Լրահոս
Օրվա լրահոսը

«Անծանոթի ոտքը տրորելով դերասանուհի դարձա»

Հուլիս 19,2014 18:08

«Ոսկե Ծիրան»    միջազգային 11-րդ կինոփառատոնը մոտենում է ավարտին,  կինոսերները շտապում են  հայտնի ռեժիսորների և դերասանների հետ վերջին հանդիպումներին, վարպետության դասերին ու կինոդիտումներին:

Այսօր «Նաիրի» կինոթատրոնում կայացավ վարպետության վերջին դաս-հանդիպումը՝ «ոսկեծիրանյան»   մթնոլորտում:  Հանդիպման հյուրն էր  արտասովոր ու յուրօրինակ  ձայնով ֆրանսիացի դերասանուհին՝ Աննա Մուգլալիսը, որը նկարահանվել է երկու տասնյակից ավելի ֆիլմերում: Կինոսերներին առավել ծանոթ է Կոկո Շանելի դերով՝ «Կոկո Շանել և Իգոր Ստրավինսկի»  ֆիլմից:

Երեսունվեցամյա դերասանուհին պատահաբար է մուտք գործել կինոաշխարհ. «Մի անգամ փողոցում քայլելիս հանկարծակի տրորեցի անծանոթ տղամարդու ոտքը: Ներողություն խնդրեցի անփութությանս համար, իսկ տղամարդը, լսելով ձայնս,  առաջարկեց  ինձ իր նախագծերից մեկում ձայն կարդալ: Այսպես էլ կամաց-կամաց  սկզբում թատրոնում հայտնվեցի, հետո արդեն՝  ֆիլմերում: Ինձ համար կարևոր են ազատությունս ու սեփական որոշումներս. փոքրուց շատ էին համոզում վիրահատել և փոխել ձայնս, բայց ես չէի ցանկանում վիրահատության դիմել:  Եվ հիմա նաև ձայնիս շնորհիվ է, որ ինձ հաջողվում  է լավ ու հիշվող դերասանուհի լինել»: Աննա Մուգլալիսը նշում է, որ   չնայած երկար տարիների փորձին, մինչև հիմա բեմ դուրս գալուց ու նկարահանումներից առաջ անասելի հուզվում է. «Մարմնովս մեկ սկսում եմ դողալ, նույնիսկ երբեմն անհանգստությունից սրտխառնոց եմ ունենում: Փորձում եմ  թատերական ներկայացումներին գալ բեմ բարձրանալուց տասը րոպե առաջ, որպեսզի չհասցնեմ շատ հուզվել: Հաճախ  վախը հաղթահարելուն օգնում է նաև մեկ բաժակ գինին: Ես նույնիսկ իմ սեփական ձևն եմ գտել. փորձում եմ  վախս փոխակերպել ոգեշնչանքի ու հանդիսատեսիս փոխանցել: Կարծում եմ՝  անհանգստությունից ու լարվածությունից ազատվելու լավ մեթոդ է, ինձ որ շատ է օգնում»:

Դերասանուհին  վարպետության դասի ընթացքում կիսվեց խորհուրդներով, խոսեց իր սիրելի ռեժիսորների մասին, պատասխանեց հյուրերի հարցերին: Աննա Մուգլալիսի  հարցազրույցներից՝ «Կոկո Շանել և Իգոր Ստրավինսկի»  ֆիլմի մասին.

Սյունե ՍԵւԱԴԱ

Լուսանկարը՝ forum.kinomania.ru-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031