Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ խմբակցության ղեկավարը խիստ հիասթափված է ընդդիմությունից. «Հայոց աշխարհ»

Հուլիս 18,2014 12:59

ՀՀԿ խմբակցության ղեկավար  Վահրամ Բաղդասարյանը խիստ հիասթափված է ընդդիմությունից. «Ես ավելի մեծ սպասելիքներ ունեի ընդդիմությունից, եւ դա գաղտնիք չէ, քանի որ ժամանակին արտահայտել եմ իմ կարծիքն այդ մասին»: Բաղդասարյանը հիշեցրեց. քառյակը, երբ հանդես եկավ հայտնի 12-կետանոց առաջարկներով, ինքն անձամբ դրական արձագանքեց նրանց քայլին, ավելին՝ ողջունեց ընդդիմության համախմբումը՝ այն համոզմամբ, որ հետայսու ականատես է լինելու առավել գաղափարական ու կառուցողական գործելաոճի:

«Քաղաքական մեծամասնությունը մեծ ակնկալիքներ ուներ, որ կառուցողաբար տրամադրված ընդդիմության հետ մեծ գործեր կարող ենք կատարել ի նպաստ մեր երկրի, ի նպաստ քաղաքական դաշտի կայունացման»,- ընդգծեց մեր զրուցակիցը: Մինչդեռ քառյակը՝ իր ընդդիմադիր ու «այլընտրանքային» բաղադրիչներով, հանկարծ մտափոխ եղավ. «Ճանապարհի կեսից ինչ-որ բան միանգամից փոխվեց, եւ նրանք որդեգրեցին կոշտ` կացնային քաղաքականություն»: Իսկ կոշտությունը դրսեւորվեց նրանում, որ քառյակը, իշխանության աշխատանքները ձախողելու նպատակով, սկսեց դիմել տարբեր քայլերի. ամեն ինչ արվում էր քվորում չապահովելու, կառավարության ծրագրի ընդունումը ձախողելու, հրավիրված արտահերթ նիստերը տապալելու, մի խոսքով, խորհրդարանի բնականոն աշխատանքը խափանելու համար:

Վահրամ Բաղդասարյանը ցավով է հիշում՝ ընդդիմությունը շատ հաճախ այնքան էր շեղվում օրենսդիրին վայել իր աշխատանքից, որ քննարկումները միտումնավոր վերածում էր «մի այլ բանի», օրենսդրական աշխատանքի հետ տրամաբանորեն ոչ մի առնչություն չունեցող «բազարի», ուր իշխողը մեկմեկու հայհոյելու ու սրտի ուզածի չափ դիմացինին վիրավորելու ցանկությունն էր: «Քառյակի վարքը հանգեցնում էր նրան, որ ամբողջ դահլիճը մի պահ շեղվում էր քաղաքական քննարկումներից» ու տեղափոխվում մեկ այլ՝ «ռազբոռկաների» դաշտ, ուր սկսվում էր անձնական փոխհարաբերությունների ճշտումը:

Բայց այսքանով ամեն ինչ չի ավարտվում, պատգամավորը դարձյալ հիշեցնում է, որ այս ամենին զուգահեռ որոշ ընդդիմադիրներ առիթ էին փնտրում, որ փողոցում հավաքված խմբերի միջոցով նոր կրքեր բորբոքեին ու դրանք տեղափոխեին խորհրդարանի պատերից ներս. «Սա պառլամենտական կեցվածք չէ, սա ճիշտ գործելաոճ չէ, մերժելի է ոչ միայն քաղաքական մեծամասնության, այլեւ ցանկացած առողջ մտածողության տեր ընդդիմադիր գործչի կողմից: Չէ՞ որ քաղաքական վեճերը պետք է ծավալվեն միայն խորհրդարանում ու հանգուցալուծվեն դարձյալ խորհրդարանում»:

Խոստովանում է՝ քառյակի նման քայլերը շատ վատ ազդեցություն գործեցին ԱԺ բնականոն աշխատանքի վրա, բայց. «Բարեբախտաբար քաղաքական մեծամասնությանը հաջողվեց դուրս գալ այդ իրավիճակից: Արդյունքում գարնանային նստաշրջանը արդյունավետ ավարտ ունեցավ, ու չխաթարվեց կառավարության գործունեությունը»:

ՀՀԿ խմբակցության ղեկավարի ցանկությունն է, որ եկող նստաշրջանները զերծ մնան նման լարված ու անառողջ իրավիճակներից, եւ օրենսդիրում երբեւէ չտիրեն փողոցային տրամադրություններն ու գործելաոճը:

Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

ՀՀԿ գործիչները եւ ընդդիմադիր պատգամավորը Ֆրանսիայի դեսպանատանը: Լուսանկարը՝ «Պեռնո Ռիկար Արմենիա» ընկերության

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031