«Զենքն ու սպառազինությունը երբեք անվտանգության գործոն չեն կարող լինել: Խաղաղ գոյակցության պայմանն այն է, որ բոլորը ցանկանան, որ խաղաղություն լինի: Կարո՞ղ եք մի երկիր ցույց տալ, որն անվտանգության հասած լինի կուտակված զենքի կամ զանգվածային անվտանգության զենքերով: Նման բոլոր երկրների անվտանգությունը ցածր մակարդակի վրա է: Որեւէ երկրի համար անվտանգություն չեն ապահովի անմեղ մարդկանց կոտորածները եւ ոչնչացումներ»,- այսօր Մամուլի ազգային ակումբում հայտարարեց հանդիպման ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսին: Դեսպանն արձագանքում էր տարածաշրջանի սպառազինությանը վերաբերվող լրագրողներից մեկի դիտարկմանը ու մասնավորաբար այն հանգամանքին, որ Ադրբեջանը 5 միլիարդ դոլարի զենք է ձեռք բերել ՌԴ-ից, 1,5 միլիարդի պայմանավորվածություն ունի Իսրայելի հետ:
Դեսպանը համոզված է, որ անվտանգությունը բերում են երկխոսությունն ու փոխադարձ պայմանավորվածությունները. «Բոլոր երկրներին, մեր հարեւան երկրներին խորհուրդ ենք տալիս խաղաղ ճանապարհով հարցերը լուծեն: Մենք ութ տարի պարտադրված պատերազմի մեջ ենք եղել: Պատերազմը պարտադրվեց մեզ, որպեսզի չեզոքացնեին մեր հեղափոխության հաղթանակը: Անկախության համար պետք է մեծ գին վճարել, մենք մեր անկախության համար բավական մեծ գին ենք վճարել»:
Ընդհանուր առմամբ, սպառազինության մասով, դեսպանն այն կարծիքին է, որ «բոլորն իրենց բիզնեսի ետեւից են ընկել» եւ ուզում են գործարաններում կուտակված սպառազինությունը վաճառել: Բայց որ այդ զենքը որեւէ ապահովություն չի բերելու եւ եթե դրանք կրակեն խնդիր են ունենալու նաեւ զենք վաճառող երկրները, դեսպանը համոզված է:
Հարցին`Ադրբեջանը մշտապես հանդես է գալիս ռազմատենչ հայտարարություններով, Իրանը դատապարտո՞ւմ է Ադրբեջանի նման կեցվածքը, դեսպան Ռեյիսին պատասխանեց. «Մեր հարեւաններին միշտ կոչ ենք արել`հարգալից տոնով խոսել: Միմյանց հարգելն էլ կնպաստի բանակցությունների դրական ելքին»:
Կարդացեք նաև
Դիտարկմանը, որ միջազգային հանրությունն Ադրբեջանին շատ բան է ներում, դեսպանն արձագանքեց. «Եթե միջազգային հանրությունն արդարությունը պահպանի, երբեք ավելորդ խնդիրներ չեն լինի»:
Նա հայ-ադրբեջանական թեմայից սահուն անցավ նրան, որ միջազգային հանրությունն Իրանին մեղադրում է մարդու իրավունքների խախտման մեջ, մինչդեռ իրենց դաշնակիցներին շատ անմակարդակ պահվածքի առջեւ աչք են փակում: Դեսպանը համաձայնեց դիտարկմանը, որ հաճախակի կրկնակի չափանիշներ են կիրառվում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ