Վրացի ռեժիսոր Լևան Կոգուաշվիլու «Կույր ժամադրություններ» ֆիլմը ներկայացված է «Ոսկե ծիրան» 11-րդ միջազգային կինոփառատոնի «Միջազգային խաղարկային կինո» անվանակարգում:
Լ. Կոգուաշվիլին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ սա իր երկրորդ խաղարկային ֆիլմն է:
«Առաջին ֆիլմս՝ «Փողոցային օրեր»-ը «կորուսյալ սերնդի» մասին է: Սերունդ, որի ներկայացուցիչները տարբեր կերպ արձագանքեցին հետխորհրդային տարիների փոփոխություններին, իսկ որոշները չդիմացան դրանց և կործանվեցին: Այս ֆիլմում, օրինակ, հերոսը թմրամոլ է դառնում…
Ես ցանկանում եմ ցույց տալ այդ սերնդի խնդիրները, և ահա այդտեղից գաղափար առաջացավ նկարահանելու նաև «Կույր ժամադրություններ» ֆիլմը, որն արդեն մի փոքր այլ տեսանկյունից է բացում այս թեման»,- ասում է վրացի ռեժիսորը:
Կարդացեք նաև
«Կույր ժամադրություններ» ֆիլմի հերոսը՝ 40-ամյա Սանդրոն, թբիլիսցի ուսուցիչ է, որը դեռևս ապրում է ծնողների հետ: Մայրն անընդհատ համոզում է նրան ամուսնանալ, բայց Սանդրոյի բախտը կանանց հարցում չի բերում, և նա նույնպես միայնակ իր ընկերոջ հետ ծանոթությունների կայքերն է պրպտում: Հերթական անհաջող ժամադրությունից հետո Սանդրոն հանդիպում է վարսահարդար Մանանային և սիրահարվում նրան: Պարզվում է՝ Մանանան ամուսնացած է, և նրա ամուսին Թենգոն պիտի կալանքից ազատվի փորձաշրջանով: Սանդրոյի կույր ժամադրությունն ամուսնացած կնոջ հետ վերաճում է անհեթեթ սիրային պատմության:
Ռեժիսորն ասաց նաև, որ ֆիլմի բյուջեն շատ փոքր է եղել, և նույնիսկ աշխատակազմը չնչին, սիմվոլիկ վարձատրություն է ստացել. «Եթե մենք սպասեինք մինչև գումար լիներ, շատ ժամանակ կկորցնեինք,- ասում է ռեժիսորը,- իսկ ֆիլմը միշտ ուզում ես արագ նկարել, որովհետև անընդհատ նոր գաղափարներ են ծնվում, ու դու պիտի հասցնես դրանք իրագործել: Բացի այդ, ես մի բան եմ հասկացել. երբ սկսում եմ մտածել միայն ֆինանսավորման մասին, ոչինչ չի ստացվում, բայց երբ ինչ-որ հետաքրքիր գաղափարներ են առաջանում, չգիտես որտեղից, միանգամից գումար էլ է հայտնվում: Երբ հավատում ես արածիդ ազնվությանը, Աստված օգնում է»:
Հարցին, թե արվեստագետի ազգային պատկանելությունն արդյո՞ք ազդում է նրա արվեստի վրա, Լ. Կոգուաշվիլին պատասխանեց. «Նախորդ այցելությանս ժամանակ ես եղա Մարտիրոս Սարյանի թանգարանում և այնտեղ հասկացա, որ արվեստը ծառի նման է. արմատները հողում են՝ իրե´նց հողում, իսկ տերևները բոլորինն են: Այսինքն՝ դու սնվում ես քո հողից, որովհետև դու չես կարող պարզապես օդի մեջ աճել, քեզ արմատներ են պետք: Եվ ահա Սարյանի արմատները հայկական հողում են, իմը՝ վրացական, մեկ ուրիշինն էլ իր հողում են: Եվ հետաքրքրությունը հենց դրանում է»:
Լ. Կոգուաշվիլին անդրադարձավ նաև ռեժիսորի իր ձեռագրին: Ասաց, որ գրեթե բոլոր հարցերում ձգտում է հասնել պարզության և այս առումով կարևորում է հատկապես պարզ, երբեմն էլ պարզունակ երկխոսությունները. «Շատ լուրջ, խելացի երկխոսությունները ֆիլմի դեպքում «չեն աշխատում». դրանք ձանձրալի են դարձնում այն,- համոզված է ռեժիսորը,- իսկ ավելի թեթև, նույնիսկ հիմարավուն, անմիտ երկխոսություններն ավելի հետաքրքիր են դարձնում ֆիլմը: Ընդհանրապես, պարզությունը հանճարեղ բան է»:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ