Ով ինչ ուզում է, թող ասի, իմ ընկալմամբ՝ «Ոսկե ծիրան» կինոփառատոնը կինոյի տոն է բերում Հայաստան, փառատոնի շնորհիվ ի թիվս այլ գեղեցիկ ավանդույթների, վերականգնվում է կինո գնալու ու մեծ էկրանին ֆիլմ դիտելու մշակույթը: Մեկ շաբաթ կինոյի մեծ «չափաբաժին» ենք ընդունում: Հրաշալի է կինոթատրոնում երիտասարդ կինոհանդիսատես տեսնելը, մարդիկ գալիս են զույգերով, ընտանիքներով, անգամ փոքր բալիկների հետ: Ու ֆիլմի ավարտին էլ, ի նշան գոհունակության, դահլիճը պայթում է ծափահարություններից: Մի բան էլ, ուրիշ որտե՞ղ սիմվոլիկ գումարով հնարավոր կլիներ չքնաղ ֆիլմեր նայել կամ անվճար մասնակցել կինոյի աստղերի վարպետաց դասերին: Ի միջիայլոց, օտարերկրացի կինոգործիչներն էլ են փաստում, որ նման փառատոն կազմակերպելը հերոսական ջանքեր է պահանջում, նրանցից շատերը խոստովանում են, որ խոշոր տրամաչափի որոշ կինոդեմքերի մասին շատ էին լսել ու կարդացել, բայց միայն երեւանյան փառատոնի ժամանակ է հաջողվել նրանց հանդիպել:
«Ոսկե ծիրանը», անշուշտ, մեր երկրի բրենդներից (պատվանուններից) մեկն է, ցանկացած գործարարի կամ պաշտոնյայի համար պետք է պատիվ լինի այդ փառատոնին աջակցելը, այնպես որ աջակցողներին փառք ու պատիվ, նման մտադրություն ունեցողներին՝ ցանկությունն իրականացնելու կամեցողություն:
Մի դրվագ հիշեցի՝ մի քանի տարի առաջ վերադառնում էինք Արցախից, ճանապարհին իջել էինք ջուր խմելու: Մեկ էլ նկատեցինք, որ օտարերկրացիների խումբը տեսնելով «Ոսկե ծիրանի» հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանին՝ ոգեւորվել է: Նրանցից մեկն էլ ուրախությունից սկսեց բացականչել՝ Oh, mister apricot !!!! Անունն այդ պահին չէր հիշում, բայց փառատոնը լավ էր տպավորվել: Մի ժամանակ նման արտահայտություն կար՝ սերը սուտ է, սպորտով զբաղվեք: Հիմա իմ ասածն այն է՝ սպորտից բացի, մի քիչ էլ կինո սիրեք:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև