Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հնագետին սրտի կաթված հասցնելու պատճառը 20 օրից պարզ կլինի. կաթվածի հասցնողը կալանավորված է

Հուլիս 18,2014 20:34

Հուլիսի 14-ին, Կոտայքի մարզի Ակունք գյուղի Պողոս-Պետրոս եկեղեցու մոտ մահացած 59 ամյա հնագետ Ֆիրդուս Մուրադյանի մահվան 2-րդ փորձաքննության եզրակացությամբ էլ` հնագետը սրտի կաթվածից է մահացել:

Հիշեցնենք, որ եկեղեցու մոտ վեճ է տեղի ունեցել Ֆիրդուս Մուրադյանի եւ Ավգուստին Աբրոյանի միջեւ, եւ ըստ ականատեսների եւ տարածված լուրերի, Ավգուստին Աբրոյանը վեճից հետո մոտեցել է իր մեքենային, ապա վերադարձել Մուրադյանի մոտ եւ թիկունքից ինչ-որ գործիքով հարվածել նրան: Ավգուստին Աբրոյանն «Անի-շին» չափագրական ընկերության աշխատակիցն է, եւ Մշակույթի նախարարության պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության տնօրեն Արմեն Աբրոյանի եղբայրն է: Իսկ Ֆիրդուս Մուրադյանն աշխատում էր Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի, հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի վաղ բրոնզե դարի բաժնում, ու Աբրոյանի պատվերով աշխատանքներ էր կատարում եկեղեցու բակում:

Մուրադյանի հարազատները պնդում էին, որ վերջինս երբեւէ առողջական խնդիրներ չի ունեցել, չի գանգատվել, եւ կասկածի տակ էին առել 1-ին առաջին փորձաքննության եզրակացությունը, որը կատարվել է Աբովյան քաղաքի դիահերձարանում: Հիմա, երբ 2-րդ փորձաքննությունն էլ 1-ի նման նույն արդյունքներն է տվել, որ Մուրադյանը սրտի կաթվածից է մահացել, Aravot.am-ը Մուրադյանի հարազատներից փորձեց ճշտել, թե արդյոք փորձելու են նորից դատաբժշկական փորձաքննության դիմել: Ֆիրդուս Մուրադյանի հարսը` Կարինե Մուրադյանը մեզ հետ զրույցում ասաց. «Մենք դեռ սպասում ենք, ամեն ինչ դատավարությունը կորոշի: Մոտ 20 օրից պատրաստ կլինեն դատաբժշկական փորձաքննության արդյունքները, ըստ որի կորոշվի` արդյոք Աբրոյանի հարվածն է նպաստել սրտի կաթվածին, նման պատասխան  դիահերձումը չէր կարող տալ»:

Մեր այն հարցին էլ, երբեւէ Ֆիրդուս Մուրադյանից լսե՞լ են, որ նա Աբրոյանից, որպես պատվիրատու, կամ գործընկեր դժգոհեր, կամ աշխատանքային խնդիրներ ունենային, Կարինե Մուրադյանն ասաց, որ նրանք իրար կարգին չեն էլ ճանաչել, ընդամենը 2 անգամ են հանդիպել.«Մի անգամ, երբ աշխատանքի համար են պայմանավորվել, 2-րդն էլ` դեպքի օրը: Ոչ մի թեմա չի եղել, ընդամենը ոչ մասնագետ մարդը փորձել է պրոֆեսիոնալին ուղղություն ցույց տալ, նրա աշխատակիցներին դիտողություններ է արել: Սկեսրայրս էլ ասել է` մենք մեր աշխատանքը լավ գիտենք: Դե տղամարդիկ են, վիճել են, բռնկվել են, ուղղակի ցավալին այն է, որ վեճից հետո, էդ տղամարդը իր մեքենայի մեջից ինչ-որ բան վերցրել-չի վերցրել, համենայնդեպս, մեքենայի մոտից հետ է եկել ու հարվածել»:

Նշենք, որ այս գործով քրեական գործ է հարուցվել  ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով, իսկ Ավգուստին Աբրոյանը կալանավորված է:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031