Արդյոք Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը, չի խոչընդոտի հայ-իրանական հարաբերություններին: Այսօր Մամուլի ազգային ակումբում լրագրողները նման հարց ուղղեցին ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսին: Դեսպանը նախ ասաց, որ այս կառույցին անդամակցությունը պայմանավորված է արդեն Հայաստանի շահերով եւ ՀՀ կառավարության որոշմամբ: «Վստահաբար Հայաստանի իշխանությունները մշտապես հաշվի են առնում Հայաստանի շահերը, և չեն ձեռնարկի այնպիսի քայլ, որը վնասի երկրի շահերին»,-ասաց դեսպանը՝ հավելելով, որ իրենք դեռևս չգիտեն՝ ի՞նչ է իրենից ներկայացնում այդ տնտեսական միությունը, ի՞նչ է իրենից ներկայացնում այդ փաստաթուղթը, հետեւաբար, ինքը չի կարող դատողություններ անել այն մասին, թե ինչպե՞ս այն կանդրադառնա Հայաստան-Իրան հարաբերությունների վրա:
«Երբ ծանոթացանք բովանդակությանն, այն ժամանակ կարող ենք ասել`արդյոք այն բխո՞ւմ է մեր շահերից, արդյոք այն կազդի մեր տնտեսական հարաբերությունների վրա, թե`ոչ: Քանի դեռ այդ փաստաթուղթը մենք չունենք ու չգիտենք՝ ինչ բովանդակություն ունի, դրա վերաբերյալ ոչ մի կարծիք ես չեմ կարող հայտնել: Դրա էությունը Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի ու Հայաստանի իշխանությունների համար պարզ է, սակայն կրկնում եմ՝ մենք մինչև հիմք չենք տեսել այդ փաստաթղթի տեքստը: Երբ ես այդ համաձայնագրի տեքստը կարդամ, գուցե այնտեղ գտնեմ կետեր, որոնք կբխեն նաեւ իմ երկրի շահերից»,- ասաց դեսպանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ