Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ում Իրանի դեսպան. «Եթե ստեղծվի համապատասխան տրամաչափի խողովակաշար, որեւէ խնդիր չկա Հայաստանի միջոցով գազ տարանցելու»

Հուլիս 18,2014 14:46

Ուկրաինական զարգացումների համատեքստում՝ պատասխանելով Հայաստանը դեպի Եվրոպա էներգակիրների տարանցիկ ճանապարհ դարձնելուն վերաբերվող հարցին, այսօր Մամուլի ազգային ակումբում ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսին ասաց, որ Հայաստանի տարածքով էներգակիրների տարանցման համար անհրաժեշտ է համապատասխան ենթակառուցվածք: «Մենք ՌԴ-ի հետ ունենք լավ հարաբերություններ: Երկու երկրներ ենք, որոնք կարող են էներգակիրների, հատկապես գազի ոլորտում լավ համագործակցել»,- ասաց դեսպանը:

Դիտարկմանը`պաշտոնական Երեւանից նման ցանկություն, նախաձեռնություն չկա՞, դեսպանն արձագանքեց. «Ինչպես նշեցի, անհրաժեշտ է համապատասխան ենթակառուցվածք, իսկ ՀՀ կառավարությանն անհրաժեշտ է համապատասխան ժամանակ»:

Իրան-Հայաստան գազամուղին վերաբերվող հարցին էլ, դեսպանն ասաց. «Գազամուղը, երբ նախագծվել եւ որոշում է կայացվել կառուցելու, գուցե այն ժամանակվա համար է եղել այդ չափը: Սակայն, այժմ այդ տրամաչափով հնարավոր չէ տարանցում իրականացնել: Եթե ստեղծվի համապատասխան տրամաչափի խողովակաշար, որեւէ խնդիր չկա Հայաստանի միջոցով գազ տարանցելու»:

Դեսպանն ասաց, որ մեկ երկաթգծի կառուցման համար 3-4 միլիարդ դոլարի ներդրում է անհրաժեշտ: Նույնը`նաեւ գազամուղի հետ կապված:

Թեմայի շուրջ հնչած մնացյալ բոլոր հարցերի պատասխանները դեսպանը հորդորեց ստանալ ՀՀ կառավարությունից: Հարցերը վերաբերվում էին «ՀայՌուսգազարդի» 20 տոկոս բաժնեմասի`«Գազպրոմին» վաճառքից հետո առաջացած իրավիճակին:

«Մենք ՀՀ-ի հետ ունենք շատ լավ հարաբերություններ: Մինչ այժմ տեղի են ունեցել միջկառավարական հանձնաժողովի 11 նիստեր: Շուտով Թեհրանում տեղի է ունենալու նաեւ 12-րդ նիստը: Մինչ նիստի գումարումը ՀՀ էներգետիկայի նախարարը պետք է այց ունենա Իրան: Գուցե այդ խնդիրներն այնտեղ այցի շրջանակներում քննարկվեն: Մենք մշտապես հայտարարել ենք, որ պատրաստ ենք Հայաստանի հետ բոլոր ոլորտներում համագործակցել»,- ասաց դեսպանը:

Ներդրումների մասին խոսելիս՝ դեսպանն ասաց, որ անհրաժեշտ է համարում, որ համապատասխան օրենքներն ավելի պարզեցվեն, մաքսային խնդիրները դյուրացվեն, համապատասխան իրավական դաշտ ստեղծվի, որը ֆինանսական ապահովություն կխոստանա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031