«Պետք չէ մտածենք, որ Ադրբեջանը հանկարծակի որոշեց դիվերսիոն խումբ ուղարկել»,- այսօր՝ հուլիսի 18-ին, «Հայելի» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:
Նա համարում է, որ վերջին դեպքերը Ադրբեջանի կողմից համակարգված մեթոդաբար օգտագործվող ձեւ է՝ անվերջ տաք պահելու համար Լեռնային Ղարաբաղի հարցը եւ ցույց տալու համար՝ նա ամեն ինչ անելու է այդ հարցը հօգուտ իրեն լուծելու համար: Պարոն Միլիտոնյանի կարծիքով՝ ադրբեջանական կողմը անվերջ նոր ձեւեր է մտածելու, գնդակոծելու են սահմանամերձ ճանապարհեր, գյուղերը, այսինքն`երբեք պետք չէ մտածել, որ նրանք հանգիստ են տալու.
«Պետք է ժամանակակից զենքերով զինվել, պետք է չհամարել, որ ավելի զենք ենք առնում, քան մեզ թույլատրվում է. ակնհայտ է, որ Ադրբեջանն ավելի շատ է խախտում եւ անում է դա բացահայտ՝ բոլորի աչքի առաջ եւ վերջին շրջանում ավելի ագրեսիվ է դարձել միջազգային կառույցների հանդեպ»:
Էդվարդ Միլիտոնյանը համարում է, որ հայկական սփյուռքի համայնքները պետք է ավելի ակտիվ ժամանակակից խնդիրների դեմ իրենց ձայնը բարձրացնեն եւ մասնագիտացվեն ցեղասպանության հարցի բարձրացման վերաբերյալ. «Մենք զատորոշեցինք, արցախյան հարցն առանձին ներկայացրեցինք աշխարհին, իսկ ցեղասպանության խնդիրը լրիվ պատմականորեն առանձնացրեցինք: Ես կարծում եմ, որ դա պիտի միասնական դրվի աշխարհի սեղանին, որովհետեւ հենց հիմքում այդպես էլ կա: Դա նույն թուրքական ցեղի նպատակամղված գործողությունն է որեւէ ազգի նկատմամբ, որը այս պահին Հայաստանն է»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Կարդացեք նաև