Արմեն Սրապյանը ցուցմունք էր տվել, եւ ասել էր, որ ճանապարհին տեսնելով խաչապուրի են վաճառում, ցանկացել է գնել.«Կրպակի առաջ կայանված էր ոստիկանների ջիպը, իսկ ոստիկանը երկու-երեք մետրից նայում էր իրեն, հարցնելով՝ արա, ի՞նչ ես անում:Ես էլ ասացի՝քո համար արա չեմ, անունս Արմեն ա»:
Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում Արմեն Սրապյանի վերաբերյալ քրեական գործը:
Նա հաշվառված է Ավանի հոգեբուժական կլինիկայում:Նախկինում դատապարտվել է դանակահարության համար, հոգեկան ծանր վիճակում գտնվելով՝ կատարել է ինքնավնասումներ՝ որովայնի շրջանում, նախաբազկի վրա:
Նրա պաշտպանությունն իրականացնում է հանրային պաշտպանի գրասենյակից Գարիկ Մալխասյանը: Տեղի են ունեցել մի քանի նիստեր:
Արմեն Սրապյանը մեղադրվում է Կոմիտաս 5 հասցեի մոտ ալկոհոլ օգտագործած վիճակում ոստիկանության ՊՊԾ գնդի երկրորդ գումարտակի 2-րդ վաշտի ոստիկաններ Հրայր Ազատյանի եւ Սարգիս Հակոբյանի հետ վիճաբանության մեջ մտնելու համար:
Մեղադրանքը պաշտպանող Արաբկիրի դատախազը հաստատված է համարել այն, որ հոգեկան հիվանդությամբ տառապող Ա.Սրապյանը «ձեռքերով եւ ոտքերով հարվածներ է հասցրել ոստիկաններին, հարվածել Սարգիս Հակոբյանի գլխին՝ նրա կյանքի եւ առողջության համար բռնություն գործադրել»:
Ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության,ոստիկանը ստացել է առողջության կարճատեւ քայքայումով թեթեւ վնաս:
Արմեն Սրապյանը ցուցմունք էր տվել, եւ ասել էր, որ երբ խաչապուրին գնելու ժամանակ ոստիկանը մոտեցել է իրեն, հարցրել է.«Արա, դու անձնագիր ունե՞ս, սուր-ծակող գործիք ունե՞ս, ո՞վ ես»:
Ա.Սրապյանը պատասխանել է, որ չի թողնի ստուգեն իր գրպանները:
Նրան ոստիկանները տարել են բաժին:Ճանապարհին, ավտոմեքենայի մեջ, ըստ Ա.Սրապյանի ցուցմունքի, աջ ու ձախ կողքին նստած ոստիկանները «սկսեցին խփել, ծեծել, իսկ ինքը նրանց չի պատասխանել, չի հայհոյել»:
Սրապյանի մարմնին առկա են վնասվածներ, որոնք ասում է, թե ստացել է միջադեպի ժամանակ, մեքենայում եւ փողոցում, ոստիկաների հետ միջադեպի ժամանակ:
Ի դեպ, երկու ոստիկաններին ըստ նախնական տեղեկությունների, օգնության են հասել նաեւ եւս երկուսը՝ Վահագն Վարդանյանն ու Նշան Խաչատրյանը, որոնք էլ ոստիկանական մահակներով , ոտքերով հարվածել են խաչապուրին այդպես էլ չգնած երիտասարդին:
Կրպակի տերն էլ ցուցմունք էր տվել, թե Արմենը ոտի վրա կանգնել չէր կարողանում, հարբած էր, նա է նայել ոստիկանին, հեգնական հայացքով հարցրել «Հը, արա», ոստիկանն էլ , որ սնվում էր այդ ժամանակ բարեկիրթ դիմել է քաղաքացուն, հարցնելով.«Քաղաքացի, Ձեզ կարգի հրավիրեք»: Ամբաստանյալը միջադեպի պահին եղել է քրոջ եւ ամուսնու հետ, որոնք տեսել են կատարվածը:
Դատական փորձագիտական հանձնաժողովի անդամների հարցին, թե «անմեղ տեղը ոստիկանները ծեծե՞լ են», Արմեն Սրապյանը պատասխանել է.«ինձ ծեծել են իրենց նայելու համար»:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ