Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում մի քանի օր էսթետիկ վիրահատություններ կիրականացնի իտալացի բժիշկ Ռուբեն Օդդենինոն

Հուլիս 19,2014 16:32

Հուլիսի 19-ից 25-ը Եվրոպական Էսթետիկ Վիրաբուժության Ասոցիացիայի նախագահ Ռուբեն Օդդենինոն Երեւանում կանցկացնի պլաստիկ էսթետիկ վիրահատություններ եւ անվճար խորհրդատվություն: Այս մասին այսօր «Զարկերակ» մամուլի ակումբում հայտնեց հենց ինքը՝ իտալացի բժիշկ Ռուբեն Օդդենինոն և պլաստիկ վիրաբույժ, «Ավանգարդ-Մեդ» բժշկական կենտրոնի հիմնադիր Գագիկ Ստամբոլցյանը:

Գագիկ Ստամբոլցյանը այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ Ռուբեն Օդդենինոյի նման մասնագետներն են, որ կկարողանան այն երիտասարդ վիրաբույժների համար վերապատրաստումներ իրականացնել, որոնք արտերկիր գնալու հնարավորություն չունեն, ծանոթացնել նորագույն տեխնոլոգիաներին եւ պլաստիկ վիրաբուժության նորություններին, որոնք արտասահմանում արագ են զարգանում:

Ռուբեն Օդդենինոն էլ, խոսելով Հայաստանում պլաստիկ վիրաբուժության զարգացվածության մակարդակից, նշեց, որ Հայաստանը այն երկիրն է, որը փոքր քայլերով այս ոլորտում առաջ է գնում. «Ինչպես գիտեք, էսթետիկ վիրաբուժությունը այն ճյուղն է, որը ներառում է իր մեջ ոչ միայն գիտությունը, այլ նաեւ արվեստը: Եվ եթե մարդ չունի արվեստի զգացողություն՝ չի կարող սովորել պլաստիկ վիրաբուժություն կատարել: Իսկ հայերը, այն ազգն են, որոնք ունեն այդ արվեստի զգացողությունը »:

Ռուբեն Օդդենինոյի խոսքով հայերը սիրում են էսթետիկ բժշկությունը. «Կարեւորը, որ նրանք հասկանում են, որ ոչ թե ցանկանում են փոխել դեմքը կամ մարմինը, այլ ուզում են շտկել»:

Իտալացի բժշկի խոսքով իրենց երկրում ավելի շատ կանայք կատարվում են կոպերի, կրծքի վիրահատություններ, եւ ճարպերի հեռացման վիրահատություններ. «Մինչդեռ տղամարդիկ, որոնք մինչ վիրահատության գալը իրենց պահում են գլադիատորի պես, իսկ վիրահատությունից առաջ պետք է նրանց հանգստացնել եւ շոյել, հիմնականում քիթն են վիրահատում»: Գագիկ Ստամբոլցյանն էլ նշեց, որ Հայաստանում ամենաշատ կատարվող պլաստիկ վիրահատություններից է քթի վիրահատությունը, հաճախացել են նաեւ լիպոսակցիաները, կրծքի պլաստիկ վիրահատությունները:

Համեմատականներ տանելով Հայաստանում եւ Իտալիայում ամենաէժան ՝ քթի պլաստիկ վիրահատության գների մեջ, պարզ դարձավ, որ եթե Իտալիայում քթի վիրահատությունը արժե միջինում 8500 Եվրո, ապա Հայաստանում այն արժե 400 հազարից 800 հազար դրամ:

Գագիկ Ստամբոլցյանը ասուլիսի ընթացքում անդրադարձավ Հայաստանում պլաստիկ վիրաբուժության ոլորտի խնդիրներին: Նրա խոսքով այս ոլորտի խնդիրները, առողջապահական ոլորտի խնդիրներից չեն տարբերվում. «Ես կարծում եմ, որ երկրի-սոցիալ-տնտեսական վիճակը ազդում է ինչպես պլաստիկ վիրաբուժության ոլորտի վրա, այնպես էլ մյուս առողջապահական ոլորտների վրա»: Գագիկ Ստամբոլցյանը վստահ է, որ պետք է հաշվի առնվեն զարգացման այն տեմպերը, որոնք այսօր ողջ աշխարհում կան. «Մեր առաջնային նպատակն է նպաստել ոլորտի առաջխաղացմանը՝ ե՛ւ տեխնոլոգիական առումով, ե՛ւ գիտելիքների ձեռքբերման առումով»:

Գագիկ Ստամբոլցյանը նշեց, որ Հայաստանում կա բավականին լավ եւ զարգացած պլաստիկ վիրաբուժության ասոցիացիա, որն ակտիվորեն գործում է, սակայն չժխտեց, որ կան որոշակի խնդիրներ. «Իմ համոզմամբ, այսօր հասունացել է այն պահը, որ ասոցիացիաները առողջապահական համակարգում, տվյալ մասնագիտության մեջ ունենան որոշակի դեր, այսինքն` նախարարությունը որոշակի գործառույթներ փոխանցի ասոցիացիաներ՝ դրանք զարգացնելու նպատակով, հակառակ դեպքում դրանք կմնան թղթի վրայի ասոցիացիաներ»:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hakob says:

    ողբամ վիճակտ, հայ էլիտա… շրթունքերիդ բարձրացումով սկսել է իտալացին հետաքրքրվել

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031