Կինոգետ Ջեյմս Ստեֆանսը՝ «Ոսկե ծիրանի»,
հայկական կինոյի ու հյուրընկալության մասին
Ջեյմս Ստեֆանսը կինոյի եւ մեդիայի ուսումնասիրությունների գրադարանավար է` Ատլանտայի համալսարաններից մեկում, նաեւ հետխորհրդային կինոյի պատմաբան: Նա չորրորդ տարին է գալիս Հայաստան, այն էլ՝ «Ոսկե ծիրանի» օրերին: Ջեյմս Ստեֆանսը փարաջանովապաշտ է, իր կյանքի 20 տարիները նվիրել է մի գրքի ստեղծման, որը կոչվում է «Սերգեյ Փարաջանովի արվեստը»:
Ասպիրանտուրայում էր, երբ առաջին անգամ տեսել է վարպետի հայտնի «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմը, ապա «Նռան գույնը»: Ասում է՝ իրեն ցնցել է ու սկսել է լրջորեն հետաքրքրվել Փարաջանովով:
Հարցրինք՝ իրեն դո՞ւր է եկել Սկորսեզեի հիմնադրամի կողմից վերականգնված «Նռան գույնը», որով բացվեց 11-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնը:
Կարդացեք նաև
Մեր զրուցակիցը նշեց, որ այդ տարբերակը երկու անգամ դիտել է՝ մեկը Բոլոնիայի «Վերագտնված կինո» փառատոնում, մեկն էլ Երեւանում: Ավելին, ինքը ֆիլմի խորհրդատուներից մեկն է: Կինոգետն ասում է, որ վերականգնված տարբերակում «Նռան գույնի» գույներն ավելի արտահայտիչ են դարձել, հնչյունային մասը կատարելագործվել է, ֆիլմն ամբողջացել: Մեր զրուցակիցն ասաց, որ փարաջանովյան թեման դեռ չի սպառել ու կշարունակի ուսումնասիրությունները. «Իմ ուսումնասիրության նյութը սովետական կինեմատոգրաֆն է, այն բազմազգ էր, բայց այդ բազմազանության մեջ անգամ երեւում էին հայրենասիրության, ազգային անհատականության կնիքն ու դրսեւորումները»:
Կինոգետը տպավորված է նաեւ Փելեշյանի, Համո Բեկնազարյանի, Հենրիկ Մալյանի ֆիլմերով: Կուզենար, որ նրանց ֆիլմերն ավելի հասանելի լինեին միջազգային հանրությանը՝ լավ որակով ու անգլերեն ենթագրերով: Պատասխանելով մեր հարցին՝ նա ասաց, որ հայ ժամանակակից ռեժիսորներին առանձնապես չգիտի ու դեռ կհասցնի ուսումնասիրել:
Ինչ վերաբերում է «Ոսկե ծիրան» երեւանյան կինոփառատոնին, Ջեյմս Ստեֆանսը նշում է, որ շատ կինոգործիչների գիտեր տարիներ շարունակ, բայց երբեք չէր հանդիպել ու տեսել է Երեւանում՝ «Ոսկե ծիրանի» օրերին: «Ինձ ապշեցնում է նաեւ լեգենդար հայկական հյուրընկալությունը: Մի բան էլ՝ Հայաստանում նման փառատոն կազմակերպելը՝ նման մակարդակով ու ծավալով, ուղղակի հերոսություն է»,- հայտարարում է կինոգետը:
Մի քանի նախադասությամբ բնորոշելով Հայաստանը՝ նա հավելում է. «Դուք անհավատալիորեն հարուստ մշակույթ ունեք, նման մարդկային ջերմություն ես այլ տեղ չեմ հանդիպել»:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարում` Ջեյմս Ստեֆանսը
տպավորված է Հայաստանով:
«Առավոտ» օրաթերթ
18.07.2014