Պետական առողջապահական գործակալության պետ Սարո Ծատուրյանը պարզաբանում է, թե ինչու մի հիվանդանոցին գումար շատ են տալիս,
մյուսին՝ քիչ:
«Առավոտի» հուլիսի 12-ի՝ «Հիվանդները բուժկենտրոնին են «քցել», բուժկենտրոնն էլ աշխատավարձեր չի տալիս» հրապարակմամբ անդրադարձել էինք «Արամյանց» բուժկենտրոնին: Հոդվածում մասնավորապես նշել էինք, որ այս բուժկենտրոնը ֆինանսական խնդիրներ ունի: «Արամյանց» հիվանդանոցի ղեկավար Սամվել Հարությունյանը մեզ հետ զրույցում վստահեցրել էր. «Խնդիրներ կան հիվանդների թվաքանակի հետ կապված, աշխատակազմը մեծ է, իսկ հիվանդները՝ քիչ, հետեւաբար ֆինանսական մուտքերն էլ են քիչ: Բայց կարծում եմ՝ առաջիկա 1-2 ամսվա ընթացքում խնդիրը կհարթվի»: Բացի այս, պարոն Հարությունյանը, պատասխանելով մեր հարցին, թե պետպատվերի տեղադրումն այս բուժհիմնարկում որոշակի առումով չի՞ լուծում ֆինանսական մուտքերի խնդիրը, ասել էր, որ պետպատվերի քանակն այնքան քիչ է, որ ստիպված ժամանակ առ ժամանակ մերժում են հիվանդներին: Այս կլինիկային կառավարությունը պետպատվերով բուժվելու համար գումար է հատկացնում, ինչպես պարոն Հարությունյանն էր ասել՝ մոտ 70 միլիոն դրամ: «Սա մի ստոմատոլոգիական կլինիկայի պետպատվեր է, 70 միլիոնն ինչ է հիվանդանոցի համար: Տարիներ շարունակ պետպատվերը մեզ մոտ քիչ է եղել. մի տեղում աստղաբաշխական թվեր են, մեզ մոտ՝ այսքան քիչ: Մինչդեռ մենք ի վիճակի ենք ավելի մարդ ընդունել, ես ինչո՞ւ պիտի դատարկ մահճակալի դեպքում մերժեմ հիվանդին կամ հայտարարություն փակցնեմ, թե՝ պետպատվերը վերջանալու պատճառով չենք կարող ընդունել: Սա ի՞նչ մոտեցում է, ես դեմ եմ այս մոտեցմանը»,- մեզ հետ զրույցում ասել էր պարոն Հարությունյանը:
«Առավոտը» փորձեց պարզել, թե ինչո՞ւ է կառավարությունն այս հիվանդանոցին քիչ գումար հատկացնում, մյուսներին՝ աստղաբաշխական ծավալի, այն դեպքում, երբ «Արամյանց» կլինիկան հնարավորություն ունի ավելի շատ քանակի հիվանդ ընդունել, սակայն մերժում է՝ պետպատվերը վերջացած լինելու պատճառով:
Նշենք, որ «Արամյանց» հիվանդանոցը հայտնի է իր նախկին անվանմամբ՝ որպես 3-րդ կլինիկա կամ շտապօգնության հիվանդանոց:
«Առավոտի» հետ զրույցում առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության պետ Սարո Ծատուրյանն ասաց, որ բյուջեն բաշխելիս հաշվի է առնվում հիվանդանոցների մատուցվող ծառայությունների քանակը, իսկ «Արամյանցի» ծառայությունները, ի տարբերություն այլ հիվանդանոցների, սահմանափակ են:
Կարդացեք նաև
«Հիվանդանոցների բյուջեներն իրար հետ համեմատելը սխալ է, օրինակ՝ 3-րդ կլինիկան (Արամյանց) չունի պոլիկլինիկա կամ ծննդատուն, սրանք մեծ բյուջեների ծառայություններ են, հետեւաբար 3-րդ կլինիկայի պետպատվերն էլ քիչ է լինում մյուսների համեմատ»:
Պարոն Ծատուրյանը վստահեցրեց, որ «Արամյանց» բուժկենտրոնում պետպատվեր տեղադրվել է ոչ թե 70 միլիոն դրամ, ինչպես Սամվել Հարությունյանն էր ասել, այլ 100 միլիոնից ավելի: Անցյալ տարի այս հիվանդանոցին պետպատվերի համար հատկացվել է 101 միլիոն դրամ, իսկ այս տարի՝ 166 միլիոն դրամ:
Ինչ վերաբերում է պետպատվերը վերջանալու պատճառով հիվանդներին մերժելուն, Սարո Ծատուրյանը վստահեցրեց, որ «Արամյանց» հիվանդանոցն իրականում չպիտի մերժի, քանի որ պետպատվերի բյուջեն նույնիսկ թերակատարել է. «Պատվերը քիչ լինելու կամ շուտ վերջանալու համար պետք է դժգոհի այն հիվանդանոցը, որը գերակատարում է սահմանված պետպատվերի ծավալը, իսկ այն հիմնարկը, որն իրեն տված բյուջեն էլ թերակատարում է, չպիտի դժգոհի, ուրեմն՝ հիվանդ չունի: «Արամյանցն» անցյալ տարի 101 միլիոն դրամ պետպատվերից ծախսել է 98 միլիոնը, այսինքն՝ իրենց բյուջեն թերակատարվել է 3 միլիոնով: Այս տարվա կատարողականի ընթացիկ թվերը չեմ կարող ասել, տարին դեռ չի ավարտվել»:
Պետպատվերի ամենաշատ գումարները բյուջեից հատկացվում են, ինչպես պարոն Ծատուրյանը վստահեցրեց, «Գրիգոր Լուսավորիչ», «Էրեբունի», «Արմենիա», Համալսարանական կլինիկային. «Սրանք բազմապրոֆիլ հիվանդանոցներ են, պոլիկլինիկաներ ունեն, շատ տարբեր ծառայություններ ունեն, բնականաբար՝ նրանց բյուջեն ավելի մեծ է»:
Մեր այն դիտարկմանը, որ «Արամյանցն» էլ պահանջարկ ունեցող մի շարք ծառայություններ, բաժանմունքներ ունի, օրինակ՝ դիմածնոտային, վիրաբուժության, սրտաբանության, բայց պետպատվերը քիչ են տալիս, պարոն Ծատուրյանն ասաց. «Դա եկամտաբեր ծառայություն է, կարծում եմ՝ այդ կլինիկայի խնդիրը կհարթվի: Բայց նշեմ, որ այնպես չէ, որ մենք ում ինչքան ուզենք՝ այնքան գումար կտանք, ում չուզենք՝ չենք տա: Պետպատվերի տեղադրման տակ մարդիկ հաճախ այլ բաներ են հասկանում՝ որքան գումար է հատկացվում: Իրականում դա 2-րդ փուլն է. պետպատվերի տեղադրման 1-ին փուլում որոշվում է, թե որ ծառայությունների գծով է այն ավելի շատ տեղադրվում: Օրինակ՝ հիվանդանոցն ունի տարբեր պրոֆիլների 10 բաժանմունք, եւ ինքն է որոշում, թե որ գծով է պետպատվեր ուզում: Կարող է 10-ի գծով էլ չցանկանա, 2-ի համար՝ ուզի, հնարավոր է՝ նա չցանկանա մյուս պրոֆիլներում պետպատվեր, քանի որ պետպատվերի գները ցածր են, իրեն ձեռնտու չէ: Իսկ երբ հիվանդանոցը ներկայացնում է հայտ, մենք քննարկում ենք ու որոշում, ասենք՝ նրա ներկայացրած 10 կամ 5 պրոֆիլներից 2-ի համար պետպատվեր տանք: Բյուջեն հաշվում ենք, նայում ենք, թե նախկին տարիներին ունեցե՞լ է այդ ծառայությունները, եթե ունեցել է, որքանո՞վ է կատարել բյուջեն, աճ նախատեսվո՞ւմ է, թե՞ ոչ, ըստ մի շարք չափանիշների էլ տեղադրում ենք պետպատվերը: «Արամյանցը» ոչ մի բուժծառայությունների գծով պետպատվերից երբեք չի հրաժարվել»:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
18.07.2014