Իր ելույթում ժողովրդական այս ասացվածքը հիշեց ՕԵԿ կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանը, որը դիմելով հանրահավաքի մասնակիցներին ասաց. «Հայրենակիցներ: Մեզ ասում են՝ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումն անհրաժեշտ է: Ոչ: Մենք դեմ ենք եւ համաձայն չենք: Էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը կապված է մի շարք ձեռնարկությունների վատ կառավարման հետ: Եվ սովորական քաղաքացին չպետք է իր գրպանից վճարի, քանի որ էլեկտրաէներգիա արտադրող մի շարք ձեռնարկություններ սխալ են աշխատել, կամ չեն կարողանում դրանք կառավարել: Մենք պետք է հասկանանք, որ էլեկտրաէներգիայի թանկացումը բերելու է գների շղթայական թանկացման, հետեւաբար, հասարակության արտագաղթի եւ պետության թուլացման: Դա անթույլատրելի է: Ադրբեջանի անընդհատ սպառնալիքները ու սպառազինությունների մրցավազքը, թուրքական արշավի համախմբումը մեզ ստիպում է ուժեղ լինել: Իսկ մենք ուժեղ կարող ենք լինել բարեկեցիկ հասարակությամբ: Բարեկեցիկ լինելու համար պետք է պաշտպանել քաղաքացու շահերը, անել ամեն բան, որպեսզի նա ոչ թե աղքատանա, այլ կարողանա ապահովել իր երեխաների ապագան այս երկրում, մեր երկրում: Անթույլատրելի համարելով էլեկտրաէներգիայի սակագների թանկացումը, ժողովրդի աղքատացումը, մենք ասում ենք ոչ էլեկտրաէներգիայի գների բարձրացմանը, ոչ ժողովրդի աղքատացմանը»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ