Լրահոս
Օրվա լրահոսը

Սպանված ազատամարտիկի հարազատները սպառնում են տեռորի դիմել. «Հրապարակ»

Հուլիս 19,2014 11:39

Երեկվա մեր հոդվածը՝ կնոջ եւ դստեր աչքի առաջ դաժանաբար ծեծի ենթարկված ու երկու օրից հիվանդանոցում մահացած ազատամարտիկ Վարդան Թումանյանի մասին, ցնցել էր բոլորին: Փաստորեն, գործ ունեն «Հարսնաքար 2»-ի հետ: Սպանվածի դին երեկ ընկերներն ու հարազատները հողին հանձնեցին: Բայց նրանց համար պայքարը նոր է սկսվում, նրանք պատրաստ են կյանքի գնով պայքարել, որ արժանի պատժի ենթարկվեն իրենց եղբոր, մարտական ընկերոջ, հոր ու ամուսնու կյանքը դաժանաբար ընդհատած «գազանները»: «Մենք ապավինելու ենք արդարադատությանը եւ սպասելու ենք վերջին, եթե արդարադատությունը չեղավ այնպես, ինչպես ճիշտն է, մենք կդիմենք տարբեր տեղեր եւ միջոցների»,- ասում է «Սուրմալու» ջոկատի հրամանատար ազատամարտիկ Արթուր Խաչատրյանը, ում ջոկատում է մարտնչել հանգուցյալը: Ընկերները նրա մասին «լավն» են հիշում ու համոզված են, որ Վարդանը չէր կարող կռիվ հրահրել, մեղավոր լինել:

«Ինքն աննկարագրելի բարի էր, մի ճանճի չէր նեղացնի, բայց դե, գազանացրած շների ժամանակներ են, ախրանիկներ, չգիտեմ ինչեր, պարապացրած շան որդիներ»,- ջոկի հրամանատարը դժվարանում է այլեւս խոսել: «Ինքն ընդհանրապես կոնֆլիկտային չէր, շատ հանգիստ, շատ խաղաղ, գրագետ, կարգին մարդ էր, լավ մարտիկ, որը ոչ մի անգամ պրոբլեմ չի ստեղծել, ու ցավում ենք մեծ կորստի համար»,- լրացնում է մեկ ուրիշ ազատամարտիկ՝ նույն ջոկատից Արթուր Մարգարյանը։ Նա էլ դեռ հույս ունի, որ արդար քննություն կգնա, եթե ոչ՝ այդժամ կխոսեն: Վարդանին բոլոր ընկերներն են այդպես հիշում, ով կյանքն անգամ չէր խնայի ընկերոջ համար: Հիշում են, երբ Լաչինի ազատագրման ժամանակ նրա զինակից, այժմ հանգուցյալ Գագիկ Վարդանյանն ազդոսկրի շրջանում ծանր վիրավորվել է, եւ ջուր կամ սպիրտ չի եղել, որ ցեխաշաղախ ու արյան մեջ թաթախված վիրավորի վերքը մաքրեն ու ցավազրկող ներարկեն, Վարդանը լեզվով մաքրել է կեղտի մեջ կորած ընկերոջ մարմինը, որ սրսկելիս վարակ չանցնի: Վարդանի քույրը՝ տիկին Մարիետան էլ իր հերթին է խոստանում՝ եթե արդարություն չլինի, եւ ծեծող «գազանները» խմբակային հանցագործության համար չպատժվեն, ինքը սեփական ձեռքերով արդարության կհասնի ու «տեռոր» կանի. «Հայաստանում այդ ժամանակ կհայտնվի Մարիետա Թումանյանը, որը տեռոր է անելու»: Հանգուցյալի կինը նույնն է ասում, թեպետ նրան առերեսման ժամանակ սպառնացել են, բայց նա չի վախենում։ «Ջունգլին բոլորն են ճանաչում այս քաղաքում: Նրանք վարձու մարդասպաններ են: Ինքն ինձ ասում էր՝ մի արա, վերեւը մարդ կա… Բայց իրեն դուխ տվողները չեն պատկերացնում, որ մի օր էդ կենդանին իրենց դեմ է դուրս գալու, իրենց երեխաների դեմ է անելու»,- ասում է տիկին Տանյան:

Լուսանկարը՝ արխիվային

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031