Լրահոս
Օրվա լրահոսը

Հաշմանդամություն ունեցող երեխաները պատմում են իրենց հաջողությունների մասին (Տեսանյութ)

Հուլիս 18,2014 14:22

Այսօր Երեւանի Պողոսյան պարտեզներում կազմակերպել էր հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառմանն ուղղված «Կարող ենք միասին» կարգախոսը կրող հանրային արշավը, որի նպատակն էր հանրությանը ծանոթացնել ներառական կրթության ծրագրին, որի շնորհիվ հաշմանդամություն ունեցող երեխաները հնարավորություն կստանան սովորել հանրակրթական դպրոցներում՝ մյուս բոլոր երեխաների հետ:
Միջոցառման ընթացքում տաղավարներում տարբեր հասարակական կազմակերպություններ ներկայացնում էին հաշմանդամություն ունեցող երեխաների պատրաստած ձեռքի աշխատանքները՝ գործվածքները, պատրաստած տիկնիկները, զարդերը, կավե իրերը, կտավները, իրենց նկարած նկարները:

«Հույսի կամուրջ» հ/կ-ից Aravot.am-ին պատմեցին, որ կազմակերպությունը զբաղվում է հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքների պաշտպանությամբ, ունեն կենտրոններ Տավուշի մարզում:

«Հույսի Կամուրջ» կազմակերպության մշակութային խմբակների սաներից մեկը 19 տարեկան Նարեկն է, որն իր հետ բերել էր իր նկարած եւ իր ամենասիրելի կտավները:
Մեզ հետ զրույցում Նարեկի մայրը պատմեց, որ Նարեկը 8 տարեկանից նկարում է: Մայրիկի խոսքերով ՝ սկզբում նա նկարում էր մուլտֆիլմի հերոսների, հետո աստիճանաբար սկսեց նկարել բնապատկերներ: Իր նկարներում օգտագործում է բոլոր գույները: Շատ է սիրում նկարել ծով: Ասում է՝ ծովի գույները ավելի հաճելի է նկարել եւ ավելի հանգստացնող են:

Նարեկի նկարները

Narek_4 Narek_3 Narek_2 Narek
16 տարեկան Ռազմիկն էլ «Երեխաների զարգացման կենտրոնի» սաներից է: Ասում է, որ նման ծրագրերից հետո իր կյանքը փոխվել է: Ավելի լավ է զգում իրեն, երբ շփվում է տարբեր մարդկանց հետ: Ռազմիկը դերասանական խմբակներ է հաճախում: Պատմում է, որ հիմա Վիլիամ Սարոյանի «Ես ու դու» ստեղծագործության հիման վրա ստեղծված ներկայացման մեջ է խաղում: Խաղում է Սթիվի դերը, սակայն վստահ է, որ չէր ցանկանա նմանվեր Սթիվին, քանի որ նա շատ բողոքական է, իսկ ինքը բողոքական մարդկանց չի սիրում:

Մանկական զարգացման հիմնադրամից էլ մեզ հետ զրույցում ասացին, որ հաշմանդամություն ունեցող երեխաների համար ստեղծվել են խաղեր, որոնք նպաստում են նրանց մտավոր կարողությունների զարգացման վրա՝ հուզականության խնդիր են լուծում, խաղերից մեկի միջոցով ագրեսիան են հանում:

Մանրամասն՝ տեսանյութում

 


Միջոցառման կազմակերպիչ ՅՈՒՆԻՍԵՖ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Հենրիետ Արենսը, անդրադառնալով ծրագրի կարեւորությանը, նշեց, որ ծրագրի նպատակն է, որպեսզի հաշմանդամություն ունեցող երեխաները հնարավորություն ունենան ապրելու ընտանիքներում, իրենց ծնողների կողքին: Նրա խոսքով՝ պետք է նպաստել ներառական կրթության զարգացմանը Հայաստանում, որպեսզի հատուկ կրթության փոխարեն, հաշմանդամություն ունեցող երեխաները մյուս երեխաների հետ միասին սովորեն հանրակրթական դպրոցներում. «Նրանք կարող են մանկապարտեզ գնալ, դպրոց գնալ մյուս երեխաների հետ միասին, եւ ի վերջո, որպեսզի նրանք կարողանան միասին հետագայում աշխատել»:

Նա կոչ արեց, որպեսզի փոխվի հասարակության տրամադրվածությունը. «Նման միջոցառումների միջոցով պետք է հասարակությանը իրազեկել, որ հաշմանդամություն ունեցող երեխաները, մյուս երեխաների հետ միասին կարող են կողք կողքի քայլել»:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031