Արմեն ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ
ԳԻՐՔ ՏԱՍՆՅՈԹԵՐՈՐԴ
Գլուխ ութերորդ
Կարդացեք նաև
ՍՈՒՍԼՈՎԻ ՊԱՏՃԱՌՈՎ
Եվ արդեն օդանավակայանի սպասասրահում՝ մեր ճամպրուկներին սպասելիս, մտածելով հիշում էի, որ, այնուամենայնիվ, տիկին Մարոն մեզ իր հրաշապատումները ներկայացնելիս՝ մի քանի անգամ նաեւ Քոչինյանին է անդրադարձել, եւ, ըստ էդ անդրադարձներից մեկի, Կարեն Սերոբիչն Անտոն Երվանդիչին չէր ընդունել, երբ վերջինս մտադրվել էր առաջինից «Ինտուրիստի» տնօրենի պաշտոնը խնդրել, եւ Դեմիրճյանի ու Քոչինյանի հետ կապված էդ մանրամասնը շատերից էի լսել, որովհետեւ, չնայած նոր էի ամուսնանում, Գեւորգ Հայրյանի պես նախկին պաշտոնյա լիքը ծանոթներ ունեի ու էս կյանքից լիքը էդպիսի կուսակցական մանրամասներ գիտեի, բայց վերջերս, երբ էս հատվածս էի սկսել ու էս առթիվ ուզում էի Դեմիրճյանի ու Քոչինյանի հետ կապված էդ մանրամասները վերջնականապես ճշտել, միանգամայն այլ բան պարզեցի. պարզեցի, որ Դեմիրճյանը Քոչինյանի գահընկեցությունից հետո Քոչինյանին ոչ միայն ընդունել է, այլեւ Անտոն Երվանդիչին չափազանց ջերմ ընդունելով՝ վերջինիս համոզել է ձեռ քաշել «Ինտուրիստի» տնօրենի պաշտոնից եւ Հանրապետության Անտառտնտեսության պետական կոմիտեի նախագահի պաշտոնն ստանձնել, եւ Անտոն Երվանդիչը հաճույքով ու մեծ սիրով համաձայնվել է, մանավանդ որ՝ Կարեն Սերոբիչը Քոչինյանին հորդորելով ու համոզելով՝ վստահեցրել ու հավատացրել է, որ Հայաստանում ոչ ոք էդ պաշտոնից ավելի լավ գլուխ չի հանի, քան՝ Անտոն Երվանդիչը, եւ էս մանրամասները Մանուկյան Ջոնից ճշտեցի ու իմացա, որովհետեւ Հայրյանն ու իր կուսակցական արբանյակները վաղուց էն աշխարհում են, եւ էս աշխարհում արդեն իրենց սերնդակիցներից որեւէ մեկը չկա, որից կարողանայի Դեմիրճյանի ու Քոչինյանի հետ կապված էդ մանրամասները ճշտել, եւ չնայած Մանուկյան Ջոնն իրենց սերնդակիցը չի, Ջոնն էնպիսի մարդկանց հետ է մոտիկություն արել ու անում, որոնք անհնարին է, որ էդ տեսակ մանրամասները չիմանան, եւ չնայած Մանուկյան Ջոնն էն ժամանակ էլ ու հիմա էլ չափազանց հակասովետական անձնավորություն է եղել ու կա, այդուհանդերձ, Սովետական միությունն ու սովետական իշխանություններին ամբողջ հոգով ատելով հանդերձ, չափազանց խորը ակնածանքով է վերաբերվում առանձին սովետական գործիչներին ու մանավանդ Հայկոմկուսի առաջին դեմքերին, եւ վերջիններիս անձնական կյանքից էնպիսի հազվագյուտ մանրամասներ գիտի, որ նույնիսկ էդ երեւելի դեմքերի ամենամոտիկներն ու հարազատները չեն իմացել, ու էդ առումով Ջոնը մշտապես ապավինել ու ապավինում է Ամենագետ Լիպոյի գիտելիքներիին ու իմացությանը, բայց Ջոնը Ջոն չէր լինի, եթե չկարողանար Լիպոյի եւ ուրիշների գիտելիքներն ու իմացությունն իբրեւ սեփական գիտելիք ու իմացություն ներկայացնել, եւ դա է պատճառը, որ էսպիսի դեպքերում ու էսպիսի հարցերով մարդիկ շատ հաճախ ոչ թե Լիպոյին կամ ուրիշներին են դիմում, այլ՝ հենց Մանուկյան Ջոնին, եւ Ջոնն էլ էսպիսի դեպքերում միանգամայն սիրով ու պատրաստակամությամբ է պատասխանում ցանկացած՝ թեկուզեւ ամենաբարդ ու ամենակնճռոտ հարցիդ, եւ մի քանի օր առաջ, երբ Կարեն Սերոբիչի ու Քոչինյանի հետ կապված էդ հարցը Ջոնին տվեցի, ավելի քան վստահ էի, որ Ջոնից միանգամայն սպառիչ պատասխան կստանամ, եւ Դեմիրճյանի ու Քոչինյանի հետ կապված էս հարցում հենց էդպես էլ եղավ, եւ չնայած նախկինում շատերից էի լսել, որ Դեմիրճյանը Քոչինյանի գահընկեցությունից հետո Քոչինյանին չի ընդունել ու վերջինիս փափագած «Ինտուրիստի» տնօրենի պաշտոնը վերջինիս չի տվել, Ջոնն ինձ միանգամայն այլ բան ասաց, այն է՝ Կարեն Դեմիրճյանն Անտոն Քոչինյանին ոչ միայն խորին հարգանքով ու մեծարանքով է իր կաբինետում ընդունել, այլեւ, մեծարանքով ու խորին հարգանքով ընդունելով հանդերձ, անհամեմատ հետաքրքիր ու Քոչինյանին առավել սազական՝ Հանրապետության Անտառտնտեսության պետական կոմիտեի նախագահի պաշտոնն է առաջարկել, եւ Քոչինյանն էլ սիրով ու հաճույքով համաձայնվելով՝ համբերությամբ սպասել է՝ մինչեւ Դեմիրճյանը համապատասխան հրամանը տա, բայց էդ հրամանն էդպես էլ երբեւէ չէր տրվել, որովհետեւ ԽՍՀՄ կենտկոմի քարտուղար Սուսլովը կտրուկ դեմ էր եղել Քոչինյանի նշանակմանը, եւ եթե ձեզ համար ինչ-որ բան անհասկանալի մնաց, բացատրելով ավելացնեմ, որ հանրապետական նշանակության նախարարների ու պետական կոմիտեների նախագահների հրամանների վրա ԽՍՀՄ Կենտկոմի քարտուղարների մակագրությունները պարտադիր էին, եւ եթե մյուս քարտուղարներն էդ հարցին ձեւականորեն մոտենալով՝ Քոչինյանի էդ նշանակման հրամանն անխոս մակագրել էին, անձամբ Սուսլովը չէր մակագրել եւ, փաստորեն, մերժել էր, եւ երբ Կարեն Սերոբիչը երկրորդ անգամ էր Քոչինյանի էդ, ուրեմն, հրամանը ներկայացրել, երկրորդ անգամ Սուսլովն անհամեմատ խիստ ու անհամեմատ կոպիտ էր մերժել՝ Կարեն Սերոբիչին հասկացնելով, որ Քոչինյանի պատճառով իրեն վտանգի չենթարկի, եւ սա անձամբ Մանուկյան Ջոնի տարբերակն է, ավելի ճիշտ՝ էս տարբերակն անձամբ Մանուկյան Ջոնը լսել էր անձամբ ակադեմիկոս Քոթանյանից, որը Մանուկյան Ջոնի հեռավոր ազգականն էր եւ Ջոնի հեռավոր ազգականը լինելով՝ անձամբ Մանուկյան Ջոնի հետ շատ մոտիկ էր, եւ չնայած Քոչինյանի տարեկիցներից շատերը պնդում էին թե՝ Դեմիրճյանը գահընկեց Քոչինյանին ոչ միայն պաշտոն չի առաջարկել, այլեւ վերջինիս չի էլ ընդունել, այդուհանդերձ, ես հակված եմ Մանուկյան Ջոնի էս միանգամայն նոր ու միանգամայն անշառ տարբերակին հավատալ, որովհետեւ էս տարբերակով Կարեն Սերոբիչը միանգամայն դրական լույսի ներքո է մեզ ներկայանում, եւ դա ոչ միայն Ջոնին, Օրթախ Աբոյին ու Դեմիրճյանի այլ համակիրներին է ձեռնտու, այլեւ՝ անձամբ ինձ, որովհետեւ էս երկրային կյանքում ինձ էլ է բախտ վիճակվել անձամբ ճանաչել Կարեն Սերոբիչին:
Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ