Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Սարգսյան. Չեմ բացառում, որ Լեւոն Հայրապետյանի ձերբակալման հետևում կա ադրբեջանական հետք. «Հայոց աշխարհ»

Հուլիս 19,2014 10:20

Հարցազրույց Դեմկուսի նախագահ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ

-Հայտնի գործարար Լեւոն Հայրապետյանի ձերբակալությունից ժամեր անց մեկը մյուսի հետեւից սկսեցին տարբեր վարկածներ շրջանառվել: Դրանցից մեկը ադրբեջանական հետք տեսնելն էր պայմանավորված նրանով, որ ծագումով արցախցի գործարարը մեծ ներդրում ունի ԼՂՀ կայացման գործում: Ի դեպ, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը եւս հայտարարեց, թե քաղաքական պատվեր կա, նկատելով՝ միակ պետությունն աշխարհում, որը հիմք ունի դժգոհելու Լեւոն Հայրապետյանի գործունեությունից, Ադրբեջանն է:

-Լեւոն Հայրապետյանը, արցախցի լինելով, իր հայրենիքի համար լավ գործեր է կատարել, եւ շատ հնարավոր է, որ որոշ ուժեր շահագրգռված լինեն խոչընդոտելու նրա աշխատանքներին: Բայց նաեւ չմոռանանք, որ միայն Լեւոնը չէ ԼՂՀ-ին օժանդակողը, այլ ողջ հայ ժողովուրդը, ամեն մի հայ իր լուման ունի այդ կարեւոր գործում, այդ թվում եւ մյուս հայ մեծահարուստները՝ Սամվել Կարապետյանը, Արա Աբրահամյանը: Կարող եմ տասնյակ անուններ թվել:
Եթե Հայրապետյանի անձի դեմ կա միտում, կարծում եմ, քննության ընթացքում այն անպայմանորեն կբացահայտվի, որովհետեւ Լեւոն Հայրապետյանը պատահական անձ չէ, ու Ռուսաստանում, իհարկե, ուշադրությունը կկենտրոնանա այդ գործընթացի վրա: Իսկ երբ նկատելի դառնա որեւէ միտում, այդ թվում եւ քաղաքական, մենք մեր բողոքը կներկայացնենք եւ անշուշտ կմիջամտենք:
Ադրբեջանը, ի տարբերություն Հայաստանի, նպատակ է դրել ամեն կերպ վարկաբեկել հայերին ու մեր երկիրը: Նրանք հնարավոր բոլոր ճանապարհներով իրենց ծրագիրն են իրականացնում: Ու եթե մենք կազմակերպված ազգ ենք, ուրեմն մենք էլ պետք է կարողանանք այդ նույն ծրագիրը իրականացնել Ադրբեջանի դեմքն աշխարհին ցույց տալու համար:
Օրերս դիվերսիոն խումբ ներթափանցեց Արցախ ու կատարեց ահավոր հանցագործություններ՝ 17-ամյա տղային առեւանգեցին ու սպանեցին, սպանել են նաեւ մեկ սպայի ու ծանր վիրավորել մի կնոջ: Հիմա, այս ամենի մասին միայն հայկական մամուլով խոսելը ո՞ւմ է պետք: Ինչո՞ւ Հայաստանի ԱԳՆ-ն համապատասխան նոտա չի հղում ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին, նաեւ Մինսկի խմբի համանախագահներին:
Եվ այսօր երբ խոսվում է, թե Հայրապետյանի ձերբակալման հետեւում կա ադրբեջանական հետքը, ես դա չեմ բացառում: Սա եւս կարող է տեղավորվել Ադրբեջանի հակահայկական ծրագրերում: Փողով ամեն ինչ կարող են առնել:

-Ի դեպ, ձերբակալման լուրն առաջինը տարածած կայքը՝ rosbalt.ru-ն եւս, ծախվածների շարքում է, դա պարզորոշ երեւաց լուրի մատուցման ձեւից, իսկ հետո պարզվեց, որ տնօրենը սերտ կապեր ունի Ալիեւների ընտանիքի հետ:

-Ճիշտ եք, դրա համար էլ հայկական կողմը պետք է նախահարձակ քաղաքականություն իրականացնի եւ ի ցույց դնի, թե Ադբեջանն ինչո՞վ է զբաղված, ինչո՞ւ, ինչե՞ր եւ ինչպե՞ս է անում: Ինձ համար հետաքրքիր է՝ պետական մակարդակով ի՞նչ է արվում այս ամենի դեմն առնելու համար:
Խիստ դատապարտելի է «Ռոսբալտի» տարածած հաղորդագրությունը, հարկավոր է այս գործակալությանն ուղղել մեր բողոքը, որ տարածեցին չափազանցված, իրականությանը չհամապատասխանող, միտումնավոր տեղեկատվություն: Իսկ անաչառ լրատվությունը կլիներ այն, եթե ուղղակի նշվեր՝ ձերբակալվել է տվյալ անձը, որը մեղադրվում է «այսինչ» հանցագործության համար: Մինչդեռ կայքը շեշտադրեց հանգամանքներ, որոնք ոչ մի առնչություն չունեն ներկայացված մեղադրանքի հետ:
Օրինակ, շեշտվեց, թե ձերբակալված անձը Արցախի հիմնադիրներից է: Իսկ ո՞վ ասաց, որ հիմնադիրներից է: Կամ լոբբիստն է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցերում աշխարհում: Նման տեղեկատվություն տարածելով, իրոք, փորձ է արվում որոշ հարցեր միմյանց հետ արհեստականորեն շաղկապել ու միտումնավոր քաղաքականացնել հարցը, ինչը դատապարտելի է։ Դա պետք է կանխել:
Լեւոն Հայրապետյանին մեղադրանք է ներկայացվել, ուր նշվում է՝ կասկածվում է ֆինանսական մեքենայության, այսպես ասած, «փողերի լվացման» մեջ, այսինքն՝ կատարվածը դիտվում է որպես զուտ տնտեսական հանցագործություն: Այս պահին ընթանում է նախաքննություն: Եվ մենք պետք է փորձենք հենց իրավական տեսանկյունից հասկանալ, թե ի՞նչ միտում կա, արդա՞ր է նրան ուղղված մեղադրանքը, թե՞ ոչ: Հետեւաբար գործընթացի միտումնավոր քաղաքականացումը մեծ վնաս կարող է հասցնել մեր հայրենակցին:

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031