«Հակոբ Թուսունյանը եւ նրա որդին ապօրինի կարգով են բերման ենթարկվել ՀՀ ոստիկանություն»,-այսօր` հուլիսի 18-ին, «Հայելի» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց փաստաբան Վահագն Մանուկյանը:
Հիշեցնենք` 2010 թվականի օգոստոսի 28-ին Քաջարան քաղաքի կենտրոնում գտնվող սրճարանում վիճաբանություն է առաջացել քաղաքացիներ Գրիգոր Պապյանի եւ Գեւորգ Թուսունյանի միջեւ: Վիճաբանությունը վերածվել է քաշքշուքի եւ նրանց միացել է Սահակ Սահակյանը, արդյունքում` սպանվել է Գրիգոր Պապյանը: Գործը քննում է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ:
Փաստաբանի խոսքերով` իր պաշտպանյալ Հակոբ Թուսունյանը ծանուցագիր չի ստացել,եւ այդ պարագայում նրան բերման են ենթարկել Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն, որտեղ նա շուրջ 10 ժամ պահվել է եւ զրկվել է ազատ տեղաշարժվելու իր իրավունքից: Պարոն Մանուկյանը հավելեց, որ Հակոբ Թուսունյանը հարցաքննվել է գիշերը, իսկ երբ գործով վկա Նոնա Հարությունյանի հարցաքննությունն ավարտված չի եղել պարոն Թուսունյանը եղել է ձերբակալված.
«Այդ չարաշահումների, այդ խախտումների կապակցությամբ մեր կողմից դիմում բողոք էր ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն, նյութեր էր նախապատրաստվել Հատուկ քննչական ծառայությունում, սակայն մերժվել է, հետագայում նաեւ բողոքարկվել է դատական բոլոր ատյաններում եւ բոլոր ատյանները մի պատճառաբանություն են ներկայացրել դատական ակտերում, որ այդ բոլոր հարցերը ենթակա են քննարկման եւ քննության պետք է ենթարկվեն` քրեական գործի դատաքննության շրջանակներում»:
Կարդացեք նաև
Նախաքննության թույլ տված խախտումներից է, ըստ Վահագն Մանուկյանի, Նոնա Հարությունյանի վրա նշանակվել է դատահոգեբանական փորձաքննություն, սակայն այդ փորձաքննության ո’չ որոշման, ո’չ արդյունքների մասին պաշտոնական կողմը սահմանված կարգով ծանուցված չէ; Վարույթ կատարող մարմնի մոտ է կասկած հարուցվել Նոնա Հարությունյանի հոգեկան վիճակը.
«Նոնա Հարությունյանի հարցաքննությունները շարունակվում են ժամեր շարունակ, գրեթե մեկ դատական նիստ ամբողջությամբ Նոնա Հարությունյանի հարցաքննության է վերաբերում: Նախաքննության ընթացքում շուրջ երեսուն եւ ավել առերես հարցաքննություն է եղել եւ յուրաքանչյուր հարցաքննություն լի է հակասություններով»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ