Օրինազանց անչափահասների հարցերով զբաղվող տարբեր պետական և ոչ պետական կառույցների ավելի լավ համագործակցության երաշխավորումը այսօր ԵԱՀԿ աջակցությամբ կազմակերպված կլոր սեղան – քննարկման հիմնական նպատակն էր:
Սա վերջին քննարկումն էր 2014թ. մայիս – հուլիսին Հայաստանի բոլոր մարզերում կազմակերպված մի շարք քննարկումների, որ նախաձեռնել էր Երեխաների աջակցության կենտրոնը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ: Միջոցառումը մաս է կազմում ավելի մեծ ծրագրի, որի նպատակն է ստեղծել տվյալների համապարփակ ձեռնարկ Հայաստանում անչափահասներին տրամադրվող սոցիալական բոլոր ծառայությունների քարտեզագրման միջոցով և խթանելով աշխատանքային ավելի սերտ հարաբերություններ բոլոր նրանց միջև, ովքեր ներգրավված են այս ոլորտում:
«ԵԱՀԿ-ն խթանում է երեխայակենտրոն արդարադատության չափորոշիչները և հանցավորության կանխարգելումը, և այս համատեքստում երեխաների շահերի պաշտպանությունը շատ կարևոր է», – ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ազգային իրավախորհրդատու Մարիա Սիլվանյանը: «Կարծում եմ, որ այս ոլորտում հիմնական դերակատարների շրջանում քննարկումները կօգնեն համախմբել և օգտագործել առկա ռեսուրսները, որը կհանդիսանա ևս մեկ քայլ՝ իրավիճակի բարելավման ուղղությամբ»:
Քննարկումներին մասնակցում էին տեղի ոստիկանության, դպրոցների, Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների, Երեխաների պաշտպանության ստորաբաժանումների և ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ նպատակ ունենալով փոխանակել տեղեկատվություն և գտնել ընդհանուր լուծումներ անչափահասների կարիքներին արձագանքելու ուղղությամբ:
ԵԱՀԿ գործընկերը այս ծրագրի շրջանակներում՝ Հայ օգնության ֆոնդի Երեխաների աջակցության կենտրոնը, աշխատում է տրամադրել երեխաներին և ընտանիքներին ճգնաժամային միջամտության և կարճաժամկետ վերականգնման աջակցություն՝ կացարանի հասանելիություն, խորհրդատվության, հանրայնացման ծառայությունների, առողջապահության և իրավական աջակցություն:
Կարդացեք նաև
Երեխաների աջակցության կենտրոնի գործադիր տնօրեն Միրա Անտոնյանն ասաց. «1999 թ.–ից ի վեր մեր կազմակերպությունն ունեցել է հատուկ պայմանավորվածություն ՀՀ ոստիկանության հետ՝ միասին աշխատելու՝ հանուն երեխայի շահերի՝ հատուկ ուշադրություն դարձնելով մանկական օրինազանցությանը: Երեխաներն իրավունք ունեն ֆիզիկական և հոգեբանական անվտանգության, և մենք բոլորս՝ անհատներ, համայնքներ և կառավարությունները, պարտավոր ենք պաշտպանել նրանց»:
Այս քննարկումը մաս է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեության՝ ուղղված բարձրացնելու քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և պետական կառույցների դերը երեխաների իրավունքների պաշտպանության գործում:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակ