Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Արթուր Բաղդասարյան. «Ձգտելու եմ մեր գաղափարներն ու ծրագրերը դարձնել համընդհանուր գրավչության ու պայքարի հարթակ»

Հուլիս 19,2014 15:47
Artur Bagdasaryan

ՕԵԿ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է երեկվա հանրահավաքի Արթուր Բաղդասարյանի ելույթը, որը ներկայացնում ենք ներքեւում.

Հայտնություն արած չեմ լինի, եթե այսօր այս հարթակից հայտարարեմ, որ մեր երկիրը և ժողովուրդը գտնվում են ծայրաստիճան ծանր, դժվարին, բազմաթիվ ուղղություններով թշվառ վիճակում: Այս ամիս եղել եմ հանրապետության տարբեր մարզերում, հանդիպել եմ ՕԵԿ Երևանի,Նոյեմբերյանի, Շամշադինի, Իջևանի, Ճամբարակի, Մարտունու, Սևանի, Գավառի, Մասիսի, Արտաշատի, Արարատի, Վեդու և այլ տարածքների մեր պատասխանատուների և մեր հայրենակիցների հետ: Տպավորություններս ծանր են և դժգույն: Երկիրը դատարկվում է ահագնացող տեմպերով: Ինձ իրավունք եմ վերապահում հայտարարել, որ գյուղական և քաղաքային բնակավայրերում մարդկանց արտագաղթը ահագնացող չափերի է հասել, գրեթե յուրաքանչյուր քաղաքից հստակ գրաֆիկով դեպի Ռուսաստանի տարբեր քաղաքներ տանող ավտոբուսներ են կանգնած, մարդիկ հեռանում են բեռով, բարձով, ընտանիքներով: Եզրակացությունս մեկն է. հայրենիք ենք կորցնելու, եթե վճռական չլինենք արմատական փոփոխություններ կատարելու: Ամենակարևորը, որ նկատեցի հույսի, հավատի բացակայությունն է, անհեռանկարային ներկան և մշուշոտ ապագան, ամենացավալին` հայրենիքը անվերադարձ լքող մարդկանց թվի աճն է: Աղետալի չափերի հասնող գործազրկությունը, դատարկվող սահմանամերձ տարածաշրջանները, պետության կողմից նոր աշխատատեղերի ստեղծման ուղղությամբ կատարվող աշխատանքի բացակայությունը, օտարերկրյա ներդրումների կտրուկ նվազումը, սակագների շարունակական աճը, առաջին անհրաժեշտության ապրանքների անընդհատ թանկացումները լուրջ սպառնալիք են դարձել մեր ժողովրդի համար, որի հիմնական մասը ոչ միայն չի կարողանում իր նվազագույն կարիքները հոգալ, այլ նաև հայտնվել է դժվարին, անհույս ու անօգնական վիճակում: Կուտակված խնդիրները ի զորու է լուծել այն իշխանությունը, որն ունի երկրի կարճաժամկետ և երկարաժամկետ զարգացման տեսլական ու ռազմավարություն, այն կառավարությունը, որն ունի հավակնոտ, թիրախավորված ծրագիր և այդքանին միտված քաղաքականություն: Այս խնդիրների մասին ես խոսում եմ ոչ թե այսօր, այլ նաև վերջին տարիներին` իբրև իշխանության մեջ գտնված մարդ, որոնք արտահայտել եմ հրապարակային հարցազրույցներում և ասուլիսներում, իսկ իմ ղեկավարած կուսակցության պատգամավորները մի քանի տասնյակ օրենքներ էին ներկայացրել Ազգային ժողովին, որոնք տարիներ շարունակ ոչ միայն չընդունվեցին, այլ նույնիսկ չդարձան քննարկման առարկա:
Ցավոք մեր այս մոտեցումները չդարձան իրականություն, մենք չկարողացանք իշխանության մեջ լինել իրական դերակատար, որն էլ իշխանությունից հանդիսացավ մեր հրաժարականի պատճառներից մեկը:
Սիրելի հայրենակիցներ. Այսօր մենք հավաքվել ենք Ազատության հրապարակում ոչ ասելու էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը, ոչ ասելու շղթայական թանկացումներին: Մենք Ձեզ կներկայացնենք մեր կողմից ձեռնարկված ու առաջարկվող քայլերը, գործողությունների մեր ճանապարհային քարտեզը. Ի՞նչ ենք մտադիր անել, ինչպե՞ս, ինչպիսի՞ մեթոդների, գործիքների ու քայլերի միջոցով, որպեսզի կարողանանք իսկապես ազգովի պայքարենք այս վերահաս թանկացումների ալիքի դեմ, կարողանանք համախմբված պայքարով բեկում մտցնել Հայաստանում արմատացած համատարած այս հուսալքության մեջ: Մեր հրավիրած հանրահավաքը սակայն վերջին օրերին դարձել է մի կողմից բուռն քննարկումների, մյուս կողմից առանձին շրջանակների կողմից ակտիվ շահարկումների առարկա: Թույնի, ատելության և չարության մոլուցքով օժտված որոշները, ովքեր իրենց հռչակել են ընդդիմադիր, փոխանակ ողջունելու ՕԵԿ-ի տեղափոխությունը ընդդիմադիր դաշտ, փոխանակ ողջունելու համախմբման կարևորությունը, փոխանակ սատարելու մեր կողմից նախաձեռնած այս պայքարը, զբաղված են չարություն և ատելություն սերմանելով ՕԵԿ-ի նկատմամբ, ինչպես տասնյակ տարիներ շարունակ, այնպես էլ այսօր հնչեցրել և շարունակում են հնչեցնել մեղադրանքներ, որոնց այսօր հարկ եմ համարում անդրադառնալ, որովհետև ինձ համար չափազանց կարևոր է, որ մարդիկ հասկանան մեզ, մեր տեսակին, պայքարի մեր վճռականությանը, որպեսզի մեկ անգամ հստակ ու հրապարակային պատասխան տրվի բոլոր տեսակի բամբասանքներին, շինծու և կեղծ մեղադրանքներին: Հանրահավաքի իմ ելույթը բաղկացած կլինի երեք մասից.
1. Պատասխան մեղադրանքներին,
2. ՕԵԿ քաղաքական օրակարգի մեր գերակայությունները,
3. էլեկտրաէներգիայի սակագնի և շղթայական թանկացումների դեմ պայքարի մեր մեխանիզմներն ու մարտավարությունը:
Այժմ կցանկանայի անդրադառնալ մեր հասցեին հնչող մեղադրանքներին:
Մեղադրանք №1
Երբ 2006թ.-ին Ռոբերտ Քոչարյանի հետ տարաձայնությունների հետևանքով ես կամովին լքեցի ԱԺ նախագահի պաշտոնը, մեր ընդդիմախոսները սկսեցին հայտարարել`
Արթուր Բաղդասարյանը դուրս է եկել իշխանությունից և ԱԺ նախագահի պաշտոնից` պայմանավորված ձևով և գործուղված ական է ընդդիմության մեջ: Այս թեզը մեր ընդդիմախոսները լայն շրջանառության մեջ դրեցին այդ տարիներին, բայց նորից ՕԵԿ-ը շնորհիվ իր հարյուր հազարավոր նվիրյալների 2007թ. նորից մուտք գործեց Ազգային ժողով և դարձավ խորհրդարանական կուսակցություն:
Ես և մեր թիմակիցները բազմիցս հերքել ենք այդ հերթական կեղտոտ և ստահոդ լուրըª հիմա էլ հայտարարում եմ. ՕԵԿ-ը 2006թ. մինչև իշխանությունից դուրս գալն ուներ 22 պատգամավոր, ԱԺ նախագահի պաշտոնից իմ հրաժարականից հետո մնացին 10-ը, որովհետև 12-ին ստիպեցին հեռանալ:
Այսինքն, ինչ էինք պայմանավորվել իշխանության հետ, որ 22 հոգանոց խմբակցությունը պառակտվեր, թե պայմանավորվել էինք, որ ընդամենը մեկ տարի անց` 2007թ. խորհրդարանական ընտրություններում ՕԵԿ-ը ստանա ընդամենը 7 մանդատ, կամ 3 անգամ պակաս, քան ուներ: Այսինքն ինչ էինք պայմանավորվել Քոչարյանի և Սարգսյանի հետ, որ 22 հոգանոց խորհրդարանական խմբակցությունից մնար 7 պատգամավոր: Այն, որ սա աբսուրդ է, գիտակցում են բոլորը, բայց դա ամենևին մեր ընդդիմախոսներին չի մտահոգում: Բացի այդ 2006-2008թթ. ՕԵԿ-ի դեմ հարուցվել են բազմաթիվ շինծու քրեական գործեր, տեղի են ունեցել տարբեր տեսակի վարչական և այլ կարգի ճնշումներ հանրապետության տարբեր մարզերում:
Այսինքն պայմանավորվե՞լ էինք իշխանությունների հետ, որ հալածե՞ն մեզ, պայմանավորվել էինք, որ պառակտվեր կուսակցությունը, պայմանավորվել էինք, որ կուսակցությունը փորձեին ներսից պայթեցնել: Իսկապես սնանկ ու անհիմն չարախոսություններ:
Մեղադրանք № 2.
Արթուր Բաղդասարյանը 2008թ. նախագահական ընտրություններում դավաճանեց ժողովրդին, միացավ Սերժ Սարգսյանին և պատասխանատվություն է կրում մարտի 1-ի համար: Ցանկանում եմ հիշեցնել նախագահական ընտրությունների ընթացքը: Առաջադրվել էին երեք հիմնական թեկնածու` Սերժ Սարգսյան, Լևոն Տեր-Պետրոսյան և ես: Նախընտրական ժամանակաշրջանում եղել են մի քանի հանդիպումներ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ: Քարոզարշավի ուղիղ կեսին Լևոն Տեր-Պետրոսյանը ՕԵԿ գրասենյակում ինձ ասաց. Արթուր, դու ընտրություն չունես, կամ պետք է միանաս ինձ, կամ քեզ քաղաքականապես կոչնչացնեմ: Ես առաջարկեցի նրան կազմակերպել հանդիպումներ թիմերի միջև առավել լայն կազմով, մշակել առավել միասնական կուռ ռազմավարություն, քննարկել ինչպես նախընտրական, այնպես էլ հետընտրական համագործակցությունը, ներառյալ Լ.Տ.Պ.-ի կողմից ինձ սատարելու հնարավորությունը, առավել ևս, ինչպես ինքն էր հայտարարել, իր նպատակը ժամանակավորապես միայն նախագահի պաշտոնը զբաղեցնելն էր: Պատասխանը միարժեք ոչ էր` հետագա կոշտացման հիմքով: Հանդիպումն ավարտվեց հետևյալ ֆրազով. 3 օր մտածի, կասես, ես իմն ասեցի: Հիմա թե ինչ տեղի ունեցավ երեք օր անց շատ լավ նկարագրել է մեր ընդդիմադիր թերթերից մեկը` ՚ՀԺՙ իր համարում. Լևոն Տեր Պետրոսյանի վերջին օրերի հանրահավաքները նվիրված էին Արթուր Բաղդասարյանին: Սա է ճշմարտությունը: 2008թ. նախագահական ընտրությունների վերջին տասնօրյակում ես գտնվել եմ մի կողմից իշխանությունների հուժկու քննադատության և ճնշումների, և մյուս կողմից Լևոն Տեր Պետրոսյանի ու նրան սատարող ուժերի քննադատության կենտրոնում, ովքեր ինչ լուտանք ասես չթափեցին իմ գլխին:
Արդյունքում փետրվարի 18-ի նախագահական ընտրություններում ես միայնակ իմ թիմով ու ժողովրդով գրավեցի 3-րդ տեղը` մեկ -երկու տոկոսով զիջելով Լևոն Տեր Պետրոսյանին, որին աջակցում էին քսանից ավելի կուսակցություններ: Ընտրություններից հետո ես չեմ հանդիպել Լևոն Տեր-Պետրոսյանին երկու պատճառով` նախ, հանդիպման առաջարկ չէր եղել և երկրորդը` խորապես վիրավորվածությունը ինձ արգելում էր նախաձեռնություն ցուցաբերել:
Արդյունքում փետրվարի վերջին տասնօրյակում Երևանը հեղեղվեց միտինգներով և վրաններով: Մարդիկ սպասում էին նաև իմ և իմ թիմի որոշմանը: Միտինգներն ու այս հրապարակում սկիզբ առած երգն ու պարը սակայն բավարար չէին արդյունքի հասնելու համար, իսկ հետագա գործողությունների ծրագիր ժողովրդին չէր հրամցվում, ինչի արդյունքում էլ տեղի ունեցան ողբերգական մարտյան իրադարձությունները:
Ընդդիմադիր բևեռի այս գործելաոճին զուգընթաց արդեն նախագահական ընտրություններից անմիջապես հետո Սերժ Սարգսյանը հրապարակային կոչ արեց մեզ ելնելով երկրում ստեղծված իրավիճակից կազմել քաղաքական կոալիցիա: Ավելին, երկրում ստեղծված պայթունավտանգ իրավիճակը և սահմանային լարումները ստիպում էին իշխանություններին տարբեր ֆորմատներում տարբեր հանդիպումներ նախաձեռնել ՕԵԿ քաղաքական ակտիվի և ղեկավարության հետ`հորդորելով կազմել կոալիցիա, վերջ դնել առճակատմանը և միացյալ ուժերով երկիրը դուրս բերել ծանր իրավիճակից: Արդյունքում այդ քննարկումները բերեցին նրան, որ փետրվարի 25-ին տեղի ունեցավ հանդիպում իմ և Սերժ Սարգսյանի միջև, այնուհետ ստորագրվեց կոալիցիոն հուշագիր: Կրկնում եմ ո՛չ Լ.Տ.Պ., ո՛չ էլ նրա քաղաքական թիմից որևէ մեկն ինձ համագործակցության առաջարկ չի արել: Թերևս դա պայմանավորված էր փետրվարյան քարոզարշավի օրերին ինձ և իմ թիմին հասցեագրած վիրավորական պիտակներով:
Իսկ սրան զուգընթաց հանրահավաքները շարունակվում էին, այդ թվում մեր կոալիցիա մտնելու որոշումը հրապարակելուց հետո, ավելին, հենց այս հարթակից, հենց այդ որոշումից հետո, էլ ավելի կոշտացան մեր հասցեին հնչող քննադատությունները: Ի՞նչ ելքեր ունեինք մենք: Առաջին` միանալ Լ. Տ. Պ.-ին, որից կրկնում եմ, ոչ միայն առաջարկ չկար, այլ նաև մեր հասցեին հնչում էր քննադատություն, ատելություն և մաղձ:
Երկրորդ` կազմել կոալիցիա, որը հնարավորություն կտար կյանքի կոչել մեր ծրագրերը մի կողմից, մյուս կողմից` կանխել քաղաքացիական պատերազմն ու արտաքին պատերազմի վտանգը:
Եվ երրորդ` չհամագործակցել ոչ մեկի հետ, որը նշանակելու էր հարվածներ և աջից, և ձախից և իսկապես մեղքի բարդում իմ և իմ համախոհների վրա, որոնք բարդ իրավիճակում ի զորու չեղան որոշումներ կայացնել:
Մենք ընտրեցինք արդեն Ձեզ հայտնի ճանապարհը մեր թիմով միաձայն, մենք ընտրեցինք մեր ծրագրերն իրականացնելու, ժողովրդի մատից փուշ հանելու, Երևանը արյան ծով չդարձնելու, արտաքին թշնամու ջաղացին ջուր չլցնելու ճանապարհը: Ընտրեցինք, գնացինք 6 տարվա ճանապարհ` ամրապնդեցինք մեր երկրի խաղաղությունը և անվտանգությունը, բայց ցավոք երկրում վճռական դերակատարում չունեցանք, չկարողացանք կյանքի կոչել մեր ծրագրերն ու երազանքները և հեռացանք ու այսօր ես այս հրապարակում շարունակում եմ իմ պայքարը:
Հիմա ովքե՞ր են մեղավոր մարտյան դեպքերի համար: Մեղավորները ընտրական գործընթացի երկու հիմնական կողմերն են. մի կողմից իշխանությունը `մյուս կողմից հրապարակը գրաված, բայց ժողովրդին ծրագիր չառաջարկող ընդդիմությունը: Ես այսօր էլ համոզված եմ, որ եթե մարտի 1-ին Լ. Տ. Պ. իջներ Ֆրանսիական հրապարակ և առաջնորդեր իր ժողովրդին, տեղի չէր ունենա այն, ինչ կատարվեց:
Հիմա ո՞րն է եզրակացությունը: Նման իրավիճակներում որպես կանոն փնտրվում են մեղավորներ: Իսկ ամենահարմար մեղավորն ո՞վ կարող էր լինել, եթե ոչ ՕԵԿ-ը, քանի որ մենք արդեն թիրախ էինք դարձել թե նախընտրական, և թե հետընտրական փուլերում և պատասխանատվությունից խուսափելու լավագույն ձևը հենց նույն այդ պատասխանատվությունը ուրիշի վրա բարդելն էր, մի բան, որ Հայաստանում հիմք դրվեց հենց 90 –ականներին և հետո զարգացավ հետագա իշխանությունների օրոք: Այս առումով ուզում եմ առաջ քաշել մի քանի հարցեր.
1. Ինչու՞ 2008 թ. փետրվարին ընդդիմությունը և նրա առաջնորդը չդիմեցին վճռական գործողությունների, ինչպես այլ երկրներում,
2. Ինչու՞ էր Լ.Տ.Պ.-ն ուլտիմատումի տոնով խոսում ավելի քան 300.000 քվե ստացած անձի հետ, այլ ոչ համագործակցության կոչ անում,
3. Ինչու՞ տասնօրյա հանրահավաքներում ժողովրդին չառաջարկվեց գործողությունների հստակ ծրագիր,
4. Ինչու՞ մարտի 1-ին Լ.Տ.Պ.-ն տնից չիջավ հրապարակ և տեր չկանգնեց ֆրանսիական հրապարակում կանգնած մարդկանց:
Սրանք հարցեր են, որոնց պատասխանները շատ պարզ են յուրաքանչյուրի համար, հետևաբար և զուրկ մեկնաբանություններից:
Հարկ եմ համարում նշել, որ այս թեմային այլևս չեմ անդրադառնալու` համարելով, որ բազմիցս խոսվել է ու նաև այսօր ամեն ինչ ասվեց, ամեն ինչ պարզ ու հասկանալի է:
Մեղադրանք № 3.
Ինչու՞ ՕԵԿ-ը 2013թ. պաշտպանեց Սերժ Սարգսյանին: Պատասխանը շատ պարզ է: Մենք եղել ենք կոալիցիայի անդամ կուսակցություն, ստորագրել ենք փաստաթուղթ և թեկուզ վարկանիշի կորստի հաշվին պահել ենք մեր խոսքն ու շիտակությունը, պաշտպանել ենք բաց, ազնիվ և հրապարակային, որովհետև չի կարելի լինել մի կողմից կոալիցիայի անդամ, մյուս կողմից անազնիվ խաղեր տալ կամ ժողովրդի լեզվով ասած «ասել մի բան, անել բոլորովին այլ բան, կամ հրապարակային չպաշտպանել , բայց տակից օգնել»:
Եվ վերջապես, մեղադրանք № 4` բայց արդեն կրկնված. ՕԵԿ-ը դուրս է եկել կոալիցիայից Սերժ Սարգսյանի ասելով, որպեսզի կեղծ ընդդիմություն լինի և փոշիացնի ընդդիմության ձայները: Այսինքն` այսօր կրկնվում է նույն թեզը մեր դեմ, ինչ որ 2006 թվականին:
Սցենարը նույնն է. վարկաբեկել, փնովել, պառակտել ընդդիմադիր դաշտը, բոլորին թողնել լուսանցքից այն կողմ, բոլոր նրանց, ովքեր չեն անցնելու Լ.Տ.Պ.-ի թրի տակով, բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն ինքնուրույն քաղաքական վարքագիծ դրսևորել: Չմոռանանք, որ մեր հերոսը նույն կերպ վարվեց Րաֆֆի Հովհաննիսյանի հետ արդեն նախորդ նախագահական ընտրություններում:
Նախ ինչու՞ ՕԵԿ-ը դուրս եկավ կոալիցիայից: Պատասխանը պարզ է. Լինելով իշխանության մեջ, մենք չենք ունեցել հնարավորություններ կյանքի կոչելու մեր ծրագրերը, էական ազդեցություն ունենալ որոշումների ընդունման գործընթացներում:
Բացի այդ կուսակցությունը գտնում էր, որ նոր կառավարությունը պետք է ձևավորված լիներ կիրթ, գրագետ, բարեփոխումների ունակ, երկրի արտաքին տնտեսական օրակարգը` Մաքսային միությունից մինչև Եվրոպական միություն, միջազգային ֆինանսական հաստատությունների և երկրի համար կարևոր գործընկերների հետ հավակնոտ օրակարգ ձևավորելու և կյանքի կոչելու ունակ թիմից: Հաշվի առնելով վեցամյա կոալիցիոն փորձառությունը, ՕԵԿ-ի` կոալիցիայի կազմում մնալու միակ հիմնավոր պատճառ կարող էր դիտարկվել իշխանության մեջ իրական դերակատարման ստանձնումը:
Միայն իրական դերակատարումն է, որ հնարավորություն է տալիս կյանքի կոչել այն ծրագրերը, որ ունես, միայն իրական դերակատարումն է, որ տալիս է հնարավորություն կառուցել այն երկիրը, որի համար պայքարել ես: Եվ ես հեռացա երկրորդ անգամ` արդեն մի նոր փորձառությամբ և վճռականությամբ: Եվ այսօր խոսել Սերժ Սարգսյանի հետ ինչ-որ պայմանավորվածությունների մասին, առնվազն անհեթեթ է, մանավանդ որ Սերժ Սարգսյանը ավարտում է նախագահական երկրորդ շրջանը և այլևս, ինչպես ինքն է հայտարարել, չի հավակնում երկրի նախագահի ու վարչապետի պաշտոններին:
Օգտվելով առիթից և ի պատասխան շահարկումների մեկ անգամ ևս հայտարարում եմ` Սերժ Սարգսյանը, այնպես, ինչպես Ռոբերտ Քոչարյանը, ինձ չեն ասել դուրս արի կոալիցիայից: Ավելին, Սերժ Սարգսյանի հետ 6 տարի եղել ենք սերտ դաշնակիցներ, ընկերներ և նա ինձ ոչ միայն չի առաջարկել դուրս գալ իշխանությունից, այլ ընդհակառակը` հորդորել է մնալ, առաջարկել է շարունակել պաշտոնավարել ԱԽ քարտուղարի պաշտոնում, եթե նույնիսկ ՕԵԿ-ը դուրս է գալիս կոալիցիայից: Ես շնորհակալություն եմ հայտնել և հեռացել եմ. հեռացել եմ գնալու իմ պայքարի ճանապարհով, իմ երազած երկիրը կառուցելու համար: Ես այսօր ընդդիմադիր կուսակցության առաջնորդ եմ, ես ունեմ փորձառություն, կապեր, վստահություն և վճռականություն: Ես չեմ առաջնորդվելու ո՛չ չարությամբ, ո՛չ թույնով, ո՛չ նախանձով, ո՛չ էլ ատելությամբ, որովհետև դրանք ինձ հետապնդել են իմ ամբողջ կյանքում: Ինձ համարել են գրագետ մարդ, բայց քարկոծել են, ինձ համարել են լավ ԱԺ նախագահ, և լավ ԱԽ քարտուղար, բայց կրկին քարկոծել, թունավորել, հետապնդել են: Ինչպիսին եմ ես լինելու, ինչ վարքագիծ եմ դրսևորելու: Գրեթե 25 տարի է, ինչ Հայաստանը ազատ, անկախ պետություն է: 25 տարին բավարար ժամանակ է, որպեսզի պետությունը, նրա կառավարիչները ստանան հասունության վկայական, 25 տարին բավարար է, որպեսզի մենք սկսենք կերտել ուժեղ, մրցունակ պետություն: 2-րդ աշխարհամարտից հետո Եվրոպական շատ երկրներ ավիրվեցին: Արդեն 25 տարի անց, 1970-ականներին սակայն, նույն այդ երկրներն արդեն աշխարհի զարգացած տնտեսությունների դասին էին պատկանում: Պատասխանը պարզ է. համառ, հետևողական, պատասխանատու և ծրագրված աշխատանքը պտուղներ է տալիս: Այս 25 տարիները նորանկախ Հայաստանի համար եղել են կայացման և կորստի տարիներ: Հայաստանը այս 25 տարիների ընթացքում կառավարել են Ղարաբաղյան շարժման և մեր ազգային ազատագրական պայքարի երեք առանցքային դեմքերը`Լևոն Տեր Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը: Հայաստանի երեք նախագահներն էլ թողել են իրենց ձեռագիրն ու պատմությունը, Հայաստանի երեք նախագահներն էլ ունեցել են և՛ ձեռքբերումներ, և՛ բացթողումներ, և ՛ հաջողություններ, և՛ թերացումներ: Եվ ժողովուրդը, և ժամանակը կտան այս առաջնորդների գործունեության գնահատականը, քանի որ լավագույն և անաչառ դատավորները հենց ժամանակն ու ժողովուրդն են: Եվ ես այս հարթակից ցանկանում եմ հայտարարել, որ չունեմ ո՛չ թույն, ո՛չ ատելություն, ո՛չ մաղձ, ո՛չ էլ թշնամություն այս առաջնորդների նկատմամբ: Արդեն իսկ իրենց պաշտոնավարումն ավարտել են երկու նախագահները, իր պաշտոնավարումն առաջիկայում կավարտի երրորդը: Ես խոսում եմ բոլորովին մի նոր սկզբի մասին, որ պետք է միավորի մեր հասարակությունը, այլ ոչ թե կրկին բաժանի: Եվ ես երկու անգամ հրաժարվել եմ երկրի 2-րդ և 4-րդ պաշտոններից` այդ նոր սկզբի ու մեկնարկի համար, որ կողմնակից եմ լայն, կոնսոլիդացված քաղաքական ու հանրային համագործակցությանը, դեմ եմ չարությանը, մաղձին ու ատելությանը, կողմ եմ սահուն, բայց վճռական ու հաստատուն, իմաստավորված իշխանափոխությանը: Չեմ առաջնորդվելու կեղծ ու շինծու հեղափոխական կոչերով, չեմ առաջնորդվելու այլոց վարկաբեկելու հաշվին էժան միավորներ շահելու ցավալի մարտավարությամբ: Ձգտելու եմ մեր գաղափարներն ու ծրագրերը դարձնել համընդհանուր գրավչության ու պայքարի հարթակ, ձգտելու եմ ազնիվ ու փոխըմբռնելի համագործակցության: Իշխանություններին ամեն օր իմ պայքարով և աշխատանքով ցույց եմ տալու նրանց սխալներն ու թերությունները, նրանց գիտակցության մեջ համառորեն ամրապնդելու եմ սահուն, բայց հավակնոտ ու վճռական փոփոխությունների անհրաժեշտությունը: Բոլորս պետք է հասկանանք մի պարզ, կյանքով ապացուցված ճշմարտություն: Նրանք, ովքեր դեմ են հասունացած փոփոխություններին, առաջացնում են ցնցումներ և արյունոտ հեղափոխություններ: Հայաստանը վերածննդի կարիք ունի: Հայկական մեր վերածնունդը, հայկական մեր երազանքը իրականություն պետք է դառնա, իսկ սա նշանակում է համառ, հետևողական, պատասխանատու պայքար: Մեզ անհրաժեշտ է մի նոր սկիզբ, մի նոր զարգացում, մի նոր ռազմավարություն, որի հիմքում համախմբումն է, հավատքը և պայքարի վճռականությունը: Իսկ սա նշանակում է, որ մեզ ազգը պետք է ձերբազատվի զոհի ու տրորվածի բարդույթից, համարձակ նայի իր ու իր զավակի ներկային ու ապագային: Սա նշանակում է, որ մենք պետք է փոխվենք, փոխվեն այս հրապարակում կանգնած մարդիկ, հավատան նախ և առաջ իրենց, իրենց ուժերին ու պատասխանատվությանը իրենց երկրի ու իրենց ընտանիքների առջև:

Սա նշանակում է հեղափոխություն մեր ուղեղներում, սա նշանակում է հեղափոխություն մեր հոգիներում: Սա նշանակում է ո՛չ փողով քվեներին, ո՛չ ճնշումներին, ո՛չ ընտրական կեղծիքներին: Ռոմանտիկ պետք է լինել մտածելու համար, թե իշխանությունը կհրաժարվի իր ավանդական այս զինանոցից: Բայց այդ իշխանությունը նույնպես մարդիկ են, ովքեր այսօր տեսնում են երկրի վիճակը, անխուսափելի են համարում փոփոխությունների անհրաժեշտությունը: Հայաստանում ցավոք ամեն մի նախորդ իշխանություն դժգոհ է իր հաջորդից և ընդհակառակը: Հայաստանում ամեն մի իշխանություն վախենում է հաջորդից, որովհետև մեր երկրում շարժիչ ուժ է ոչ թե հանդուրժողականությունն ու շարունակականությունը, այլ թշնամությունը, մեկը մյուսին ամեն գնով նվաստացնելու, նսեմացնելու ու պատժելու գայթակղությունը: Մեզ իսկապես նոր սկիզբ է հարկավոր, նոր սկիզբ, նոր վերածնունդ, որ կմիավորի մեր ազգին, կհամախմբի մեր հասարակությանը երկարատև սպասված փոփոխությունների շուրջ:

Մեզ անհրաժեշտ է հաղթահարել հավատի և վստահության խորը ճգնաժամը, որ կա մեր հասարակության մեջ, մեզ անհրաժեշտ է իմաստավորել մեր անցյալը, ծրագրավորել մեր ապագան: Իսկ սա նշանակում է , որ մեզ անհրաժեշտ է համախմբվել, համախմբում հանուն փոփոխությունների, համախմբում կուսակցությունների, հասարակական շարժումների, կազմակերպությունների, համախմբում երկիրն այս աղետալի վիճակից հանելու շուրջ:

Այս համախմբումը մեզ անհրաժեշտ է ազգովի` Հայաստանով ու սփյուռքով, Արցախով ու Ջավախքով: Հայաստանի անկախության 25 տարիներին մեզ այդպես էլ չհաջողվեց համախմբել մեր ազգին, որովհետև մեր ձեռքբերումները խամրեցին խորացող կորուստներով, որովհետև իշխանությունը չկարողացավ համախմբման կենտրոն դառնալ աշխարհայության համար: Բազմահազար տաղանդաշատ հայեր այդպես էլ չհամախմբվեցին հայրենիքի շուրջ, բազմահազար շնորհալի և կարող մեր հայրենակիցներ այդպես էլ հրաժարվում են ներդրումներ կատարել հայրենիքում, միլիոնավոր մեր հայրենակիցներ երազում են ունենալ մի նոր Հայաստան, մի նոր իրականություն, մի նոր վերածնունդ: Իսկ վերածնունդը պետք է ծնվի մայր հողում , մայր հայրենիքում և նախ և առաջ այս հարթակից, այս հրապարակից ու թևածի աշխարհասփյուռ մեր գաղթօջախները: Գուցե սա մի երազ է, մի հեռավոր տեսլական, բայց այնքան հրաշալի է այն, որ պետք է ձգտենք դրան հասնել ազգովի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. david says:

    էդ գաղափարները վեց թվանոց ազգությանը դարձնելու են միլիոնանո*ց:Ավերակների վրա թագավորելու համար հերթեր կարող են գոյանալ միայն այս երբեմնի պետությունում:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031