Այսօր, Մամուլի ազգային ակումբում, խոսելով տարածաշրջանային զարգացումների մասին, ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսին չբացառեց, որ Մերձավոր Արևելքի ահաբեկչությունը հասնի նաև Հարավային Կովկաս: Դեսպանի մտահոգությունն այն է, որ Հարավային Կովկասում էլ կան լարվածության օջախներ: Դեսպանը հյուրընկալվել էր` Մամուլի ազգային ակումբի նախաձեռնությամբ «Աշխարհը և մենք» ծրագրի և «Հայ-իրանական հարաբերություններ», «Իրանը և տարածաշրջանը» թեմաների շրջանակներում:
Ցավակցություն հայտնելով Ուկրաինայում մալայզիական օդանավի զոհերի հարազատներին՝ Իրանի դեսպանն ասաց, որ իրենք նույնպես զգացել են նման ողբերգական պատահարների ցավը՝ ԼՂ-ում իրանական օդանավի պատահարը և Պարսից ծոցում ընկած իրանական օդանավը:
Խոսելով տարածաշրջանային զարգացումների մասին, դեսպանը ասաց, որ իրավիճակն այնպիսին է, այնքան խնդիրներ կան, որ դրանց լուծման համար ոչ միայն տարածաշրջանի, այլ տարածաշրջանից դուրս գտնվող ուժերը պետք է համախմբվեն: «Սիրիայի հարցը գտնվում է ՄԱԿ-ի ԱԽ-ում, և՛ տարածաշրջանային, և՛ տարածաշրջանից դուրս գտնվող ուժերը քննարկումներ են անցկացնում լուծման ուղղությամբ, քանի որ վերահսկողությունից դուրս է եկել իրավիճակը: Իրաքին ևս հասել է վիրուսը. այդ երկրում տարածվել է «Ալ Քաիդայի»: «ԱՄՆ-ի և եվրոպական երկրների կողմից սպառնալիքներ ենք տեսնում, նախազգուշացնող զանգ է, որը հնչում է: «Դաեշի» ներկայացուցիչները Իրաքում, աջակցություն ստանալով տարբեր ուժերի կողմից, ԲԱՍ կուսակցության կողմից, ավելի են ոգևորվում: «Դաեշն» ահաբեկչական խմբավորում է, մեծ աջակցություն, նաև ֆինանսներ ունի: Այդ խմբավորման կողմից ոճրագործություններն իրականացնելու հատուկ նպատակ ունեն, և տարածաշրջանի ապագայի անվտանգությունը վտանգված է, այդ թվում նաև այն երկրների, որոնք աջակցում են այդ խմբավորմանը: «Դաեշի» ներկայացուցիչները ներկայացնում են տարբեր ազգություններ, խմբավորման անդամների 40%-ը եկել է ԱՄՆ-ից ու եվրոպական երկրներից, նրանց վերադարձը այդ երկրներ անվտանգության սպառնալիք է լինելու այդ երկրների համար»,- ասաց դեսպանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարդացեք նաև