Լրահոս
Օրվա լրահոսը

«Կորիզ» մրցույթում ընդգրկված հայկական ֆիլմերն այս տարի ընտրվել են առանց վերապահումների». Արամ Շահբազյան

Հուլիս 18,2014 19:54

«Ոսկե ծիրան» 11-րդ միջազգային կինոփառատոնի «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթին այս տարի հայկական երկու ֆիլմ է ներկայացված՝ Նիկոլայ Հովհաննիսյանի «Ստվեր»-ը և Ալեքսանդր Բաղդասարյանի «Ճանապարհ»-ը:

Ծրագրի համակարգող, կինոռեժիսոր Արամ Շահբազյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ այս տարի մեծ դժվարությամբ են ընտրել մրցույթին ներկայացվելիք ֆիլմերը, որովհետև լավ ֆիլմեր շատ են եղել. «Նախորդ տարիներին դժվարությամբ էինք ընտրում հայկական ֆիլմերը, որովհետև դրանք դրամատուրգիապես թույլ էին, և հաճախ որոշակի վերապահումներով էինք որևէ ֆիլմ ընտրում. միայն թե գոնե մեկ հայկական ֆիլմ լիներ,- ասում է Ա. Շահբազյանը,- իսկ այս տարի դժվարությամբ ընտրեցինք, որովհետև ուժեղ ֆիլմերը շատ էին: Բայց համարձակորեն և առանց որևէ վերապահման ընդգրկեցինք Նիկոլայ Հովհաննիսյանի և Ալեքսանդր Բաղդասարյանի ֆիլմերը: Ի դեպ, եթե նախորդ տարիների չափանիշներով ընտրելու լինեինք, գուցե տասը ֆիլմ ընդգրկեինք: Սա նշանակում է, որ «Կորիզն» արդեն իր հաստատուն տեղն ունի և սկսել է շատ լուրջ արդյունքներ գրանցել»:

Նիկոլայ Հովհաննիսյանի՝ «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում ընդգրկված «Ստվեր» ֆիլմը գիշերային ժամերին հայտարարություններ փակցնողի մասին է, որը մի գիշեր հին շինության պատին հանդիպում է ստվերի և տարված այդ ստվերով՝ ամեն գիշեր գալիս է նրան այցի: Հաջորդ գիշերներին ստվերները շատանում են և հերոսի համար օպերային դերերգ կատարում: Ստվերների կյանքով հափշտակված հերոսը որոշում է նրանց մոտ տեղափոխվել, բայց դա հաջողվում է միայն երազում: Կատաղած տղան ծակում է պատը, ստվերներն անհետանում են: Ֆիլմի վերջում միայնակ տղան իր հեծանվով գնում է դեպի քաղաք, որտեղ արդեն ստվերներ չեն երևում:

Իսկ Ալեքսանդր Բաղդասարյանի «Ճանապարհ» կարճամետրաժ ֆիլմը երկու պատմություններ է ներկայացնում՝ երկու միանգամայն տարբեր ժամանակաշրջաններ, սակայն նման իրավիճակներ: Առաջին պատմության մեջ գերմանացի սպային չենթարկվելը մահվան սպառնալիք է: Եվ երբեմն մարդասիրաբար վարվելու և մարդ մնալու գինը չափազանց թանկ է լինում: Իսկ երկրորդ պատմությունը ներկայացնում է մեր ժամանակները, երբ երիտասարդ գործարարները գյուղի ճանապարհին մահացու վրաերթի են ենթարկում մի երեխայի: Ի՞նչ անել. թողնել մեռնող երեխային և փախչե՞լ, թե՞ այլ վճիռ ընդունել:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031