Իտալացի ռեժիսոր, գրող Ջովաննի Դոնֆրանչեսկոյի «Քարե գետը» ֆիլմը ներկայացված է «Ոսկե ծիրան» 11-րդ միջազգային կինոփառատոնի «Միջազգային վավերագրական կինո» անվանակարգում:
Ռեժիսորն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ ֆիլմը պատմում է 20-րդ դարի սկզբին օվկիանոսը կտրած, Վերմոնթ ամերիկյան նահանգի Բարի քաղաքում հաստատված և այնտեղ գրանիտի ամենամեծ հանքը բացած եվրոպացի քարագործների ճակատագրի մասին: Ջ. Դոնֆրանչեսկոյի փոխանցմամբ՝ մի քանի տարվա ընթացքում այդ քարագործների մեծ մասը վախճանվել է սիլիկոզ հիվանդությունից:
«Մինչև ֆիլմի նկարահանումը ես մեկնեցի Բարի՝ ուսումնասիրելու այն քաղաքը, որտեղ պատրաստվում էի սկսել նկարահանման աշխատանքները: Եվ ահա քաղաք հասնելով՝ բացահայտեցի մի բան, որը փոխեց ֆիլմի հետ կապված իմ նախնական ծրագրերը: Ես այստեղ իմացա, որ 30-ականների վերջերին Ռուզվելտի վարչակազմի կողմից ուղարկված մի քանի գրողներ Բարիի բնակիչներից հարցազրույցներ են վերցրել՝ մեծ լճացման շրջանում Ամերիկայի պատկերը ներկայացնելու համար»,- պատմեց ռեժիսորը և հավելեց, որ իրեն այնքան են հետաքրքրել այդ հարցազրույցները, որ որոշել է անպատճառ օգտագործել իր ֆիլմում, և Բարիի այսօրվա բնակիչները համաձայնել են ֆիլմի համար կարդալ իրենց նախնիների՝ 30-ականներին տված հարցազրույցների տեքստերը:
«Այդ մարդկանց ձայնի միջոցով անցյալի և ներկայի մի խռովալի համակցություն ստեղծելով՝ ֆիլմը վերակենդանացնում է սոցիալական բախումների, հիվանդությունների ու մահերի, անարխիստական ուտոպիայի, ողբերգության և հույսի նրանց պատմությունները,- ասում է Ջ. Դոնֆրանչեսկոն:- Գրավիչ պատկերային ոճով ու նորարարական պատումով աչքի ընկնող ֆիլմը ներկայացնում է քարի հետ անվերջանալի կռիվ տվող տարագիրների մի ողջ համայնքի ողբերգությունը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Կարդացեք նաև