Լրահոս
Օրվա լրահոսը

Չորս օր՝ հայոց աշխարհի շուրջ

Հուլիս 19,2014 13:50

Ստեփանակերտ-Երեւան. օր չորրորդ

…Շուշիի բարձունքներից Ստեփանակերտը կարծես ափիդ մեջ լինի՝ կանաչ, գեղեցիկ: Ղարաբաղի խորհրդանիշ Պապ ու Տատը նույն տեղում են՝ հողին ամուր կառչած: Բարեկարգ, ծաղկազարդ պուրակում հարյուրավոր այցելուներ: 1992-ի ամռանն այստեղ թռիչքադաշտ էր. ուղղաթիռները Հայաստանից հաց ու սննդամթերք էին բերում, Ստեփանակերտից էլ Երեւան վիրավորների տեղափոխում…

«Ստեփանակերտի փողոցներն աշխուժացել են, բացվել են որոշ խանութներ…Քաղաքում լույսը գրեթե չեն անջատում, բայց գազ ու ջուր չկա: … 1991-ի դեկտեմբերից մինչեւ 1992-ի մայիսի 8-ը Ստեփանակերտը ռմբակոծվում էր «Գրադ» կայանքներից, «Ալազան» հրթիռներով, «Սու» ինքնաթիռներով, ուղղաթիռներով, տանկերով: Արձակվել էր 5000 տարբեր տիպի արկ, զոհվել է 110, վիրավորվել 300 մարդ: Միայն ջուր բերելու ժամանակ զոհվել է մոտ երեք տասնյակ մարդ: Ռմբակոծում էին 5 կետից՝ Շուշիից, Մալիբեյլիից, Խոջալուից, Ջանհասանից, Քյոսալարից: Այսօր թուրքի նախկին կրակակետերը ավերակ են դարձել» -1992թ.:

DSC_1_4 DSCr_5

Կարդացեք նաև

Հիշողություններս հեռախոսազանգն ընդհատեց. «Ստեփանակերտում ես ու չես գալի՞ս»: Բարձրաստիճան պաշտոնյա բարեկամիս զանգից անկեղծ ուրախացա, էլ չասեմ՝ ջերմ ընդունելության մասին: Աննայի հուզմունքը հասկանալի էր, ամեն դպրոցական չէ, որ Ղարաբաղում նախարարի հյուրն է: Տարիները շտկումներ են մտցնում մարդկային հարաբերությունների մեջ. կառավարության մեկ այլ բարձրաստիճան բարեկամս՝ ահավոր զբաղված եմ, մի ժամից անպայման կզանգեմ, երիցս ասելով՝ «հին ընկերոջը» փաստորեն տեսնել չկամեցավ: Հուսամ, որ պատճառն, իրոք, ԼՂՀ տնտեսության զարգացման ծրագրերն են, որոնց մասին բարեկամս երբեմն պատմում է Հայաստանի հեռուստատեսությամբ:

Ստեփանակերտի փողոցները՝ կանաչ, անաղմուկ, մաքուր, սրճարանների ու ռեստորանների երաժշտությունը՝ չափավոր: Փնթիության մի դրվագ, այդուհանդերձ, նշեմ. Ազատամարտիկների պողոտայում ուշ երեկոյան 40-ին մոտ երկու տղամարդ արեւածաղկի մնացորդով ապականում էին շուրջբոլորը: Քսաներկու տարվա մեջ առաջին անգամ էի նման բան տեսնում: Ի պատասխան զարմանքիս՝ տղամարդիկ սկսեցին բողոքել, ասացին, որ աշխատանք չկա, որ գնալու են Ղարաբաղից, քանի որ ղեկավարությունը իրենց անցյալը չի գնահատում, հայաստանյան մի պատկեր, մի խոսքով: Ստեփանակերտի քաղաքային պանթեոնում ծաղիկներ ու լռություն է. այստեղ հազարավոր քաջեր են հանգչում: Պատերազմի տարիներին ամեն օր ցերեկվա 12-ին այստեղ համազարկ էր հնչում… ստեփանակերտցիները հրաժեշտ էին տալիս իրենց եւս մեկին, երկուսին… Պատկերացնել, որ պանթեոնի շրջակայքում կարող են ռեստորան-սրճարաններ բացվել, անհնար է: Մինչդեռ Երեւանում, Ծիծեռնակաբերդի բարձունքում վերջերս բացօթյա կինոթատրոն ու մի քանի նոր «օբյեկտ» է բացվել, երեւի Մեծ եղեռնի 100-ամյակին ընդառաջ: Շրջակա բնակիչներս ակամա մասնակից ենք դառնում Հայաստանի տերերի՝ «լավ տղերքի»՝ Ծիծեռնակաբերդի բարձունքներում ամեն օր մինչեւ լույս քեֆ-ուրախությանը: Քանի որ շեղվեցի բուն նյութից, ասեմ, որ հաճախ ստիպված ենք գիշերվա կեսին դիմել Մալաթիայի ոստիկանությանը՝ այլանդակ խրախճանքը կասեցնելու խնդրանքով: Ի պատիվ ոստիկանների, նրանք «դրանց» ձայները կտրում են, կեցցեն ոստիկանները: Սակայն, բավ է, գանք Ստեփանակերտին:

«Եվրոպա» հյուրանոցը Ազատամարտիկների պողոտայում է, արտգործնախարարության հարեւանությամբ՝ ժամանակակից, շքեղ «հոթել» է՝ համապատասխան գներով: Ստեփանակերտում ավելի համեստ հյուրանոցներ էլ կան: «Եվրոպայում» ՀՀ դատախազության բարձրաստիճանների հանդիպեցինք՝ շքեղ մեքենաներով հանդերձ, ավելի ուշ նույն խումբը «Արմենիա» հյուրանոցի բացօթյա սրճարանում էր՝ միջպետական համագործակցության ուղիներն են որոնում, երեւի:

«Լյովան «Դոմ գոստեյ» կոչվող հյուրանոցի տեր ու տիրականն է: Պատվով ու հարգանքով ընդունում է Հայաստանի պաշտոնյաներին ու ճամփա դնում: Ամեն ինչ ունի, նույնիսկ՝ հաց: Հացի խնդրում երբ նեղն է ընկնում, «տոստ» է պատրաստել տալիս Ջուլյային: Ջուլյան եղած հացը բարակ կտրում է, կարմրացնում ու մատուցում բարձրաստիճան հյուրերին. «Հունց որ Եվրոպայում ինինք»,- ասում է Լյովան»: Միջպետական շփումների մակարդակը քսան տարիների ընթացքում տվել, անցել է եվրոպական ցանկացած մակարդակ, կարմրացրած հին հացը այլեւս ոչ ոք չի հիշում:

Ստեփանակերտի կենտրոնը՝ Վերածննդի հրապարակով եւ հարակից փողոցներով, երեկոյան միշտ բազմաշատ է: Հրապարակից վերեւ Վազգեն Սարգսյանի փողոցն է՝ իր բրենդային բազմաթիվ խանութներով, նորակառույցներով, բանկերով: Հրապարակի հակառակ ուղղությամբ՝ գեղեցիկ լուսավորությամբ եւ պուրակներով, ձգվում է Ալեք Մանուկյան փողոցը: Նորակառույց բնակելի շենքերը, դպրոց-մանկապարտեզները, հյուրանոցները, մանկական զբոսայգին, մարզադաշտը, «Վալլեքս Գարդեն» շքեղ հյուրանոցը եւ շատ-շատ այլ շինություններ Ստեփանակերտին կոկիկ եվրոպական քաղաքի տեսք են տալիս: «Հա, հա, էդպես է»,- համաձայնում է Համբարձումը: Նա հատկապես «Ուռենի» ռեստորանից էր տպավորված՝ գները մատչելի, ուտեստը համեղ, երաժշտությունը մեղմ, «պատրոնդաշն» այստեղ ոչ ոք չէր կապում եւ չէր գոռում աշխարհով մեկ, թե «Արարատը մեր լեռն ա, մեր լեռն ա…»: «Ուռենու» սեփականատերը՝ Աշոտը, թեեւ հայկական կրթություն ունի, բայց «Եվգենի Օնեգինից» կարող է ժամերով հատվածներ արտասանել: Նրան պատերազմի տարիներից գիտեմ՝ Դադամյան Միքայելի ընկերն էր: Մեր սիրելի Միշան պատերազմի թոհուբոհով անցավ, բայց խաղաղությունը չհասցրեց վայելել: Կարինեն երեք զավակներին մենակ մեծացրեց: «…Դադամյան Միքայելի՝ Միշայի ընտանիքը մնացել է Ստեփանակերտում։ Ավագ որդին՝ Բորիսը, ուսանող է, միջնեկը՝ Արկադին, դպրոցական, ամենափոքրը՝ Բելան, տանն է՝ 5-րդ հարկում։ Շենքերի վերին հարկերը ամենավտանգավորն են։ Բելան «Միացումի» տարին է ծնվել՝ 1988-ին։ «Վոզդուխ, մամա, վոզդուխ», – ճչում է փոքրիկ Բելան…»- 1992թ., Ստեփանակերտի ռմբակոծություններ օդից։ Կարինեն իր երեք զավակներով եւ վեց թոռով այսօր էլ է Ստեփանակերտում ապրում, աշխատում, թոռներին գուրգուրում, հույսով, որ շատանալու են թոռները:

Առավոտյան հրաժեշտ եմ տալիս ընկերուհուս՝ ե՞րբ հասցրեց «ժենգյալով հացը» պատվիրել ու դնել պայուսակս: Հորս, ամերիկահայ Համբարձումի, իր հայաստանցի կնոջ ու դստեր հետ տուն ենք վերադառնում՝ Երեւան: Շուշիի տանկի մոտ կանգ ենք առնում, միասին բարձրանում վերեւ, դարձյալ պատառիկներ եմ հիշում հեռավոր 1992-ից: Լիսագոր, Բերդաձոր, Աղավնո, Բերձոր (Լաչին), Սբ. Համբարձման եկեղեցի: Հայաստանի երեք մարզեր՝ Սյունյաց, Վայոց, Արարատյան: Ընդարձակ լճեր Արարատյան դաշտավայրում՝ հայոց ծովեր՝ խլրտուն ձկներով: Անհաղորդ Արարատ լեռը: Դարձ ի շրջանս՝ հայոց մայրաքաղաք՝ հույսի Երեւան:

ԱԼՎԱՐԴ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031