ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանի պատասխանը NEWS.am լրատվական կայքի հարցին
Հարց. Ո՞րն է արտգործնախարարության արձագանքը երեկ Ուկրաինայի հարավ-արևելքում տեղի ունեցած ավիավթարի վերաբերյալ։
Պատասխան. Մենք ցնցված ենք տեղի ունեցած ողբերգությամբ՝ քաղաքացիական ինքնաթիռի կործանմամբ, որի հետևանքով 298 մարդ է զոհվել։
Մեր վշտակցությունն ենք հայտնում բոլոր անմեղ զոհերի հարազատներին, բոլոր այն երկրներին, որոնց քաղաքացիները ողբերգության հետևանքով կորցրել են իրենց կյանքը։Հայաստանի Հանրապետության Նախագահը՝ հայ ժողովրդի անունից, արդեն ցավակցական հեռագրեր է հղել Մալազիայի և Նիդերլանդերի ղեկավարներին։
Հարց. Ինչպե՞ս կմեկնաբանեք տեղեկությունները, որ ինքնաթիռը կործանվել է հրթիռակոծության հետևանքով։
Կարդացեք նաև
Պատասխան. Ավիավթարի պատճառների վրա լույս կարող է սփռել միայն միջադեպի համապարփակ քննությունը։
Հայաստանը մշտապես դատապարտել է և շարունակում է բացարձակապես անընդունելի համարել ուժի կիրառումը և ուժի գործադրման սպառնալիքը քաղաքացիական օդանավերի նկատմամբ։