Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ փակ երկխոսություններից հետո Վոլոդյա Ավետիսյանին ձերբակալել են. պատմում է փոխգնդապետը

Հուլիս 18,2014 22:57

Պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը, ինչպես տեղեկացրել ենք, դատապարտվեց 6 տարի ազատազրկման:

Այսօր Aravot.am-ի հետ զրույցում Վոլոդյա Ավետիսյանի ընկերը՝ փոխգնդապետ, ազատամարտիկ Սամվել Մկրտչյանը մանրամասներ պատմեց, թե ինչ քայլերի են դիմել իշխանությունները, մինչ Վոլոդյա Ավետիսյանին ձերբակալելը եւ ինչպես են իրենց հրավիրել երկխոսության:

«Անցյալ տարի մայիսին մենք Վոլոդյա Ավետիսյանի հետ սկսեցինք մեր՝ ազատամարտիկներիս իրավունքի պաշտպանությունը՝ Ազատության հրապարակում: Կարճ Ժամանակում մեզ միացան բազմաթիվ ազատամարտիկներ, իսկ մենք նրանց բացատրեցինք մեր սկսած պայքարի հիմնական նպատակը: 1-ին՝ ազատամարտիկների եւ զորացրված ազատամարտիկ սպաների թոշակների բարձրացում 100 տոկոսով: 2-րդ՝ ազատամարտիկներին եւ զորացրված սպաներին անվճար բուժսպասարկում: Այս երկու հիմնական պահանջները մենք վերցրինք՝ որպես ուղեցույց եւ սկսեցինք գործել հենց այս սկզբունքով: Օրեցօր մեր թիվը մեծանում էր, եւ իշխանությունները սկսեցին տարբեր մակարդակի չինովնիկներ ուղարկել՝ մեզ հետ բանակցելու եւ համոզելու հետ կանգնել մեր պայքարից: Ասեմ նաեւ, որ մենք Ազատության հրապարակում մնում էինք արդեն գիշեր ու ցերեկ՝ շուրջօրյա, դրոշներով եւ մեր պահանջն արտահայտող պլակատներով:

Իշխանությունների ներկայացուցիչներին մենք բացատրում էինք, որ մեր պահանջը զուտ սոցիալական է եւ որ մենք  մեր պահած ու պաշտպանած հայրենիքում ունեք արժանապատիվ ապրելու իրավունք, իսկ իշխանությունների խնդիրն է ապահովելու այն մինիմալ երկու պահանջը, որը մենք դրել ենք իրենց առջեւ: Իշխանության ներկայացուցիչները չէին ասում կտրուկ՝ ոչ: Նրանք փորձում էին բացատրել, որ իբր պետությունը դեռ չունի այդքան ֆինանսական միջոցներ՝ թոշակները բարձրացնելու, սակայն ամեն ինչ արվում է որեւէ ձեւով մեղմելու այս բողոքի ալիք»,- պատմեց Սամվել Մկրտչյանը:

Նա վստահեցրեց, որ դրան զուգահեռ իշխանությունները կատարել են 2 քայլ, որին հաջորդել է Վոլոդյա Ավետիսյանի ձերբակալությունը. «Առաջին քայլն այն էր, որ նրանք մեր շարքերում ներմուծեցին շատ կասկածելի ազատամարտիկի անցյալ ունեցող մարդկանց, որոնք ամեն կերպ շեղեցին մեր պայքարը հիմնական նպատակից եւ այն տարան դեպի քաղաքական ուղի: Նրանց պատճառաբանությունը հետեւյալն էր՝ քանի որ մենք ազատամարտիկներ ենք, եւ ժամանակին կռվել ենք մեր հայրենիքի եւ ազգի համար, ապա այսօր մենք իրավունք չունենք բարձրացնելու միայն մեր խնդիրները: Մենք պիտի բարձրացնենք նաեւ ազգին հուզող բոլոր խնդիրները: Իսկ այդ խնդիրների լուծումները այս իշխանությունները չեն տալիս, դրա համար առաջին հերթին պիտի պահանջենք իշխանափոխություն եւ հետո միայն սկսենք մեր խնդիրներից: Այսինքն, անհրաժեշտ էր պայքարը սոցիալական դաշտից տեղափոխել քաղաքականի, որի նպատակը մենք չունեինք եւ պատրաստ էլ չէինք: Որոշ վերապահումներով Վոլոդյան այս խայծը չկերավ: Մենք չմիացանք նրանց հետ: Եվ որքան հնարավոր է, մնացինք պայքարի սոցիալական դաշտում: Երկրորդ քայլն այն էր, որ իշխանությունները մեզ հրավիրում էին երկխոսության՝ իրենց աշխատասենյակներում՝ նշելով նաեւ, որ կարող են գալ Վոլոդյայի հետ 4-5 ազատամարտիկ: Ես անձամբ դեմ էի նման ձեւաչափով եւ աշխատասենյակներում հանդիպելու առաջարկին, քանի որ շատ երկար տարիներ եղել եմ պետական ծառայությունում, եւ նման հանդիպումների վտանգի հոտն առնում էի: Սակայն հանդիպումներ Վոլոդյային գլխավորությամբ, ազատամարտիկների եւ նախարարների ու նախկին վարչապետի հետ մի քանի անգամ կայացավ, իսկ որոշ ժամանակ անց Վոլոդյան ձերբակալվեց»:

Ազատամարտիկը չբացեց փակագծերը, թե ինչու հատկապես Վոլոդյա Ավետիսյանին ձերբակալեցին չինովնիկների աշխատասենյակներում այդ փակ երկախոսություններից հետո եւ ինչ են առաջարկել Վոլոդյա Ավետիսյանին, որ նա չի համաձայնել:

Հիմա փոխգնդապետը ցավ է ապրում, որ իր ընկերը չի օգտվում իր իսկ նախաձեռնած պայքարի արդյունքից. «Այսօր արդեն ազատամարտիկների թոշակներն ինչ-որ չափով բարձրացվել են: Ճիշտ է, այն մեր ուզածի չափ չէ, բայց էլի այս ծանր պայմաններում մի բան է: Սակայն Վոլոդյան բանտում է, եւ ազատազրկվել է 6 տարի ժամկետով: Ես անձամբ, հոգեկան խիստ ցավ եմ ապրում այն բանի համար, որ թեկուզ այդ չնչին դրական արդյունքից նա չի օգտվում, որի համար հենց ինքը առաջինը համարձակվեց ձայն բարձրացնել, եւ որի համար ստացավ որպես պատիժ անազատության 6 տարի: Հիմա ինքս ինձ մտածում եմ՝ այն մարդիկ, որ ամեն ամիս կստանան այդ ավելացված գումարները, երբեւիցե նրանց մտքով կանցնի՞, որ դա չի եղել հենց այնպես, որ դա պայքարի արդյունք է, իսկ այդ պայքարի առաջամարտիկը՝ գնդապետ Վոլոդյա Ավետիսյանն այսօր հատուցում է դրա համար՝ 6 երկար ու ձիգ տարիներ անցկացնելով բանտում»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Aram says:

    Հարգելի Սամվել Մկրտչյան, հարգելի ազատամարտիկ, Վ. Ավետիսյանը բանտում է, որովհետև դուք բարձրացնում էիք սոցիալական խնդրրներ:
    Կ. Մարքսը աչքիս լույսը երբեք չի եղել, բայց ընչազուրկներին արժանապատիվ կյանքով ապրող քաղաքացի դարձնելու համար, ըստ այդ մեծ փիլիսոփայի, քաղաքական պայքար է անհրաժեշտ (նրան դեռ ոչ ոք չի հերքել): Հակառակ պարագայում դուք կստանաք այն, ինչ ստացել եք. չնչին թոշակների չնչին ավելացում: Դրա պատճառը փողի բացակայությունը չի. բիոզուգարանի, Սայաթ Նովան տարին մեկ ասվալտելու կամ Ջերմուկում ամեն մի հատ մոծակի դեմ անհատական պայքարելու փող կա, թոշակի փող փող չկա: Յուրաքանչյուրտ թոշակից 70 տոկոս ատկատ խոստացեք, վաղը 3000 դոլար թոշակ կստանաք, ուղղակի չեք կարող դա կազմակերպել, դրա համար չեք ստանում: Քաղաքական պայքարի պարագայում Վ. Ավետիսյանին գուցե 10 տարի ազատազրկեին, բայց եթե այդ պայքարը մենք ու դուք միասին շարունակեինք, և Վոլոդյան ավելի շուտ ազատության մեջ կլիներ և կունենայինք արդար Հայաստան:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031