Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Շանթ և ընկերներ» գործով դատական նիստը (նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյան): Ընթանում է տուժողների քննությունը:
Շարունակում է վկայություններ տալ նաև «հրեշտակների» 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, գործով տուժող ճանաչված Գեղամ Խաչատրյանը: Խաչատրյանն իր ցուցմունքում վկայել է, որ որովայնի վնասվածքը ստանալու պահը թեև հիշում է, բայց չի կարող ասել, թե ով է հարվածել իրեն կամ ինչի արդյունքում է ստացել նման վնասվածքը: Սակայն նշում է, որ գլխի վնասվածքը հստակ հասցրել է անչափահաս ամբաստանյալ Շահեն Հարությունյանը:
Խաչատրյանը նշել է նաև, որ իրեն հարվածողներից և ոչ մեկին մինչ դեպքի օրը չի ճանաչել:
Փաստաբան Արա Զաքարյանը հարց ուղղեց Գեղամ Խաչատրյանին, որը նշել է, թե առաջինն իրեն հարվածել է Շանթ Հարությունյանը: Խաչատրյանը նշել է, որ ինքը քաղաքավարի մոտեցել է, հանգիստ դիմել Շանթին և պահանջել ազատել փողոցը: Սակայն Շանթը եղել է շատ ագրեսիվ և հարվածել է:
Պաշտպան Զաքարյանը նշեց, որ տեսագրությունից պարզ երևում է, որ տուժող Խաչատրյանը վազել է Շանթ Հարությունյանի հետևից և քաշքշել նրան: Տեղից Շանթ Հարությունյանը գոչեց. «Ինքը ասաց՝ ես Թուրքիայի շպիոն եմ` եկել եմ հայերին սպանեմ, ես էլ փայտով տվեցի գլխին»:
Կարդացեք նաև
Շանթ Հարությունյանն անընդհատ ցանկանում էր հարց հնչեցնել, բայց թույլ չէին տալիս: Նա էլ վրդովվեց՝ «Թողեք, ես էլ հարց տամ, ի՞նչա ձայնազրկության տեղ ա էս»: Այնուհետև ընկերներին հորդորեց տուժողներին քիչ հարցեր տալ. «Սա քաղաքական պատվեր է, քիչ հարցեր տվեք տուժողին, ձեզ թվում է, որ ապացուցեցինք, մեզ թողելու են գնանք տո՞ւն»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ