«Ես հարուստների ընտանիքում եմ ծնվել և միշտ ինձ վատ եմ զգացել, որ ամեն ինչ ունեմ մի երկրում, որտեղ շատերն աղքատ են»,- ասում է բրազիլացի երիտասարդ ռեժիսոր Ֆելիպի Բարբոսան: Նրա «Մեծ տունը» ֆիլմը ներկայացված է «Ոսկե ծիրան» 11-րդ միջազգային կինոփառատոնի «Միջազգային խաղարկային կինո» անվանակարգում և անդրադառնում է բրազիլական վերնախավի կյանքին: «Բրազիլիայում ռեժիսորները հիմնականում բարձր խավից են և իրենց ֆիլմերում միշտ ներկայացնում են աղքատների կյանքը: Իսկ ես ցանկացա ներկայացնել բարձր խավին, սակայն ավելի կոնֆլիկտային տեսանկյունից»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ֆ. Բարբոսան:
«Ես միշտ փորձել եմ հասկանալ, թե ինչու է մարդկանց համար այդքան կարևոր հարստությունը, ի՞նչ է տալիս դա նրանց, որովհետև, իրականում, հարուստ լինելով՝ դու ինքդ քեզ մեկուսացնում ես մյուսներից, նրանցից, որոնք նույնպես մեծ ցանկություններ ու խնդիրներ ունեն»,- ասում է երիտասարդ ռեժիսորը: Նրա բնորոշմամբ՝ իր ֆիլմը միաժամանակ և´ պարզ է, և´ բարդ: Պարզ է, որովհետև անդրադառնում է այնպիսի խնդիրների, որոնք որևէ բրազիլացու համար գաղտնիք չեն, և բարդ է, որովհետև ինքը փորձում է ընդամենը մեկ անհատի միջոցով ցույց տալ մի ողջ ազգի՝ բրազիլացիների խնդիրները: «Իրականում խնդիրները շատ-շատ են,- ասում է ռեժիսորը,- և ամենավատն այն է, որ այդ խնդիրներն առկա են նաև կարևորագույն ոլորտներից մեկում: Խոսքը կրթության մասին է, որը ոչ բոլորին է տրված: Օրինակ՝ միջին և ավագ դպրոցներում կրթությունը վճարովի է և շատ թանկ, այսինքն՝ կրթության հնարավորություն ունեն միայն հարուստները»:
Վերադառնալով ֆիլմին՝ Ֆ. Բարբոսան ասաց, որ դրա հիմքում նաև իր և իր ընտանիքի պատմությունն է ընկած. «Երբ ես Նյու Յորքում էի սովորում, հայրս սննկացման եզրին էր, իսկ ես այդ մասին ամենավերջինը իմացա,- ասում է ռեժիսորը,- և ֆիլմում ցույց եմ տալիս նաև, թե իմ պատկերացմամբ ինչպես կզարգանային իրադարձությունները, եթե ես նրա կողքին լինեի: Ինձ թվում է՝ շատ կարևոր էր, որ ես այդ ժամանակ նրա հետ լինեի»:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ