Անսամբլը հյուրախաղերով Ֆրանսիայից հետո մեկնել էր Իսրայել
Պարարվեստի «Բարեկամություն» պետական անսամբլը, որը 27 տարի առաջ հիմնել ու ղեկավարում է ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը, հայկական ազգային պարը ներկայացնում է դասական, խորեոգրաֆիկ ոճով, իսկ մեհրաբյանական բեմադրությունները վաղուց ստեղծել են նոր ուղղություն հայկական ժամանակակից պարարվեստում: Պարերը ստեղծված են Կոմիտասի, Սայաթ-Նովայի, Ա. Խաչատրյանի, Ա. Բաբաջանյանի, Տ. Մանսուրյանի, Ա. Տերտերյանի, Է. Հովհաննիսյանի, Գ. Հախինյանի, Ռ. Ալթունյանի եւ այլ կոմպոզիտորների երկերի մշակումների հիման վրա:
«Բարեկամությունը» մեծ հաջողությամբ հանդես է եկել աշխարհի տարբեր երկրներում՝ ԱՄՆ, Գերմանիա, Ռուսաստան, Իտալիա, Անգլիա, Չինաստան եւ այլն: Կոլեկտիվը պարբերաբար մասնակցում է տարբեր փառատոների, իսկ որպես վերջին փառատոնային նվաճում, նշենք 2013թ. Սանկտ Պետերբուրգում կայացած միջազգային փառատոնում Գրան պրի մրցանակը:
Ֆրանսահայ երիտասարդաց միության (գեղարվեստական ղեկավար՝ Պասկալ Շամասյան, նախագահ՝ Տիգրան Հարումյան) հրավերով հունիսի 28-ից հուլիսի 7-ը Փարիզ, Լիոն, Մարսել քաղաքների հեղինակավոր համերգասրահներում՝ «Casino de Paris», «Bourse du Travail», «Palais des Congres» տեղի ունեցան «Բարեկամության» մենահամերգները:
Կարդացեք նաև
«Առավոտի» հետ զրույցում անսամբլի տնօրեն Տիգրան Մխոյանը նշեց, որ հիշյալ միությունը երբեւէ չի զբաղվել հյուրախաղերով: Իսկ Ֆրանսիայում շուրջ 40 տարի Հայաստանից ոչ մի պարային պետական կոլեկտիվ ամբողջական կազմով մենահամերգ չի ունեցել: Նշեց նաեւ, որ տեղի երիտասարդաց միության եւ իրենց գերնպատակը հայկական պարարվեստը ներկայացնելն էր ոչ միայն տեղի հայ համայնքին, այլեւ ֆրանսիացի հանդիսատեսին, որն իրականություն դարձավ ՀՀ մշակույթի նախարարության եւ անսամբլի գլխավոր գործընկեր «ՎիվաՍելլ-ՄՏՍ»-ի աջակցությամբ: Պարոն Մխոյանն ասաց, որ հանդիսատեսի 70%-ը օտարներ էին: «Ֆրանսիայի երիտասարդաց միությունը հիանալի էր կազմակերպել անսամբլի համերգները: Զարմացած ենք այդ կազմակերպության մեջ ընդգրկված հայ երիտասարդների աշխատանքով ու խանդավառությամբ: Անսամբլի յուրաքանչյուր համերգի ավարտին վարագույրը 20-30 րոպե մի քանի անգամ փակվում էր ու բացվում, հանդիսատեսը չէր հեռանում դահլիճից:
Իսկ, օրինակ, Փարիզի համերգից հետո ժողովուրդը պարզապես փակել էր համերգասրահին կից փողոցը: Կարծում եմ՝ այս հյուրախաղը ֆրանսահայ երիտասարդության մեջ մի նոր ոգեւորություն առաջացրեց դեպի հայկական արմատները»,- ասաց տնօրենը: Նա նշեց, որ քաղաքից քաղաք իրենց ուղեկցում էին տեղի հայերը, նույնիսկ հուլիսի 14-ին՝ Բաստիլի գրավման օրվան նվիրված շքերթին, որին այս տարի առաջին անգամ մասնակցում էր Հայաստանի պատվիրակությունը, Ֆրանսիայում ՀՀ դեսպանորդ Վահագն Աթաբեկյանը եկել է օդանավակայան՝ հնարավոր խնդիրները լուծելու համար: «Բարեկամություն» անսամբլի արձագանքները տեղ են գտել ոչ միայն ֆրանսահայ, այլեւ ֆրանսալեզու մամուլում, այդ թվում՝ «La Marsellaise», «La Provence», «France-Armenie», «Nouvelles d Armenie Magazine»:
Տնօրենը ոգեւորված էր նաեւ եվրոպական տարբեր երկրներից, այդ թվում՝ Ավստրիայից, Բելգիայից, Ֆրանսիայում կայացած 3 համերգներին Մեհրաբյանի նախկին սաների, ժամանակին «Բարեկամության» անսամբլի պարողների ներկայությունից: Համերգներին ներկա են եղել նաեւ Լիոնի «Նաիրի» պարային անսամբլի հիմնադիրներ, մեհրաբյանական դպրոց անցած Ֆելիքս եւ Թերեզա Գրիգորյանները եւ ուրիշներ: Իսկ ընդհանուր հաշվով համերգներին ներկա է գտնվել շուրջ 5000 հանդիսատես: Պարոն Մխոյանը հատուկ նշեց, որ անսամբլի 40 արտիստները փայլել են նաեւ ոչ պակաս կարեւոր հատկանիշով՝ կարգապահությամբ:
Ֆրանսիայից «Բարեկամությունն» ուղեւորվել է դեպի Իսրայել, որտեղ հուլիսի 8-13-ը երգչուհիներ Ինգա եւ Անուշ Արշակյանների ու «Կադանս» անսամբլի հետ մասնակցել է Հայաստանի մշակութային օրերին, ինչպես նաեւ հանրահայտ, շուրջ կեսդարյա կենսագրություն ունեցող «Կարմիել» միջազգային փառատոնին: Ինչպես նշեց Նորայր Մեհրաբյանը, տարբեր երկրներից ժամանած մի քանի տասնյակ պարային կոլեկտիվների թվում իր ղեկավարած անսամբլը բացառության կարգով հուլիսի 9-ին ելույթ է ունեցել մենահամերգով, հանդիսասրահի գրեթե 90 տոկոսն էլ այլազգի է եղել: «Փառատոնի նախագահ Ահարոն Սոլոմոնն անցյալ տարի ժամանել էր Երեւան՝ հենց «Բարեկամությանը» հրավիրելու նպատակով… Մտավախություն ունեինք, որ իսրայելա-պաղեստինյան կոնֆլիկտի սրման պատճառով ամեն րոպե կարող էր դադարեցվել համերգը… Օրինակ, Թել Ավիվում մեր փորձի ժամանակ հանկարծակիի եկանք պայթյունի ձայնից. պաղեստինյան կողմից արձակված հրթիռը ոչնչացրել էր Իսրայելի հակաօդային պաշտպանությունը…»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լուսանկարում` «Բարեկամություն» անսամբլը՝ ֆրանսիական բեմում:
«Առավոտ» օրաթերթ
18.07.2014