Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՊ-ը Հմայակ Հովհաննիսյանին խոստովանե՞լ է, որ ինքը Հայաստանում մարդու իրավունքները պաշտպանելու հնարավորություն չունի

Հուլիս 18,2014 15:55
Hmayak Hovhannisyan

Ի՞նչ ընթացք պետք է ունենա վերեւից պատվիրված եւ իմ պատգամավորության թեկնածու եղած ժամակաշրջանից առ այսօր շարունակվող քաղաքական հալածանքը մեր թշվառ եւ անտեր երկրում: Պետք է անցնի դատական մամլիչի երեք ատյաններով եւ մտնի Եվրոդատարան: Մի երկրում, որտեղ դատական համակարգը կարող է բացահայտորեն օգտագործվել քաղաքացուն ունեզրկելու, քաղաքացու օրինական սեփականությունը զավթելու գործիքի դերում, մի երկրում, որտեղ տուժողը, եթե յուրային չէ, անխուսափելիորեն դառնում է մեղադրյալ եւ հետո դատապարտյալ, իսկ օրինախախտ յուրայինը ազատվում է պատասխանատվությունից, արդարադատությունն անհնարին է:
Այս դատական նիստին մասնակցում էր տուժող ճանաչված Սենիկ Ջուլհակյանը, ում ես շատ պարզ հարց ուղղեցի` ինչո՞ւ քաղաքացիական գործին վերաբերվող` իմ դեմ «Youtube»-ում տեղադրված հայտնի տեսաերիզը ներկայացվել է որպես իմ կողմից իր ՓԲ-ի աշխատակիցներին հասցված վիրավորանքների իրեղեն ապացույց, բայց քրեական դատավարության շրջանակներում այդ նույն տեսաերիզը չի ճանաչվել իրեղեն ապացույց: Արդյոք պատճառն այն չէ՞, որ այդ տեսաերիզն ակնհայտորեն ապացուցում է իմ անմեղությունը. այն, որ ես մատով իսկ չեմ դիպել Սենիկ Ջուլհակյանին, եւ որ այս քրեական գործը կեղծ մատնության վրա է հիմնված, եւ ինձնից պատգամավորական մանդատը, իսկ հետո նաեւ օրինական սեփականությունը դատական ճնշումների միջոցով խլելու նպատա՞կ էր հետապնդում:

Ինչո՞ւ ինքը, ով պատգամավորական ընտրությունների ժամանակ այդ տեսաձայնագրությունը տրամադրել է «Արմենիա» հեռուստաընկերությանը, իսկ վերջինս դա ինձ ընտրարշավի ժամանակ բացասական համատեքստում ներկայացնելու նպատակով հեռարձակել է եթեր, այսօր հրաժարվում է ներկայացնել դատարանին տեսաձայնագրության ամբողջական տարբերակը, որպեսզի իմ մեղքը ապացուցվի:
Վերջապես, ինչո՞ւ հնարավոր չի եղել «Արմենիա» հեռուստատեսության միջոցով քննության ընթացքում պարզել նկարահանողների ով լինելը եւ ստանալ տեսաձայնագրության ամբողջական տարբերակը, որտեղ պետք է պարզ երեւա, թե ինչպե՞ս եմ ես հրում Սենիկին, ինչպե՞ս է նա վայր ընկնում եւ վնասում մատները: Չէ՞ որ ինչ որ մեկը այդ տեսաձայնագրության մոնտաժած տարբերակը տրամադրել էր «Արմենիա» հեռուստաընկերությանը, իսկ «Արմենիա» հեռուստաընկերությունը չէր կարող պատգամավորության թեկնածուին վերաբերող կասկածելի, անոնիմ կամ անօրեն ճանապարհով ձեռք բերված նյութը հեռարձակել` այն էլ ընտրարշավի ընթացքում:
Ինչո՞ւ քննիչը, դատախազը, դատավորները եւ վերջապես տուժող կոչեցյալը չգնացին իմ մեղքի ապացուցման այդ ամենակարճ ճանապարհով: Որովհետեւ այդ ճանապարհը անխուսափելիորեն բերելու էր իմ անմեղության եւ այս գործի շինծույության հաստատմանը:

Փաստորեն, քննության եւ դատաքննության ընթացքում ես ստիպված եմ եղել ապացուցել իմ անմեղությունը, մինչդեռ անմեղության կանխավարկածը պահանջում է, որ դատաքննչական մարմինները, այլ ոչ թե մեղադրյալը, ապացուցեն քաղաքացու մեղավորությունը կամ ազատեն նրան պատասխանատվությունից:
Բայց ինչի՞ մասին ենք մենք խոսում մի երկրում, որտեղ գլխավոր դատախազը թքած ունի Մարդու իրավունքների պաշտպանի` իր օրինազանց քննիչներին պատժելու եւ մարդու խախտված իրավունքները վերականգնելու հորդորների վրա:

Ինչի՞ մասին ենք մենք խոսում մի երկրում, որտեղ ինձ ուղղված նամակում Մարդու իրավունքների պաշտպանը` ի պատասխան հանցագործության` Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 17-րդ հոդվածի ոտնահարման մասին իմ հաղորդման եւ հերթական խնդրանքի` պաշտպանել իմ իրավունքը, խոստովանում է, որ ինքը Հայաստանում մարդու իրավունքները պաշտպանելու հնարավորություն չունի եւ կարող է միայն արձանագրել մարդու իրավունքների խախտման փաստերը, առաջարկել չինովնիկներին վերականգնել խախտված իրավունքը եւ այդ մասին տեղեկացնել հասարակությանը մամուլի միջոցով: Հարց է առաջանում` էլ ի՞նչ խոսք կարող է լինել մարդու իրավունքների պաշտպանի մասին: Ուրեմն` Հայաստանում չկա մարդու իրավունքների պաշտպան, այլ գոյություն ունի պարզապես մարդու իրավունքների օբյեկտիվ մեկնաբան, ով ընդամենը արձանագրում է մարդու իրավունքների զանգվածային խախտման փաստերը, մամուլի միջոցով գուժում է դրանց կապակցությամբ եւ ցավակցում:
Կարծես` որեւէ մեկը Հայաստանում կասկածում է, որ մարդու իրավունքներն այստեղ չինովնիկները խախտում են ամեն մի քայլափոխի վրա: Բայց սեփական պաշտոնի PR-ը մամուլում ի՞նչ կապ ունի մարդու իրավունքների պաշտպանության հետ:
Հիմա թող ինձ ասեն` ո՞վ է պախարակում արեւմտյան ժողովրդավարական հաստատությունները, չարախոսողնե՞րը, թե՞ մարդու իրավունքների չակերտավոր պաշտպանը:

 

Հմայակ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031