Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկ մենք մնացել ենք նույն ճամփաբաժանում

Հուլիս 19,2014 14:20

Վերջերս մի զրույցի ժամանակ երիտասարդ լրագրողներից մեկն ինձ հարցրեց, թե Արցախյան շարժման սկզբներին ի՞նչն է առավել շատ տպավորվել հիշողությանս մեջ։ Այդ մասին երբեք չէի մտածել։ Բազմաթիվ հետաքրքիր դեպքեր են եղել, որ առայսօր ամենայն մանրամասնությամբ հիշում եմ։ Բայց երբ մտքում փորձում եմ առանձնացնել Շարժման առաջին ամիսները, անմիջապես հիշում եմ 1988-ի փետրվարի 20-ի մարզխորհրդի նստաշրջանի հանրահայտ որոշումը։ Ավելի շուտ՝ այն փաստաթուղթը, որի վրա վավերացվել էր արցախցիների 70-ամյա երազանքը՝ հայկական մեր երկրամասի վերամիավորումը Մայր Հայաստանին…

Arcax_2

Այդ օրերին մարզային «Սովետական Ղարաբաղ» թերթում էի աշխատում։ Թերթ, որի տպաքանակն ամիսներ հետո հասավ 80 հազարի։ Երեկոյան ժամը 7-8-ը կլիներ։ Թերթի գլխավոր խմբագիր Եղիշե Սարգսյանի առանձնասենյակում խմբագրական խորհուրդն ու մի քանի լրագրողներս սպասում էինք պատմական այդ փաստաթուղթը տպագրելու որոշմանը (Բորիս Կեւորկովը դեռեւս շարունակում էր մնալ Ղարաբաղի փաստացի ղեկավարը, եւ մարզկոմից դեռեւս լուրջ ճնշում կար թերթի վրա)։

Երբ հավաքվածներս միահամուռ հայտնեցինք, որ մարզխորհրդի որոշումը պիտի անպայման տպագրվի «Սովետական Ղարաբաղի» լույս տեսնելիք համարում, Եղիշե Սարգսյանն ասաց, որ դեմ չէ, միայն պետք է ձեռքի տակ ունենանք այդ որոշումը, որը դեռեւս չէինք ստացել։

Խմբագրությունից զանգեցին պատմական նիստը նախագահող Վիգեն Հայրապետյանին եւ ասացին, որ լրագրողներից մեկին ուղարկում են իր մոտ՝ որոշումը ստանալու։ Այդ լրագրողը ես էի։

Մարզխորհրդի շենքից ներս մտա եւ բարձրացա Վիգեն Հայրապետյանի մոտ։ Նա խնդրեց մի քանի րոպե սպասել… Այդ «մի քանի րոպեն» զարմանալիորեն դանդաղ էր անցնում։ Առնվազն 20-25 րոպե սպասեցի։ Հետո հասկացա, որ կնիքի բացակայության պատճառով (գործկոմի նախագահ ոմն Օսիպով այն վերցրել ու անհետացել էր։ Հետո անեկդոտ էին պատմում առ այն, որ իբր Օսիպովն ասել է՝ կնիկս կտամ, բայց կնիքը չեմ տա…) մարզխորհրդի պատգամավորների մի ինչ-որ մասը պետք է ստորագրի որոշման տակ, որպեսզի այն իրավական ուժ ունենա։

Վերջապես պատմական որոշումը ձեռքիս, դուրս եկա մարզխորհրդի շենքից եւ շարժվեցի դեպի խմբագրություն։ Այդ պահին մտածում էի, որ Արցախի համար ճակատագրական նշանակություն ունեցող ամենաթանկ փաստաթուղթն է իմ ձեռքին… Լույսը դեռ նոր բացված, այդ որոշմամբ «Սովետական Ղարաբաղի» համարները ձեռքից ձեռք էին անցնում։

Այս ամենն ինչո՞ւ կրկին հիշեցի։ Փետրվարյան այդ երջանիկ օրից ավելի քան երկուսուկես տասնամյակ է անցել։ Հետո Սումգայիթ է եղել, Կիրովաբադ, Բաքու, 1988-ի դեկտեմբերյան սարսափելի երկրաշարժ է եղել, ապա՝ պատերազմ, հազարավոր անմեղ զոհեր ու, վերջապես, Հաղթանակ է եղել… Եվ այսօր մենք շարունակում ենք մնալ նույն ճամփաբաժանում, ինչպես ավելի քան երկուսուկես տասնամյակ առաջ։ Մայր Հայաստանին միանալու մեր 70-ամյա երազանքը դե-ֆակտո մնացել է թղթի վրա… Ինչ-որ գերիմաստուն մարդիկ մեզ բացատրել են, որ Հայաստանին վերամիավորվելու ամենակարճ ճանապարհը Արցախի անկախության հռչակումն է։ Եվ մենք հավատացել ենք…
Ավելին՝ այն ժամանակ մարդկանց մեջ կար պողպատի պես ամուր մի բան՝ հավատ, ու այն ժամանակ ոչ մեկի մտքով չէր անցնում, որ հայ ժողովրդի մեջ ձեւավորվում է մի ուժ, որ երիցս վտանգավոր ու ստոր է, քան արտաքին ոսոխը։

1988-ի այն օրերին իմ ընկերների, համերկրացիների հետ կանգնած էի Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում, 26 տարի առաջ Արցախն ազդարարեց Մայր Հայաստանի կազմում ազատ ու արժանապատիվ ապրելու իր վճռականությունը, եւ այդ օրերին սկիզբ դրվեց ազգային-ազատագրական շարժման։

Բայց դա 26 տարի առաջ էր։

Այսօր Ստեփանակերտի նույն հրապարակից շուրջ 70-80 մետր հեռավորության վրա գտնվող մշակույթի պալատի ճակատին խոշոր տառերով գրված է. «Արցախի Հանրապետությունը համայն հայության հպարտությունն է»…

Անկեղծ ասած՝ չեմ կարծում։ Ընդհակառակը՝ Արցախի Հանրապետությունը մեր անսկզբունքայնության, պատեհապաշտության, հայաստանյան իշխանությունների վախկոտության ու թուլության, սխալներից երբեք դասեր չառնելու եւ սեփական ճակատագիրը բախտախնդիրների ձեռքին դնելու արդյունք է։ Այդտեղ հպարտության նշույլ չեմ տեսնում։ Արցախցին ոտքի էր ելել Հայաստանին միանալու պահանջով, նա ամենեւին Հայաստանից զատված, անկախ ապրելու խնդիր չէր դրել իր առջեւ։

Ամենայն հավանականությամբ, Մոսկվայի սցենարով որոշ կարիերիստներ ու հոգով ստրկամիտներ հետ կանգնեցին Հայաստանին միանալու պահանջից ու մոգոնեցին «անկախ հանրապետության» գաղափարը՝ ապակողմնորոշելով ու խաբելով սեփական ժողովրդին։

Այսօր մենք (ՀՀ-ն ու Արցախը) կարող էինք լինել միասնական, հզոր, արժանապատիվ երկիր։ Սակայն այսօր մենք ունենք այն, ինչ ունենք՝ Մաքսային միություն կոչվող անհեթեթության դռներին մոլորված, անինքնասեր, խղճուկ ու քրեաօլիգարխիկ մի երկիր եւ անորոշ ապագան ուսին Արցախը։

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ
Ստեփանակերտ

«Առավոտ» օրաթերթ
18.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031