Ասում է «Ժառանգություն» կուսակցության վարչության
անդամ Անահիտ Բախշյանը
«Շատ վատ տպավորություն եմ ստացել: Հերթական անգամ ինձ համար պարզ դարձավ, որ մեր ԱԱԾ-ն արհեստավարժ ձեռագիր ու գործելակերպ չունի: Այդ կարգի պարզունակ ձեւով գնալ ու մարդուն հավաքագրել, հետո էլ սպառնալ: Սա պատիվ չի բերում Հայաստանի ազգային անվտանգությանը»,- «Առավոտի» հետ զրույցում ԱԱԾ-ի գործելաոճի մասին այսպիսի կարծիք հայտնեց «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Անահիտ Բախշյանը: Հիշեցնենք, որ ԱԱԾ-ից ներկայացած Վլադ Հակոբյանը փորձել էր սպառնալիքների միջոցով հավաքագրել «Ժառանգության» վարչության անդամ Հրայր Մանուկյանին, վերջինս էլ ձայնագրել էր իրենց խոսակցությունը եւ տարածել համացանցում:
Անահիտ Բախշյանի խոսքերով՝ «Ազգային անվտանգությունը, իմ պատկերացմամբ, այսօր առաջին հերթին պետք է հսկի մեր սահմանը՝ ով մտավ, ինչ արեց: Վերջին դիվերսանտների պատմությունը հիշենք: Բայց փաստորեն ՀՀ ԱԱԾ-ն զբաղված է մասնավորապես «Ժառանգություն» կուսակցությունը քայքայելով կամ դպրոցի տնօրենի մոտ ստուգումներ անցկացնելով (նկատի ունի թիվ 174 դպրոցում կատարած ստուգումները- Հ. Ջ.): Ուրիշ օրգանների խնդիր է դա, ոչ ԱԱԾ-ի»:
«Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը տեղեկացրել էր, որ Հրայր Մանուկյանին հավաքագրելու հետ կապ ունի ԿԳ նախարարի խորհրդականը: Անահիտ Բախշյանի դիտարկմամբ՝ «Այս բացահայտված փաստն ասում է այն մասին, որ բոլոր նախարարներն էլ ունեն ԱԱԾ-ից օգնական: ԿԳ նախարարը միակը չի»:
Մենք ճշտեցինք՝ այսինքն՝ ԱԱԾ-ից հատուկ դրել են՝ նախարարներին հսկելու համա՞ր, տիկին Բախշյանը պատասխանեց. «Ո՞վ գիտի: Արդեն իրենք գիտեն՝ ինչի համար են դրել: Բայց այն, որ բացահայտվեց սա, միանշանակ համոզված եմ, որ բոլոր նախարարներն էլ ունեն ԱԱԾ-ից օգնականներ. դա ԱԱԾ-ի ձեռագիրն է»:
Կարդացեք նաև
Անահիտ Բախշյանի խոսքերով՝ «ԱԱԾ-ում աշխատող մարդը պիտի ունենա հմտություններ, որ գա, ինձ հետ խոսի, ինձնից տեղեկություններ իմանա, ու ես այդպես էլ գլխի չընկնեմ, չիմանամ: Այդպես պետք է լինի: Ոչ թե գա ասի՝ ես այսպես, դու արի մեզ մոտ, եթե չես գա՝ հեսա գնամ կացինս բերեմ, ծառը կտրեմ: Ոչ պրոֆեսիոնալիզմն ամենուրեք է: Նորից համոզվեցի դրանում»:
ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
18.07.2014
ԱԱԾ-ն այլ բան չէ քան հայ թույլիկ ,փափկասուն միջակ , ուժ ,,անպարտելիության,,, միրաժով և մեծամանիայով հիվանդ անլիարժեք որձահայերի միացյալ մի թիմ, որի զուգարանի թուղթը ավելի արժեքավոր է, քան հումանիզմը և ազգային արժանապատվությունը:Սմբակավորների մեջ ներողություն խնդրողներ չեն լինում, կարծիքիս մեջ եզակին չեմ: