Անբարենպաստ եղանակից տուժած Խդրանց գյուղում մայիս ամսին բնակիչները կարկուտից հողին հավասարեցված այգիները կրկին մշակել ու վար ու ցանքս են արել: Խդրանցցիները հույս ունեն, որ գոնե այս անգամ եղանակը բարեգութ կգտնվի եւ հերթական անգամ գյուղացուն բերքից չի զրկի:
«Այս տարի մեր գյուղի արտերը, ծառերը, բանջարաբոստանային կուլտուրաները մեծ վնասներ են կրել: Ամբողջ գյուղում ծառերին մի հատ միրգ չի մնացել, պոպոկի, տանձի, խնձորի, գիլասի, բալի երես չենք տեսել: Մայիս ամսին նորից բաղ ենք վարել, որ գոնե ձմեռվա հոգսն անենք: Ծախս ենք արել սերմնացու գնել, արտերը վարել ու էսօր փաստի առաջ կանգնել: Մարզպետարանի գյուղավարչության բաժնից եկած մասնագետները զարմացել էին, թե ինչ սարսափելի վիճակ է, ցորենի դաշտերը 100 տոկոսով էին վնաս կրել, մարդ կար, որ մինչեւ 10 հա վարել էր, բայց մինչեւ օրս ոչ մի փոխհատուցում չի ստացել», -ասացին գյուղացիները:
Խդրանցի գյուղապետ Գնել Սարգսյանը նշեց, որ կարկուտի ու հորդառատ անձրեւների հասցրած վնասների մասին նաեւ համապատասխան գրություն է ուղարկել Սյունիքի մարզպետարան` վնասների փոխհատուցման ակնկալիքով, դեռեւս դրական արձագանք չկա:
«Գյուղացիներն ինձ դիմեցին, որ պարոն գյուղապետ խնդրում ենք, եթե ոչ մի բան չի ստացվում, գոնե մերի հողի հարկը հանեք` այս տարի չվճարենք: Ես էլ ասացի ինձանից պետք է հանեն, որ ես էլ ձեզանից հանեմ: Մարդիկ կան թոշակ չեն ստանում, աշխատանք էլ չկա գյուղում, ամբողջ տարվա ուտելիքը բերքն իրացնելով էր վաստակում: Մի քանի մեշոկ պոպոկ, պնդուկ են ծախում ձմռան մի քանի ամիսների հոգսն անում, իսկ այս տարի ծառերին ընդհանրապես ոչ մի բան չկա»,- տեղեկացրեց Խդրանցի գյուղապետը եւ հավելեց, որ նմանատիպ իրավիճակ էր նաեւ 2 տարի առաջ:
Կարդացեք նաև
Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Սամվել Թանգյանը փոխանցեց, որ այս տարի անբարենպաստ եղանակի պատճառով տուժել է գրեթե մարզի համայնքների 60 տոկոսը եւ միայն Խդրանցում չէ խնդիրն առկա:
«Բոլոր տուժած գյուղերում համապատասխան ուսումնասիրություններ ենք կատարել, ներկայացրել գյուղնախարարություն: Բոլորին փոխհատուցելը մարզի հնարավորությունների սահմաններից դուրս է, մարզպետարանը շուկայականից էժան պարարտանյութ, սերմնացու, դիզվառելիք է տրամադրում այն համայնքներին, որոնք դրանց անհրաժեշտությունն ունեն: Իսկ փոխհատուցման մասին հստակ ոչ մի բան չեմ կարող ասել, դա ինձանից վեր է արդեն, մենք ուսումնասիրել ենք, արձանագրել եւ ներկայացրել պատկան մարմիններին», -ասաց գյուղվարչության պետը:
Նշենք, որ անբարենպաստ եղանակից տուժած մի շարք գյուղեր մարզային իշխանությունների աջակցությամբ այս տարի ազատվել են հողի հարկի ու ոռոգման ջրի վարձերը վճարելուց եւ այլն:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ