Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսականը կողմը Թուրքիայի սահմանից իր սահմանապահներին հանելու լուրերը պաշտոնապես չի պարզաբանում, ոչ պաշտոնապես հերքում է

Հուլիս 18,2014 19:40

Այսօր մամուլում տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ  չնայած հայ-ռուսական համաձայնագրի 49 տարով երկարացմանը, ՌԴ-ն իր սահմանապահներին հանում է Թուրքիայի սահմանից: Պատճառը, ըստ հրապարակումների, Ռուսաստանի`Թուրքիայի հետ ունեցած շահեր են: Մենք այս տեղեկատվությունը փորձեցինք ճշտել ռուսական կողմից, սակայն պաշտոնական պարզաբանում ստանալու մեր ջանքերն ապարդյուն անցան: Ռուս սահմանապահ զորքերի մի քանի ներկայացուցիչներ մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում զարմացան մամուլում հայտնված այս տեղեկատվությունից` հերքելով դրանք:

Մենք փորձեցինք այս լուրերը ճշտել  ՌԴ դեսպանատանից, սակայն,երբ հետաքրքրվեցինք, թե ով է մամլո քարտուղարը ու խնդրեցինք կապ ստեղծել նրա հետ` չնայած ժամը 17.25-ն էր, խորհուրդ տվեցին զանգահարել երկուշաբթի` իրենց իսկ բառերով ասած աշխատանքային օր:

Փորձեցինք կապ հաստատել նաև Հայաստանում ՌԴ սահմանապահ զորքերի հրամանատար Յուրի Ալեքսանդրովիչ Ռադիոնովի հետ. նրա գրասենյակային հեռախոսահամարները տևական ժամանակ վերցնող չկար:Պարոն Ռադիոնովը չպատասխանեց նաև իր անձնական հեռախոսահամարին հնչեցրած մեր զանգերին:

Սահմանապահ ուղեկալի հրամանատար Անատոլի Շադրինն էլ մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում փոխանցեց, որ իրենք իրավունք չունեն պաշտոնական պարզաբանում ներկայացնել այս թեմայով` պաշտոնական պարզաբանման համար խորհուրդ տալով կապվել մամլո քարտուղար Գրեչինի հետ: Պարզվեց վերջինս էլ արձակուրդում էր: Զանգահարեցինք նաև ռուս սահմանապահ զորքերի օպերատիվ հերթապահ բաժին, այստեղ ազգությամբ հայ հերթապահից բացի ոչ մեկը չկար, և բնականաբար պաշտոնական պարզաբանում ներկայացնող այդպես էլ չգտնվեց:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Ի՞նչու հայի սահմանը ռուսը պիտի ՊԱՀԻ: Այդ նույն ռու՞սը չէ,որ հայի թշնամուն օր ու գիշեր զինում է: Քո թշնամուն ուժեղացնողը քո «սահմանի պաշտպա՞ն»: Իսկ այդ պայմանագիրը չեղյալ պիտի հայտարարել:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031