Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղական սեխը եւ ձմերուկը հասել են՝ թունավորման դեպքերը կպակասեն. Մասնագետներ

Հուլիս 19,2014 16:56

«Ամռանը հաճախակի թունավորումներ են լինում: Որպես ինֆեկցիոնիստ ասեմ, որ դա կապված է նրա հետ, որ ամռանը ջրազրկումից խուսափելու, օրգանիզմի ջրային բալանսը պահպանելու եւ շոգին դիմանալու նպատակով մեծ քանակով ջուր ենք օգտագործում: Շատ ջուր խմելու դեպքում ստամոքսահյութը նոսրանում է, եւ այդ դեպքում տարբեր ինֆեկցիաներ ներթափանցում են մեր օրգանիզմ եւ տարբեր հիվանդություններ են առաջացնում»,-այսօր «Հայելի» մամուլի ակումբում ասաց Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը:

Պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե այսինքն ամռան սեզոնին բանջարեղենից, սեխից, ձմերուկից թունավորումները միայն նրանց մեջ առկա նիտրատների մեծ քանակության պատճառով չե՞ն լինում, տիկին Հակոբյանն ասաց, որ նախորդ ամիսների թունավորումները կապված էին նիտրատների բարձր քանակության հետ: «Շուտ վաճառելու նպատակով տարբեր հավելանյութեր էին տալիս, որոնցով էլ պայմանավորված էին թունավորումները»: Սակայն նա հավելեց, որ քանի որ արդեն տեղական սեխը եւ ձմերուկը հասել են, հանրությունը կարող է հանգիստ օգտագործել դրանք, քանի որ այլեւս թունավորման դեպքեր չեն գրանցվի:
«Հայաստանի սպառողների ազգային ակադեմիա իրավաբանական անձանց միության» նախագահ Միլետա Արիստակեսյանի խոսքով էլ՝ նիտրատներ միշտ էլ տալիս են. «Ցանկացած բանջարեղեն , եթե ուղղակիորեն թարմ բերել են շուկա, ուրեմն սիլիտրան դրանց մեջ բավականին շատ է: Երկար ժամանակ դրանց մեջ մնալուց 30 տոկոսը պակասում է, իսկ տուն բերելուց հետո, քանի որ նիտրատները ջրում լուծելի են, անհրաժեշտ է բանջարեղենը մոտ 15 րոպե դնել ջրում, որպեսզի նիտրատները դուրս գան»:

Մարքեթոլոգ Ռուբեն Հայթյանն էլ ասուլիսի ընթացքում անդրադառնալով պաղպաղակի հետ կապված խնդիրներին, նշեց, որ ամեն տարի էլ պաղպաղակից թունավորումներ են լինում: Նրա խոսքով՝ Հայաստանում գործարանային արտադրության պաղպաղակներն անվտանգ են. «Գործարանային արտադրության պաղպաղակները ամիսներով սառեցման պրոցեսից հետո պահպանվում են եւ դրանից հետո վաճառքի հանվում: Դա նորմալ երեւույթ է: Խորը սառեցված պաղպաղակի մեջ վտանգներ չկան»:

Ռուբեն Հայթյանը, սակայն, առանձնացրեց փողոցում պատրաստվող եւ վաճառվող պաղպաղակները, որոնք, նրա խոսքով, ճիշտ բաղադրատոմսով չեն պատրաստվում եւ որոշակի վտանգ են իրենցից ներկայացնում. «Եթե այդ պաղպաղակ պատրաստողները խառնուրդը ճիշտ օգտագործեն եւ պատրաստեն այն նույն բաղադրությամբ, ինչպես պատրաստում են գործարաններում՝ նույն որակով, նույն հումքից, ապա խնդիրներ չեն լինի»:

Պրն Հայթյանը վստահեցնում է, որ Երեւան քաղաքում դրսում պատրաստվող եւ իրացվող պաղպաղակի 90 տոկոսը չի համապատասխանում նշված ստանդարտներին եւ վտանգավոր է :

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031