Լրահոս
Օրվա լրահոսը

Ամեն ինչ կորցրած մեղվապահին մնացել է միայն սերը մարդկանց ու մեղուների նկատմամբ

Հուլիս 18,2014 17:39

Քուրդ ռեժիսոր Մանո Խալիլի «Մեղվապահը» ֆիլմը նույնպես ներկայացված է «Ոսկե ծիրան» 11-րդ միջազգային կինոփառատոնի «Միջազգային վավերագրական կինո» անվանակարգում:

Սա պատմություն է թուրք-քրդական պատերազմի թոհուբոհում ամեն ինչ կորցրած մեղվապահի մասին:

«Նա կորցնում է իր կնոջը, զավակներին, երկիրը և ապրուստի միակ միջոցը՝ ավելի քան 500 մեղվի փեթակները: Նրան մնում է միայն սերը մեղուների և անխախտ հավատը մարդ անհատի նկատմամբ՝ անկախ ծագումից: Զրկանքներով լի երկարուձիգ ոդիսականից հետո մեղվապահը հայտնվում է Շվեյցարիայում և նոր կյանք սկսում մեղվապահության հանդեպ տածած իր սիրո շնորհիվ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր ֆիլմն այսպես ներկայացրեց Մ. Խալիլը:

«Չորս տարի առաջ իմացա, որ Շվեյցարիայում մի քուրդ է բնակվում, որը մեղվապահությամբ է զբաղվում,- շարունակեց ռեժիսորը,- անկեղծ ասած՝ մեծ ցանկություն ունեցա նրա հետ ծանոթանալու: Եվ երբ ծանոթացանք, նա արդեն դիտել էր իմ ֆիլմերից մեկը ու ճանաչում էր ինձ: Իսկ երբ նրան ասացի, որ մեղվապահի մասին ֆիլմ եմ ուզում նկարահանել, շատ ուրախացավ»:

Ռեժիսորը, սակայն, վստահեցնում է, որ հերոսի ընտրության հարցում շեշտը չի դրել նրա ազգային կամ կրոնական պատկանելության վրա. «Ես իմ հերոսին հավանել եմ առաջին հերթին որպես մարդու և հաշվի չեմ առել, որ նա քուրդ է,- ասում է Մ. Խալիլը:- Պարզապես ընտրել եմ մեկին, որն ունի կյանքի ողբերգական պատմություն և մեծ սեր մարդկանց ու մեղուների հանդեպ: Բայց նրա քուրդ լինելը ֆիլմի օգտին էր, որովհետև ես էլ եմ քուրդ, իսկ ազգակիցներն իրար հետ ավելի հեշտ են անկեղծանում, և մեղվապահն ինձ հետ «բացվեց» ոչ թե իբրև ռեժիսորի, այլ մարդու և ազգակցի հետ»:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031