Գոտեպնդվեցինք, երբ 911-ը կրկին գրանցեց հեռախոսազանգս այն մասին, որ շաբաթներ առաջ ամառանոցի մեր տնակում օձ է հայտնվել, որի հետ մի օր էլ գիշերել ենք, ինչի պատճառով վախենում ենք նորից գնալ այնտեղ: ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության մեքենային դիմավորեցինք հայտնի մի վայրում՝ Թոխմախի գերեզմանոցի գլխավոր մուտքի առջեւ եւ ճանապարհվեցինք: Մեր ճանապարհի 3 կմ-անոց հատվածը գրունտային էր: Տեղ հասնելուն պես փրկարարներն ուշադրությամբ զննեցին տարածքը, այնուհետեւ տան բոլոր հարկերի անկյունները, ներքնահարկն ու նկուղը… Օձն, իհարկե, չհայտնաբերվեց, սակայն ծառայության աշխատակիցների հետ զրույցից շատ ուսանելի բաներ իմացանք, ինչն էլ ուզում եմ հաղորդել մեր ընթերցողներին… Նախ ասեմ, որ ազատության մեջ հաճախ էի օձերին հանդիպում եւ մտքովս չէր էլ անցնում զանգահարել 911, դրանք ավելի սարսափելի չէին ազատության մեջ, ինչպես տանը… Ինչեւէ… Բանիմաց մասնագետները (թող ներվի, նրանց ոչ մեկի անունը չիմացա) խորհուրդ տվեցին նման հաճախությամբ օձերի հետ հանդիպումից խուսանավելու համար, տանը կամ այգում ոզնիներ պահել, ինչպես նաեւ խուճապի մատնվելու փոխարեն՝ հեռվից հետեւել օձին, թե ո՞ր կողմը գնաց, որպեսզի փրկարարները հետո կարողանան հայտնաբերեն:
Ծանոթացրին իրենց ունեցած միակ «զենքի» հետ, որի նմանակը կարող է պատրաստել յուրաքանչյուր ոք եւ որին կարող են փոխարինել բահն ու փոցխը. պարզվեց, որ առավել վտանգավոր են գեր ու կարճ պոչով օձերը, գրեթե անվտանգ են ոչ գեր, եկար պոչերով օձերը: Նաեւ իմացանք, որ օձը կարող էր ծխնելույզով ներս եկած լինել, որ պետք է սննդամթերք, ջուր ու անցքեր չթողնենք նրանց համար, որ վայրկյանների հարց է ներս մտնելը, տեսնելիս էլ՝ բահով կամ մի հարմար առարկայով սատկացնել է պետք, գլխին հարվածելով: Իսկ օձի վրեժխնդրությանը խորհուրդ տվեցին չհավատալ: Մեր տարածքում՝ Շորբուլաղի ամառանոցներում, միակ վտանգավոր օձը գյուրզան է, իսկ մյուս թունավոր օձը՝ հայկական իժը, տարածված է հիմնականում Թալինի տարածաշրջանում… Ինքնատիպ «դասախոսությունը» եւ՛ հետաքրքիր էր, եւ՛ ուսանելի: Շնորհակալությո՛ւն, փրկարարների ողջ անձնակազմին, որ մեր կողքին են: Ափսոս, որ նրանք մերժեցին միասին սրճելու իմ առաջարկը, քանզի այլ զանգեր էլ պետք է սպասարկեին:
ԳՈՀԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
18.07.2014