Լրահոս
Օրվա լրահոսը

Աղջիկը Ուջանից (Պատմվածք)

Հուլիս 18,2014 16:33

Ծերունին հանդիպման էր գնալու իր նախկին աշխատակցին: Պայմանավորված ժամից շուտ էր տեղ հասել և որոշեց մի փոքր դադար առնել` նստելով այգու հարմարավետ նստարանին, որը գուցե այդ օրերին էր դրվել այդտեղ: Այգին հին էր, իր ուսանողական տարիներին նա այդտեղ շատ էր նստել, դասախոսական տետրերը թերթել, երկարատև ու ձանձրալի դասախոսություններից հետո` շունչ առել: Նայում էր շրջապատին, որտեղ երկու կանաչավուն համազգեստով, իր նման մեծահասակները` ռետինե խողովակները դես ու դեն քարշ տալով` հերթականությամբ միացնում էին այգու ողջ տարածքով գետնին փռված ավելի մեծ տրամագծով երկաթե խողովակներից դուրս ցցված հատուկ ելուստներին, ապա հանդարտորեն տեղաշարժվելով` ջրում էին այգու չորացած մասերը: Նրանք այնպես էին կլանված իրենց աշխատանքով, որ չէին էլ նկատում այգու միջով անցնող մարդկանց, նորաձև նստարաններին բազմած երիտասարդ զույգերին, միայնակ նստած ծերերին կամ խմբերով հավաքված ուսանողներին, որոնք նոր պիտի նստեին ուսանողական նստարանին: Նրանք իրենց հանձնարարված գործն էին ջանասիրաբար կատարում:

Նստած էր ծերունին նստարանին` տարված իր ուսանողական հիշողություններով, հնացած մտքերով, երբ հանկարծ նրան մոտեցավ դեռատի աղջիկը` համարձակ դիմելով.
-Կարելի՞ է Ձեր նստարանին նստել, պապիկ:

Ծերունին հանկարծակիի գալով, զարմացավ ու նոր նկատեց, որ ամբողջ մի նստարան է զբաղեցրել և ահա իրենից թույլտվություն են հայցում` նստարանի բավականին ազատ տեղում նստելու համար: Նա շփոթվեց այդ տեսակ քաղաքավարությունից, տեղից մի փոքր դեպի աջ շարժվեց` կարծես ազատ տեղը քիչ էր լինելու դեռատի աղջկա համար և ինքնաբերաբար պատասխանեց, մի քիչ էլ ժպտալով`
-Իհարկե կարելի է, աղջիկս, հո այս նստարանը իմ սեփականությունը չէ:

Գուցե կոպիտ էր ասված կամ գռեհիկ, հետո մտքում մտածեց ծերունին: Բայց, դե արդեն ասել էր, բառը, ինչպես մեծերն են ասել թռչունի է նման, բնից թռավ, գնաց, հո հետ չես բերի:

Մինչ նա մտածում, խորհում էր իր ասածի վրա, աղջիկը հարմարավետ տեղավորվեց նստարանի ազատ տեղում, ուսից կախված մեծ պայուսակը հանեց և դրեց կողքին` նստարանի վրա, բա հո գետնին չէր դնելու, նրա միջից հանեց պատճենահանված թղթերի ծալը, որը ամրացված էր բարակ երկաթյա ամրակով, նրանց միջից ընտրեց իրեն հարկավոր նյութը և սկսեց աչքի անցկացնել: Գուցե ուզում էր ծերուկին ցույց տալ, որ ինքը արդեն ուսանող է և հպարտանում է դրանով: Իսկ ծերունին հետաքրքրությունից դրդված, ինքնաբերաբար, փորձեց կարդալ այդ գրվածքների վերնագիրը, բայց քանի որ ակնոցները մոռացել էր տանը և գողունի էր ցանկանում իրականացնել իր կարդալու մտադրությունը, ապա գրեթե չէր հաջողվում այդ անել: Բայց բախտը կարծես ժպտաց նրան, գրվածքի հաջորդ էջին, որ արդեն թերթել էր աղջիկը, պարզ գրված էր նյութի վերնագիրը, նույնիսկ մեծատառերով` «ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ` ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՌԱՎԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ»: Մի քիչ անհասկանալի թվաց նրան այդպիսի շարադրանքով վերնագիրը, բայց համարձակությունը տեղը բերեց, նայեց աղջկա կողմը, փորձեց հարցնել նրան և պարզել անհասկանալին: Իսկ աղջիկը արդեն ծալում էր թերթերի տրցակը, հետո դրեց մեծ պայուսակի մեջ, իսկ հետո մեծ պայուսակի մեջ տեղավորված փոքրիկ պայուսակից հանեց կլորավուն հայելին և սկսեց մատներով դեմքի ինչ որ մասեր ուղղել, ապա շրթներկը հանեց և սկսեց մշակել` առանց այն էլ լավ ներկված շուրթերը: Հետո հայելին խնամքով տեղը դրեց, ապա նույն տեղից հանեց թանկարժեք բջջային հեռախոսը, հավաքեց անհրաժեշտ համարը…

-Ալլո, Արշակ, դու ե՞ս, Մերին է,-համարձակորեն հայտնեց աղջիկը:

Բա էլ ո՞վ պիտի լիներ, եթե ոչ Արշակը, որին զանգահարել էր: Այդ մասին նույնիսկ հաստատեց հակառակ կողմից պատասխանողը: Պայմանավորվեցին, որ պիտի հանդիպեն ինչ որ նախորոք որոշված տեղում:

-Լավ,-ասաց աղջիկը,-անջատեց հեռախոսը, բայց նորից հավաքեց այլ հեռախոսահամար և զանգահարեց, այս անգամ` Մարինեին:
-Մար,-խոսափողի մեջ ասաց աղջիկը,- հավաքվել ե՞ք արդեն,-ես դիմացի այգում եմ, մի քիչ շուտ եմ տեղ հասել: Հա, արդե՞ն, դե լավ, մի քիչ հետո կգամ:
Այս հեռախոսազրույցների ընթացքում աղջիկը այս ու այն կողմ էր նայում և կարծես ասում` տեսեք, ես կարող եմ նաև թանկարժեք բջջայինով խոսել, պայմանավորվել…
Իսկ ծերունին զգալով, որ աղջիկը քիչ ժամանակ ունի ընկեր-ընկերուհիներին հանդիպելու համար, շտապեց հարցնել նրան:

-Պոլիտեխնիկում ե՞ք սովորում:

-Ոչ, դեռ չեմ սովորում, նոր եմ ընդունվել առաջին կուրս, բայց տնտեսագիտական համալսարանի,-հնչեց կարծես պատրաստի պատասխանը:
-Է, պոլիտեխնիկին էլ են հիմա համալսարան կոչում, մեր ժամանակ էր, որ նրան ինստիտուտ էին ասում: Վաթսուն տարի առաջ եմ ավարտել այս բուհը: Էն ժամանակ միայն այս շենքն էր,-ձեռքով ցույց տվեց մոտակայքում երևացող գորշագույն շենքը,-«Քիմիական ֆակուլտետ» անունով էին նրան կնքել: Հետո տեղափոխվեցինք այ, էս դիմացի վարդագուն տուֆից կառուցված շենքը: Դրա դիմաց էն ժամանակ Մարքսի կիսանդրին էր դրված, քանի որ պոլիտեխնիկը նրա անունով էր կոչվում: Իննսունականների հեղափոխականները էդ խեղճ Մարքսին հանեցին, չգիտես ուր շպրտեցին, ախր գուցե արվեստի գլուխգործոց էր, հետո ինչ, որ Մարքսին չէին սիրում: Հիմա էլ ծառերի մեջ ինչ-որ Լեոնարդոյի կիսանդրի են թաքցրել: Երևի Դավինչի՞ն է:
Աղջիկը ուշադրությամբ լսում էր, բայց կարծես իր հոգն էլ չէր, թե Մարքսն ո՞վ է կամ Լեոնարդոն: Նրան մի հարց էր հետաքրքրում և այն շուտով տրվեց, քանի որ իրեն արդեն սպասում էին հավաքատեղիում գտնվող ուսանողական ընկերները և նա արդեն շատ էր շտապում:
-Պապի, մի բան հարցնեմ,-դիմեց աղջիկը,-ճի՞շտ է, որ ասում են, թե մեր կյանքի ամենահիշարժան ու լավ օրերը ուսանողականն են լինելու: Դուք էլ ե՞ք այդպես կարծում, արդեն վաղուց անց եք կացրել այդ օրերը:
-Նայած ում համար, աղջիկս,-խորը շունչ քաշելով արձագանքեց ծերունին,-ինձ համար այդ օրերը հիշարժան չեն եղել, դժվար ժամանակներ էին, հոգսերով լի, և’ սովորում էի, և’ միաժամանակ գիշերները աշխատում օդանավակայանում: Առավոտյան հերթափոխից տուն էի գալիս ու դեռ չհանգստացած շտապում էի դասի: Մեկ-մեկ դասի ժամին քնում էի ու վեր թռչում: Բայց էլի լավ էր, հիմիկվա նման բողոքական չէինք:
-Չգիտեմ, այդպես են ինձ ասել: Ես քաղաքից չեմ, Արագածոտնի Ուջան գյուղից եմ: Ամեն օր պիտի գամ-գնամ,-մտազբաղ նետեց աղջիկը:
-Հա’, քեզ համար էլ դժվար կլինի, բա հո հեշտ չի լինի, երկու ժամ կտևի չէ՞, գնալ-գալու ճանապարհը, ամռանը շոգ կլինի, իսկ ձմռանն էլ` ցուրտ: Էլ ժամանակ չես ունենա ուսանողական տարիներդ լավ անցկացնելու…
-Ես էլ եմ այդպես մտածում, էլ սրա լավը կամ հիշարժանը ո՞րն է լինելու, եթե չեմ օգտվելու կյանքի բարիքներից` կաֆեներ, թանգարաններ, ակումբներ, կինո, թատրոն, համերգասրահներ, տատիս ասում եմ, այ տատ, արի քաղաքում տուն վարձենք, միասին մնանք, մինչև ուսումս ավարտեմ, ասում է` չէ, ես քաղաքում չեմ կարող ապրել: Հայրս էլ է գալիս-գնում, պետական աշխատող է, բայց նրանը ուրիշ է, նրա ուսանողականն անցել է:
-Հա, իմ լուսահոգի մայրն էլ էր էն ժամանակ դժգոհում քաղաքից ու երբ գարունը բացվում էր նա գնում էր իր հարազատ գյուղի տունը ու մինչև խոր աշուն այնտեղ էր անցկացնում: Մենք էլ հնարավորինս այցելում էինք իրեն, օգտակար լինում: Հա, էդ ձեր ասածը հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի գյուղն է, չէ՞,- հանկարծ, չգիտես ինչու՞ հիշեց ծերունին:
-Չէ, պապի, էս էն գյուղն է, որտեղ վաթսունականներին, գիշերով, գաղտնի կերպով Անդրանիկի հուշարձանն են կանգնեցրել,-հպարտացավ աղջիկը այն եղելությունից, որ իրենց գյուղում հայազգի հերոս Անդրանիկի արձանն է տեղադրված,-ես այդ ժամանակ դեռ չէի ծնվել, բայց այդ մասին բոլորը գիտեն, հայրս է պատմել:
-Հա, ես էլ եմ հիշում, էդ մասին հետագայում թերթերը գրեցին,-ասաց ծերունին,-ախր հաճախ եմ էդ Ջաջուռը, Ուջանի հետ խառնում, Մինասը Ջաջուռում է ծնվել,-իրեն ուղղեց ծերունին,-երևի նրանից է, որ երկուսի մեջ էլ «Ջ» տառը կա,-ժպտալով արդարացավ ծերունին: Տո, էդ սովետականի ժամանակ Անդրանիկի, Նժդեհի, Չարենցի, Րաֆֆու և էլի մեր շատ մեծերի մասին նույնիսկ խոսելն էր արգելված: Էդ գազանը (խոսքը Ստալինի մասին է) ինչպիսի պայծառ գլուխներ կերավ…
Հետաքրքիր զրույցը ինչպես հանկարծակի սկսվել էր, այդպես էլ հանկարծակի վախճան ունեցավ: Զնգաց մեր դարի խառնակիչ բջջայինը: Աղջկա նոր, քաղաքային ընկերուհին հեռախոսով շտապեցնում էր, որ գրեթե բոլորը հավաքվել են և թող ինքն էլ շտապի հավաքատեղի:

Աղջիկը արագ տեղից վեր կացավ, ուղղեց մազերը, մարմինը կիպ գրկող տաբատի վրայից ձգեց ներքև կարճ վերնաշապիկը, մեծ, շղթայավոր պայուսակը կախ գցեց ուսից և հրաժեշտ տվեց ծերունուն ասելով.
-Հաջողություն և առողջություն Ձեզ պապի, շատ հաճելի էր Ձեզ հետ զրուցելը:
-Հաջողություն քեզ ուսման գործում աղջիկ ջան, լավ ու անհոգ անցկացրու ուսանողական տարիներդ, ինչ էլ որ լինի, կյանքը հետաքրքիր է,-արձագանքեց ծերունին:
Աղջիկը բարձրակրունկ կոշիկների վրա շորորուն քայլերով, բայց ցույց տալով, որ վստահ է իրեն զգում այդ բարձունքում` դանդաղորեն հեռանում էր այգու խնամված ծառուղով…
Ծերունին դեռ երկար ու զարմանքով նայում էր ուջանցի այդ դեռատի գյուղացի աղջկա ետևից, որը ոչ մի բանով չէր տարբերվում հեռուստատեսությամբ ամեն օր ցուցադրվող քաղաքակիրթ կոչված եվրոպական քաղաքացուց, ո’չ հագուկապով, ո’չ արդուզարդով, ո’չ հարդարանքով և հատկապես` իր մտավոր կարողություններով: Սակայն մի բանով հաստատ տարբերվում էր եվրոպացուց, դա նրա խորունկ հայրենասիրությունն էր, որը արտահայտվում էր այն մտայնությամբ, որ հենց իրենց գյուղում են առաջինը կանգնեցրել հայ ազգային հերոս Անդրանիկի հուշարձանը այն ժամանակներում, երբ դեռ հերոսի մասին խոսելն էր նույնիսկ արգելված: Բա:

ՍԻՄԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031