Ինքնաթիռը կործանել է հրթիռը, որն արձակվել է Ուկրաինայի՝ Ռուսաստանի աջակցությունը վայելող անջատականների վերահսկած տարածքից, հուլիսի 18-ին ասել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, հայտնում է «Ռոյթերս»-ը:
Օբաման նշել է, որ Ուկրաինայում լարվածությունը նվազեցնելու համար ամենամեծ ուժը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ուներ, սակայն նա չընտրեց այդ ճանապարհը: Նրա խոսքերով, Ուկրաինայի անջատականները մեծ աջակցություն են ստացել Ռուսաստանից, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության զենքեր:
«Սա համընդհանուր ողբերգություն է», – ասել է ԱՄՆ առաջնորդը՝ կոչ անելով դեպքի հետ կապված միջազգային պատշաճ հետաքննություն իրականացնել:
Օբաման նաև հորդորել է, որ անջատականներն ու Կիևի ուժերը անհապաղ հրադադար կնքեն:
«Այս դաժան միջադեպը պետք է բոլորիս հասկացնել տա, որ Ուկրաինայում խաղաղության և անվտանգության վերականգնման ժամանակն է», – ասել է նա:
Հուլիսի 17-ին Ուկրաինայում կործանվել է «Մալազիա Էյրլայնս» ավիաընկերության «Բոինգ-777» ինքնաթիռը, որի հետևանքով 298 մարդ է զոհվել:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ