Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Մենք հավաքվել ենք համախմբված ոչ ասելու էլէներգիայի թանկացմանը. Արթուր Բաղդասարյանի ելույթն` ամբողջությամբ (մաս 2-րդ)

Հուլիս 19,2014 16:24

ՕԵԿ-ի պաշտոնական կայքում հրապարակվածէ Արթուր Բաղդասարյանի երեկվա հանրաքավաքի ելույթի երկրորդ մասը, որը ներկայացված է ներքեւում.

Սիրելի հայրենակիցներ, այժմ 2 խոսք Հայաստանում ստեղծված իրավիճակի և մեր կողմից առաջարկվող ելքերի մասին:

Առաջին` քաղաքական իրավիճակը Հայաստանում իսկապես ծայր աստիճան մտահոգիչ է: Գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր քաղաքական իշխանություն ամուր է, եթե այն բազմաբևեռ է, կոալիցիոն, ավելի շատ քաղաքական ուժեր ներառող , ինչը նշանակում է ավելի ուժեղ, ավելի բալանսավորված և ի վերջո ավելի մեծ հանրային և քաղաքական վստահություն ունեցող իշխանություն:Այսօրվա քաղաքական իշխանությունը Հայաստանում միահեծան է, միակուսակցական: Կոալիցիայից հերթով հեռացան Դաշնակցությունը, Բարգավաճ Հայաստանը և ամիսներ առաջ ՕԵԿ-ը: Սա նշանակում է, որ քաղաքական իշխանությունը թուլացավ, քաղաքական ու հանրային վստահության կշիռը պակասեց, ընդունվող օրենքների և որոշումների քաղաքական ու հանրային լեգիտիմության մակարդակը նվազեց: Ինչպես ցանկացած բազմակուսակցական երկրում, այնպես էլ Հայաստանում միահեծան քաղաքական իշխանությունը օրեցօր նվազեցնում է հեղինակությունը, խորանում է քաղաքական առճակատումը և ի հայտ են գալիս միակուսակցական համակարգի մյուս խոցելի կողմերը: Ո՞րն է ելքը. նախ և առաջ արմատապես բարեփոխել Հայաստանի քաղաքական համակարգը, անցում կատարել 100 % համամասնական ընտրական համակարգին, համախմբված պայքարել քաղաքական խաղի կանոնների համար` ընտրություններ առանց լցոնումների, ընտրակաշառքների և վարչական ճնշումների: Քանի չի բարեփոխվել մեր քաղաքական և ընտրական համակարգը, կոռուպցիան, անպատժելիությունը և ամենաթողությունը կլանելու են մեր երկիրը:
Երկրորդ` տնտեսության իրավիճակը արմատական բարեփոխման կարիք ունի: Հայաստանի տնտեսությունը շնչահեղձ է լինում: Միայն անցած տարի փակվել են 8000 ձեռնարկություններ, 1200 խանութներ և սպասարկման ծառայություններ մատուցող ընկերություններ: Օտարերկրյա ներդրումները գրեթե ամբողջությամբ վերացել են, մենաշնորհային տնտեսությունը առաջընթաց տեմպերով զարգանում է` արդյունքում մի քանի հարուստներ էլ ավելի են հարստանում, աղքատներն էլ ավելի աղքատանում: Մեր համոզմամբ Հայաստանի տնտեսության մեջ համակարգային փոփոխություններ են անհրաժեշտ. նորարական լուծումներ, համակարգային դիվերսիֆիկացիա, պետության ակտիվացում ենթակառուցվածքային ծրագրերում: Մենք առաջարկում ենք պաշտպանել բերք ու բարիք, աշխատանք ու աշխատատեղ ստեղծող մարդուն, ազատություն տալ գործարարներին, կրճատել ստուգումները, վերացնել ստուգելու լիազորությամբ օժտված տեսչությունները, դրանք միավորել մեկ պետական մարմնում:
Մենք առաջարկում ենք կրճատել հարկերը, որը կմեծացնի հավաքագրումը, մենք առաջարկում ենք աջակցել փոքր և միջին ձեռնարկատիրությանը, կանգնել գյուղացու կողքին: Հարևան Վրաստանում փոքր և միջին գյուղացիական տնտեսություններին տրվող 13 % վարկի 12 % -ը վճարում է պետությունը:
Երրորդ` Հայաստանում սոցիալական կացությունը չափազանց ծանր է: Օրեցօր երկրից հեռանում են հազարավոր մարդիկ, ովքեր չունեն հույս ու հավատ, չեն տեսնում ապագա ու հնարավորություն:
Եկել է կանգառի ժամանակը, եկել է սոցիալական կյանքում արմատական փոփոխությունների ժամանակը: Անհրաժեշտ է դադարեցնել ազգից ամեն գնով փող հավաքելու գործելաոճը, հարկերը, տուրքերը, սոցիալական վճարումները մարդկանց գլխին պատուհաս են դարձել: Յուրաքանչյուր վճարի դիմաց պետք է մատուցվի ծառայություն: Ոչ կարմիր գիծ քաշելուց է քաղաքացուն ծառայություն մատուցվում, ոչ էլ արագաչափերի նկարներից: Բանը հասել է նրան, որ նույնիսկ օրենքով նախատեսված ծառայություններ չմատուցելով գումարներ են հավաքագրվում: Տան վարձերը, սպասարկման վճարները, կոմունալ վարձերը, գազի սպասարկման դիմաց գանձվող միջոցները –ժողովրդից վերցվում են առանց ծառայություն մատուցելու:
Համատարած գործազրկությունը հաղթահարելու համար քայլեր են հարկավոր` հստակ տեսլական ու ռազմավարություն է պետք: Յուրաքանչյուր տարի նոր աշխատատեղեր են հարկավոր ստեղծել ` պետության ակտիվ և ագրեսիվ մասնակցությամբ:
Բազմաթիվ են սոցիալական խնդիրները. բարձր մահացություն, ցածր ծնելիություն, 100 հազարավոր մարդկանց համար անհասանելի առողջապահություն : Այսօր մարդիկ մահանում են, որովհետև ի վիճակի չեն վճարել վիրահատության համար: Սա իսկապես ողբերգություն է:
Իրավական համակարգում նույնպես վիճակն անբարվոք է: Հաճախ փոփոխվող օրենքները, չինովնիկական կամայականությունները մարդու իրավունքների խախտումներին ոչ համարժեք արձագանքման դեպքերն օրեցօր շատանում են: Մենք կարիք ունենք իսկապես անկախ ու անկողմնակալ դատարանի, ուժեղ փաստաբանական ծառայության, ամեն մանր հանցանքի համար մարդու ազատազրկման չդատապարտող արդարադատության: Ներքին կյանքում խնդիրները բազմաթիվ են ու բազմազան, դրանց լուծման տեմպերը դանդաղ ու անորոշ, առանց արդյունքի միտված գործելաոճի: Մինչ այդ շատանում են արտաքին ճակատի խնդիրները: Արտաքին քաղաքական ճակատում հայկական օրակարգը գնալով անընկալելի է դառնում: Վերջին տարիների ձեռքբերումները խամրում են նախաձեռնողականության պակասի, հարմարվողական, պասիվ քաղաքականության հետևանքով: Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի սահմանամերձ շրջաններում ստեղծված պայթունավտանգ իրավիճակը, Ադրբեջանի և Թուրքիայի ապակառուցողական դիրքորոշումները մեզանից պահանջում են առավել ակտիվ, նախաձեռնողական արտաքին քաղաքականություն` աշխարհի ուժային կենտրոններում հայոց խնդիրների շուրջ ընկալելի մթնոլորտ ձևավորելու համար:
Հայաստան-ԵՄ հարաբերությունները գտնվում են ոչ դինամիկ զարգացման փուլում: Արևելյան գործընկերությունը, Եվրոպական միության, նրա առանձին երկրների հետ մեր գործակցության տեմպերը չափազանց մտահոգիչ են: Ակնհայտ է, որ ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության քաղաքակիրթ մեխանիզմների ներդրմամբ, արդար ու մրցակցային դատական իշխանության ձևավորման գործում Եվրոպական միությունից լավ խորհրդատու ու աջակից Հայաստանն ունենալ չի կարող: Սա նշանակում է որ մենք պետք է ձեռնամուխ լինենք ԵՄ-ի հետ հավակնոտ օրակարգի ձևավորման կենսագործմանը:
Հայ-ռուսական ռազմավարական գործակցությունը ևս բովանդակային առումով վերաիմաստավորման կարիք ունի` թե քաղաքական, թե տնտեսական, թե անվտանգության և թե այլ բազմաթիվ ոլորտներում: Մենք պետք է Ռուսաստանի հետ մեր տնտեսությունը և ենթակառուցվածքները զարգացնենք կոնկրետ, հավակնոտ ու փոխշահավետ ծրագրերով: Արդյունաբերական և տնտեսական բազմապրոֆիլ կոոպերացիան Ռուսաստանի և Եվրասիական միության անդամ երկրների հետ պետք է խորացվի: Առավելապես կարևոր է Չինաստանի և ԱՄՆ-ի հետ հարաբերությունների խորացումը` որպես աշխարհի խոշորագույն ուժային, տնտեսական և լոբբիստական կենտրոններ: Շանհայի համագործակցության կազմակերպությանը անդամակցությունը, Իրանի և Վրաստանի հետ համատեղ տնտեսական և ենթակառուցվածքային, ներառյալ` տարածաշրջանային ծրագրերի իրականացումը էական տեղաշարժեր կբերեն մեր տնտեսության մեջ:
Սիրելի հայրենակիցներ. մեկ հանրահավաքով բոլոր հարցերը չես կարող քննարկել, ոչ էլ դեղամիջոցներ առաջարկել: Մենք ունենք ծրագիր, մոտեցումներ և տեսլական, մենք ունենք կամք, կորով և վճռականություն, մենք ունենք փորձ, համառություն և գիտելիքներ, և ի վերջո մենք հրավիրում ենք բոլոր գրագետ և բանիմաց, փորձառու և պատրաստակամ մարդկանց, անկախ քաղաքական հայացքներից համախմբվելու և ստեղծելու ապագայի մի նոր, հզոր, կենսունակ ծրագիր, որը լուծում կտա կուտակված քաղաքական, տնտեսական ու սոցիալական խնդիրներին և հայկական վերածնունդ կապահովի բոլորիս:
Ամփոփելով իմ թվարկած և ՕԵԿ քաղաքական օրակարգի հինգ առանցքային գերակայությունները, ուզում եմ նշել, որ դրանցից յուրաքանչյուրը ճյուղավորված է հարյուրավոր ու հազարավոր խնդիրներով, որոնք անհրաժեշտ է գույքագրել, պլանավորել, համառ աշխատանքով լուծումներ տալ, որովհետև այս խնդիրներից դժգոհ են բոլորը, որովհետև բոլորն էլ լուծումներ են սպասում, ոչ թե խոստումներ կամ բարի ցանկություններ: Ի վերջո, ով է այսօր գոհ իր կյանքից. քաղաքացիական պաշտոնյան է գոհ, թե համայնքային ծառայողը, որն իր տունը պահելու համար կողմնակի եկամտի կարիք ունի, թե գործարարը, ով չի կարողանում զարգացնել իր տնտեսությունը, թե մանկավարժը, ով իր տնօրենի հետ երեխա է փնտրում, որ գործազուրկ չմնա, թե գիտնականը, որ չնչին աշխատավարձով իր գոյությունը չի կարողանում պահել: Բուհերում այսօր դիմորդների թիվը 6.000-ով պակաս է` կա 19.000 տեղ, բայց 13.000 դիմորդ: Այսինքն` մենք կորցնում ենք ամենակարևորը` մարդուն, և որ շատ ցավալի է` երիտասարդ մարդուն, ով բռնում է ամայության և օտարության ճանապարհը: Հաստատ գոհ չէ նաև կարկտից ու ցավից տուժած գյուղացին, ով անընդհատ պետական աջակցություն է սպասում, դժգոհ են նաև մտավորականները, բժիշկները, երիտասարդությունը:
Դժգոհ են բոլորը` փող ունեցողն ու չունեցողը, պաշտոն ունեցողն ու չունեցողը, աշխատողն ու չաշխատողը: Հավատի և հուսալքության այս մթնոլորտը պետք է թոթափել համառության, հետևողականության և պատասխանատու աշխատանքի միջոցով` համախմբելով ազգին ու երկրին հուզող հիմնախնդիրները համակարգային քայլերով և վճռական փոփոխություններով լուծելու համար: Ես համոզված եմ, որ իսկապես ելքը ոչ թե հուսալքությունն է, այլ պայքարը, ելքը համախմբումն է, ոչ թե երկրից հեռանալը, ելքը հստակ ու կանխատեսելի ծրագրերն ու արդյունքին միտված քաղաքականության իրականացումն է: Կլինեն մարդիկ, ովքեր կասեն. ոնց անենք, նավթ ու գազ չունենք: Բերեմ Սինգապուրի օրինակը: Ոչ միայն նավթ ու գազ,ջրային ռեսուրսներից և ընդերքի հարստություններից պրակտիկորեն զուրկ, սփյուռք չունեցող , սննդամթերքի 100 տոկոս ներմուծումից կախված, դեռևս 30 տարի առաջվա անգլիական հետամնաց գաղութը դարձել է աշխարհի զարգացած տնտեսություններից մեկը, որը չունի արտաքին պարտք, որի ժողովրդի եկամուտներն ամենաբարձրներից մեկն են աշխարհում:
Սիրելի հայրենակիցներ, այլոց հաջողված օրինակները լավ հիմք են մեզ համար, բայց մենք ոչ թե սոսկ մատնացույց անենք Սինգապուրյան կամ աշխարհի բազմաթիվ այլ երկրների հրաշքները, այլ կառուցենք հայկական մեր հրաշքը, հայկական մեր երազանքը համախմբման միջոցով:
Վերջում Նաիրիտի մասին. Օրերս վարչապետը հայտարարել է , թե չեն կարողանում գտնել, թե ով են Նաիրիտի սեփականատերերը և լրագրողներին դիմել է աջակցության համար. Եթե սա կատակ է, ապա հաստատ ոչ հաջողված, քանի որ հազարավոր մարդիկ սպասում են իրենց 16 ամիս ուշացած աշխատավարձերին, եթե վարչապետը լուրջ է ասում, ապա սա իրոք մտահոգիչ է, որովհետև եթե կառավարության ղեկավարը չգիտի ովքեր են այս հսկայի սեփականատերերը, ապա ինչ վիճակում է մեր երկիրը: Ի դեպ վերջերս Մոսկվայի դատարաններից մեկը բավարարեց միջպետական բանկի հայցը ի օգուտ բանկի` Նաիրիտից մոտ 3 տասնյակ միլիոն դոլար գանձելու հետ կապված: Եվ հռետորական հարց է առաջանում. Ովքեր են վճարելու մարդկանց աշխատավարձերը, ովքեր են վճարելու Նաիրիտր միլիարդների հասնող պարտքերը:
Սիրելի հայրենակիցներ: Այսօր մենք հավաքվել ենք միասնաբար ու համախմբված ոչ ասելու էլեկտրաէներգիայի թանկացմանը, հավաքվել ենք ոչ ասելու շղթայական թանկացումներին: Իշխանությունները հայտարարել են, որ օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիան Հայաստանում հերթական անգամ թանկանալու է` մեկ տարվա ընթացքում արդեն շուրջ 40 %-ով: 2013 թ. էլեկտրաէներգիայի սակագինը 30 դրամից դարձավ 38 դրամ, օգոստոսի 1-ից այն դարձնում են 42 դրամ: Հայաստանի բաշխիչ ցանցերը բարձրավոլտ ցանցերից 1 կվտ էլեկտրաէներգիան գնում են 17 դրամով և այն բնակչությանը վաճառում 42 դրամով: Ըստ որում , բաշխիչ ցանցերի շահույթը կազմում է 14%, կորուստները` 12,4 %: Այս մի քանի թվերի վերլուծությունը և համադրությունը առաջացնում են մի շարք հարցեր.
1. Բաշխիչ ցանցերի ընկերությունը մոնոպոլ կարգավիճակ ունի Հայաստանի էներգետիկ շուկայում : Ինչու՞ պետք է մենաշնորհային կարգավիճակ ունեցող ընկերությունն ունենա 14 տոկոս շահութաբերություն այն դեպքում, երբ այսօր հազարավոր ընկերություններ Հայաստանում, էլ չեմ խոսում աշխարհում, աշխատում են նվազագույն շահութաբերությամբ: Միջազգային ֆինանսական կազմակերպությունները ճգնաժամային ժամանակաշրջանում ձեռնարկությունների համար միջին շահութաբերություն էին կանխատեսում մինչև 4 տոկոս, հետճգնաժամային ժամանակաշրջանում` մինչև 10 տոկոս: Հիմա ինչով է պայմանավորված նման շահութաբերությունը:
2. Մի քանի տարի առաջ Հայաստանի հարկային մարմինները լուրջ խախտումներ և չարաշահումներ հայտնաբերեցին Հայաստանի բաշխիչ ցանցեր ընկերությունում: Խոսքը միլիարդավոր դրամների չարաշահումների մասին էր, որի արդյունքում ՀՀ պետական բյուջե չէին հավաքագրվել վիթխարի գումարներ: Միայն այս փաստը բավարար է պնդելու, որ մենք գործ ունենք ոչ արդյունավետ կառավարման հետ: Համանման չարաշահումներ տեղի ունեցան Արմենթել ընկերությունում, ուր միլիարդավոր դրամների չարաշահումներ հայտնաբերվեցին:
3. Ինչու են բաշխիչ ցանցեր ընկերության կողմից կատարված ներդրումները հաշվարկվում հոսանքի սակագնի մեջ և փաթաթվում մարդկանց վզին: Ինչո՞ւ մենք պետք է վճարենք այս ընկերության կողմից կատարվող կապիտալ շինարարության, գործուղումների , նրանց կողմից տնօրինվող և շահագործվող պանսիոնատների ու հանգստի վայրերի, կորուստների համար:
4. Ինչու պետք է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամների և աշխատակիցների բարձր աշխատավարձերը, նրանց պահպանման, ծառայողական մեքենաների սպասարկման ծախսերը հաշվարկվեն հոսանքի սակագնի մեջ:
5. Ինչու բաշխիչ ցանցերը պետք է ունենան 12.4 տոկոս կորուստներ: Ուր են գնում այդ կորուստները, ինչու մեր ժողովուրդը պետք է վճարի այդ կորուստների դիմաց, ինչու են դրանք մտցվում հոսանքի սակագնի մեջ:
6. Հայաստանի բարձրավոլտ էլեկտրական ցանցերը 1 կվտ-ը վաճառում է բաշխիչ ցանցերին 17 դրամով, իսկ վերջինս վաճառում է ժողովրդին 42 դրամով: Այսինքն գրեթե 300 տոկոս ավելին: Ով է տեսել նման բան: Ինչո՞ւ հնարավոր չէ տնտեսել ծախսերը, արդյունավետ կառավարում իրականացնել և ինչու այս խնդիրները համակարգային քննարկման առարկա չեն դառնում:
7. Էլեկտրաէներգիայի սակագինը էապես կապված է գազի սակագնի հետ: Գազը Ռուսաստանը Հայաստանին սահմանի վրա վաճառում է 189 դոլարով 1 խմ-ի համար: Սադախլոյից Բագրատաշեն 300 մետրանոց հատված անցնելուց հետո գազի գինը դառնում է 391 դոլար: Ինչո՞ւ լրջագույն ուսումնասիրություններ չեն կատարվում երկի ներսում գազի սակագները, դրանով պայմանավորված նաև էլեկտրաէներգիայի սակագները վերանայելու համար:
8. Ինչու հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, ինչու կառավարությունը հաշվի չեն առել Ազգային ժողովի ժամանակավոր` ԱԺ-ում ներկայացված բոլոր կուսակցությունների ներկայացուցիչներից բաղկացած հանձնաժողովի դիտարկումները և Ազգային ժողովին ներկայացված եզրակացությունը: Այդ հանձնաժողովը իր զեկույցում փաստագրել է, որ կան ուսումնասիրության կարոտ և մտահոգության առարկա բազմաթիվ հարցեր, որոնք այդպես էլ չքննարկվեցին, մինչդեռ դրանք էական ազդեցություն կունենային գազի, հետևաբար նաև էլեկտրաէներգիայի սակագնի վրա: Բերեմ միայն մի օրինակ: Բնական գազի գործող սակագնի հաշվարկներով շահագործման և սպասարկման ծախսերը հաշվարկվել են 20 մլրդ 300 միլիոն դրամ կամ ավելի քան 50 մլն դոլար, նախատեսված 10 մլրդ 300 միլիոն դրամի կամ մոտ 25 միլիոն դոլարի դիմաց: Կամ օրենքի համաձայն գազի, հոսանքի կորուստները պետք է հաշվարկվեն հանձնաժողովի որոշմամբ, սակայն չգիտես ինչու օրենքը անտեսելով հաշվարկվում են էներգետիկայի նախարարի հրամաններով: Իսկ սակագնի հաշվարկման գործընթացում նորոգման ծախսերը կազմել են շուրջ 670 միլիոն դրամ, բայց որտեղ և ինչպիսի արդյունավետությամբ են կատարվել այս ներդրումները, հայտնի չէ, մինչդեռ բոլոր այս ներդրումները և ծախսերը ներառվում են սակագնի մեջ որպես ծախսեր, որի համար վճարում է ժողովուրդը:
9. Ինչպես են հաշվարկում շահագործման ու սպասարկման ծախսերը, ովքեր են դրանք գնահատում, որքան են դրանք արդյունավետ. Սրանք հարցեր են, որ մեզ պետք է մտահոգեն, քանի որ սրանք ներառվում են սակագների մեջ:
10. Թվարկումը իհարկե կարելի է շարունակել, բայց բավարարվենք ասվածով: Վերջում մի հռետորական հարց. Եթե Ազգային ժողովը ստեղծում է ժամանակավոր և բազմակուսակցական հանձնաժողով, որի գրածը և եզրակացությունը հետո ոչ ոք չի ուսումնասիրում, ապա ինչո՞ւ ենք ստեղծում այն: Այսինքն ստեղծում ենք, որ ինչ անենք:
Սիրելի հայրենակիցներ. Վերոշարադրյալ և բազմաթիվ այլ փաստերի համադրումը, վերլուծությունը, մասնագետների հետ երկարատև քննարկումները մեզ բերել են այն համոզման, որ էլեկտրոէներգիայի սակագնի բարձրացումը հիմնավորված չէ և անհրաժեշտ է համաժողովրդական պայքարի միջոցով հասնել սակագների վերանայմանը, ոլորտում լուրջ ուսումնասիրությունների իրականացմանը, գործնական քայլերի ձեռնարկմանը, խնդրի կանոնակարգման համար: Ներկայումս թույլ տվեք ներկայացնել այն քայլերը և գործողությունները, որոնք մտադիր է ներկայացնել ՕԵԿ-ը իր համախոհ կուսակցությունների ու հասարակական շարժումների հետ:
Այստեղ ես ցանկանում եմ հայտարարել, որ մենք ակնկալում ենք լայն հանրային աջակցություն. Դիմում ենք, բոլոր կուսակցություններին քաղաքացիական շարժումներին ու հասարակական կազմակերպություններին համախմբելու մեր ջանքերը արդյունքի հասնելու համար: Ցավով ուզում եմ ընդգծել, որ Լ.Տ. Պ-ի սատարող ուժերը չգիտես ինչու լայն քարոզարշավ են սկսել ՕԵԿ-ի դեմ: «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը, օրինակ, որ համակարգում է ՀԱԿ-ի երիտասարդներից մեկը, մի քանի օր կոչ էր անում չմասնակցել ՕԵԿ-ի հանրահավաքին, «Դեմ եմ» շարժման առանձին անհատներ թիրախավորված քաղաքական գնահատականներ են հնչեցնում ՕԵԿ-ի դեմ: Ես այժմ կոչով դիմում եմ այդ մի քանի երիտասարդներին: Եթե դուք իսկապես ուզում եք պայքարել թանկացումների դեմ, մի առաջնորդվեք թույնով ու չարությամբ, վերցրեք Ձեր առաջնորդների բնավորության և վարքագծի լավ որակները:
Ի վերջո, ոչ ոք չի կարող ինձ հանդիմանել իմ հայրենիքին լավը ցանկանալու համար: Ես վերաբերվում եմ ձեզ հայրաբար և եղբայրաբար, ներողամտորեն և ոչ չարությամբ. ակնհայտ է, որ արդյունքի համար բոլորի համախմբումն է կարևոր:
Իսկ այժմ հանրահավաքից հետո մեր գործողությունների և քայլերի վերաբերյալ.
1. ՕԵԿ-ը բողոքարկել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը` օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու վերաբերյալ: Մենք առաջարկում ենք հանձնաժողովին ՕԵԿ-ի դիմումի քննությունը կազմակերպել հրապարակային, հարցի քննությանը մասնակից դարձնել մասնագետներին և մյուս շահագրգիռ կողմերին: Ոչ թե ձևական նիստով ու ձևական որոշմամբ միանգամից մերժել մեր դիմումը, այլ այն իսկապես դարձնել քննության առարկա:
2. Դիմում ենք Հայաստանի Հանրապետության իշխանություններին ձևավորել միջգերատեսչական հանձնաժողով, ուսումնասիրելու սակագնի բարձրացման հիմնավորվածությունը, լսել և քննարկել Ազգային ժողովի բազմակուսակցական հանձնաժողովի մտահոգությունները, առաջարկությունները, հրավիրել մասնագիտական քննարկումներ և հասարակությանը ներկայացնել համոզիչ փաստարկներ, այսինքն` հասարակության հետ լինել բաց ու կառուցողական, այլ ոչ թե խոսել փակ դռների և կաբինետների հետևից:
3. ՕԵԿ-ը դիմել է Վարչական դատարան պահանջով վերանայել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու մասին որոշումը: Դիմում ենք դատարանին պատշաճ կարգով մասնակից դարձնելու հայցվոր կողմին մեր հայցի քննությանը , դատաքննության ընթացքում ներգրավվելու մասնագետներ, նշանակել փորձաքննություններ, լրացուցիչ ուսումնասիրություններ բոլոր այն փաստերի շուրջ, որոնք հրապարակվել են մամուլում, հնչեցվել են այս հանրահավաքում, որոնք անհիմն են համարում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը:
4. Դիմում ենք Հայաստանի իրավասու պետական մարմիններին` Հայաստանի ֆինանսների նախարարությանը, էներգետիկայի նախարարությանը, գլխավոր դատախազությանը ձևավորել մասնագիտական հանձնախումբ ուսումնասիրելու համար մի կողմից ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի առաջ քաշած մտահոգությունները, մյուս կողմից մենաշնորհային դիրք ունեցող այս ընկերությունների կողմից կատարված ներդրումները, համակարգում առկա վիթխարի չափերի հասնող կորուստների պատճառները, սակագնի ձևավորման հետ կապված այլ խնդիրներ:
5. Հատուկ ուսումնասիրության առարկա դարձնել վերջին տարիներին ստացած շահույթները, ծախսերը, ներառյալ մոտ 18 միլիարդ դրամ մատնանշվող ճեղքվածքի առաջացման պատճառները:
6. ՕԵԿ-ը դիմում է Ազգային ժողովի բոլոր կուսակցություններին առաջիկայում ԱԺ-ում ձևավորել աշխատանքային խումբ` մշակելու և Ազգային ժողովին ներկայացնելու օրենքի նախագիծ, որով կկանոնակարգվեն օրենքի ուժով գազի, էլեկտրաէներգիայի, ջրի սակագների ձևավորման սկզբունքները, կհստակեցվի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի լիազորությունները ու պարտականությունները, հնարավորություն տալով հանձնաժողովի կազմում եթե ոչ լիիրավ, թեկուզև խորհրդակցական ձայնի իրավունքով ԱԺ խմբակցություններից մեկական ներկայացուցիչ ներգրավելու համար: Ի դեպ նման պրակտիկա մենք ունենք վերահսկիչ պալատում:
7. ՕԵԿ-ը դիմել է Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատին և Ռուսաստանի հաշվիչ պալատին` ձևավորելու համատեղ մասնագիտական հանձնախումբ, որը լրջորեն ուսումնասիրության առարկա կդարձնի Հայաստանի Բաշխիչ ցանցերում ստեղծված իրավիճակը, կատարված ծախսերը, ներդրումները, սակագնի վրա դրանց ազդեցության չափերը, էլեկտրաէներգիայի սակագնի ձևավորման սկզբունքները, հաշվարկի մեթոդաբանությունը, կորուստների հիմնավորվածությունը և մասնագիտական մյուս հարցերի շարքը:
8. Դիմում ենք Հայաստանի կառավարությանը ձևավորելու հատուկ հանձնաժողով` այլընտրանքային մատչելի էներգետիկ ռեսուրսների կիրարկման հնարավորություններն ուսումնասիրելու, դրանց համար արտոնյալ վարկային պայմաններ ապահովելու, Հայաստանից Վրաստան, Ռուսաստան, Իրան էլեկտրաէներգիայի արտահանման հնարավորությունները ուսումնասիրելու, էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման համար համապատասխան մասնագիտական վերլուծություններ և եզրահանգումներ կատարելու համար:
9. ԱԺ-ում ձևավորել մշտական համագործակցության ձևաչափ` բաղկացած խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչներից, որը մշտական ուշադրության կենտրոնում կպահի սակագների թանկացման գործընթացը, կանխարգելիչ առաքելություն կստանձնի այդ ուղղությամբ:
10. Անշուշտ կողջունեինք, որ այսօր հնչեցրած մեր բոլոր փաստարկները դառնային Հայաստանի բոլոր պետական, հասարակական և քաղաքական դերակատարների մոտ լրջագույն քննարկման առարկա:
Հայտարարում ենք նաև, որ անկախ դրանց շուրջ ձևավորվող դիրքորոշումներից, մենք շարունակելու ենք մեր հետևողական պայքարը թվարկված խնդիրների լուծմանը հասնելու նպատակով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել