է այդ բնակարանների համար վճարված առանձնապես խոշոր չափերի գումարները»: Սամվել Հովհաննիսյանն ըստ գործի նյութերի, ՀՀ քաղաքացի Սամվել Մալխասյանին խոստացել էր վաճառել նշված շենքի թիվ 37 կիսակառույց բնակարանը, վերջինիս հետ 2009 թ. հուլիսի 10-ին կնքել է կառուցվող բնակելի համալիրում բնակելի մակերեսի առուվաճառքի նախնական պայմանագիր:Այն վավերացվել էր Արաբկիր նոտարական տարածքի նոտարի մոտ , որից հետո Սամվել Մալխասյանից ստացել և հափշտակել է առանձնապես խոշոր` 22.995.000 դրամի չափերով գումար, իսկ 2009թ. նոյեմբերի 12-ին նույն բնակարանը նոտարապես վավերացված առուվաճառքի նախնական պայմանագրով ձևակերպել է Երևանի բնակիչ Նունե Վազգենի Սարգսյանի անվամբ: Գործարքի դիմաց նա ստացել էր 25.310.285 ՀՀ դրամ:
Առաջին ատյանի դատարանը հաստատված էր համարել նաեւ Ս. Հովհաննիսյանի կողմից «Գորիս» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող դատապարտյալ Ջամալ Ռուստամի Սլոյանի սպանության նախապատրաստումը:Ըստ գործի նյութերի, նա համաձայնվել էր գտնել սպանության կատարող և միջնորդ հանդիսանալ վերջինիս ու պատվիրատուի միջև: 2012 թ. փետրվարին Հովհաննիսյանը դիմել էր նախկինում երկու անգամ դատապարտված Ռոբերտ Հովսեփի Տոնոյանին, առաջարկելով 10.000 ԱՄՆ դոլար վարձատրության դիմաց կազմակերպել և իրագործել Ջամալ Սլոյանի սպանությունը` վերջինիս «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ տեղափոխելու, նրան ուղարկվող թմրանյութը մահաբեր խտության աստիճանի հասցնելու և դրանով իսկ թունավորումն իրականացնելու եղանակով: Դրա հետ մեկտեղ Սամվել Հովհաննիսյանն առաջարկել է այդ գործին վարձատրության դիմաց ներգրավել նաև «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար պատիժը կրող դատապարտյալ Արթուր Ֆերդինանտի Խուրշուդյանին: Նախկին ՔԿՀ վարչության պետը չի ընդունել իրեն մեղսագրվածը:
Կարդացեք նաև
Սեփ.լր.